Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարզական և կաշվե կոպիտ Կ-ների խնամքի համար նախատեսված միջոցներին, թաղանթագոյացնող նյութերից և լուծիչներից բացի, ավելացնում են ծովային կաթնասունների ճարպ և ձկան յուղ։ Դրանք Կ. դարձնում են ավելի փափուկ, ճկուն, իսկ դրանց գոյացրած թաղանթն օժտված է ավելի բարձր ջրակայունությամբ, քան սովորական փայլաքսուքներինը։ Կ. ջրակայուն դարձնելու համար կարելի է օգտագործել ձյութ, ձկան յուղ կամ գերչակի ձեթ, որոնցով կաշին տոգորելուց հետո բարակ շերտով քսում են Կ-ի սովորական փայլաքսուք։

Թավշակաշվե Կ-ի մաշափայլ մասերի նորացման համար անհրաժեշտ է կոշտ խոզանակով մաքրել փոշին ու կեղտը, ապա տրորել կերակրի չոր աղով կամ մաքրել թանաքի ռետինով։

Լաքապատ կաշվե Կ-ին, հատուկ պատրաստուկներով կամ փափուկ լաթով մաքրելուց հետո, քսում են գերչակի ձեթ և մաքրում փափուկ լաթով։ Թողարկում են նաև Կ-ի ինքնափայլ միջոցներ։

Կ-ի խնամքի օժանդակ միջոցներից են կաշվի ներկերը և լաքերը, դրանց հեռացման միջոցները, ջրամերժ տոգորանյութերը, Կ-ի լայնացման, ներքին մակերևույթի հոտազերծման միջոցները ևն։ Տնային պայմաններում Կ. ներկելու համար թողարկում են նիտրաարծնային ներկայնութեր (տարբեր գույների)։ Ռետինե Կ-ի փայլը պահպանելու համար խորհուրդ է տրվում այն լվանալ գոլ ջրով, ապա չորացնել և տրորել գլիցերինով (մի քանի կաթիլ) թրջած փափուկ լաթով։

ՀԱԳՈՒՍՏ, սերտորեն կապված է նորաձևության հետ, որն արտացոլում է գեղեցկության մասին որոշակի, տվյալ ժամանակաշրջանին և հասարակական պայմաններին բնորոշ պատկերացումները։ Հասարակության զարգացմանը զուգընթաց այդ հայացքները փոփոխվում են, հետևաբար, փոփոխվում է և նորաձևությունը։ Հ. ընտրում են ըստ ճաշակի և նորաձևության։ Ճաշակով հագնվելը յուրատեսակ արվեստ է։ Դրան հասու լինելու համար բավական չէ գիտենալ նորաձևության պահանջները (նորաձևության հանդեսներից և պարբերական հրատարակություններից), անհրաժեշտ է նաև մշտապես կատարելագործել և զարգացնել ճաշակը։ Այդ գործում մեծ դեր են խաղում մարդու ընդհանուր բարեկրթությունը, բարոյագիտական և բարոյական սկզբունքները, նրա գեղարվեստական հետաքրքրություններն ու հակումները։

Հ-ի հարցում լավ ճաշակի առավել տարածված չափանիշ է բարեձևությունը (նրբագեղությունը)։ Այս հասկացությունն առաջին հերթին պայմանավորված է Հ-ի գույնի և ձևի կանոնավոր ներդաշնակությամբ, այսինքն, զգեստը կոշիկի, գլխարկի, պայուսակի, ձեռնոցների հետ համակցելը։ Զգեստի նրբագեղությունը դրվագման, առանձին տարրերի, զարդարանքի, համակցվող գույների քանակի և բնույթի չափի պահպանումն է։ Նրբագեղության հեշտ է հասնել երանգային և մերձավոր (բաց դարչնագույնը շագանակագույնի, երկնագույնը կապույտի), ինչպես նաև մեղմ (նուրբ դեղին, վարդագույն, բաց կանաչ, արծաթամոխրագույն, բաց մանուշակագույն) գույների համակցմամբ։ Նրբագեղ է համարվում նաև սև կամ կապույտ գույների համադրումը սպիտակի հետ։

Բարեձևությունը ոչ միայն Հ-ի գեղեցկությունն է, այլ կոնկրետ պայմաններում դրա կիրառության պատշաճությունը՝ մարդու զբաղմունքին, տարիքին համապատասխանությունը ևն։

Հ-ի նկատմամբ ճաշակը և վերաբերմունքը պետք է զարգացնել մանկուց։ Երեխաների ճաշակը դաստիարակվում է երեխայի համար Հ-ի ճիշտ ընտրությամբ և միաժամանակ ծնողների Հ-ի օրինակով։

Հ. կարելի է բաժանել մի քանի խմբերի. ամենօրյա աշխատանքային և տնային, տոնական և հանդիսավոր, մարզական պարապմունքների և քաղաքից դուրս հանգստի։ Կա նաև սեզոնային և հատուկ արտադրական Հ.։

Ամենօրյա Հ-ի համար խորհուրդ են տրվում բազմատեսակ գործվածքներ, տրիկոտաժե կտավ կամ այլ նյութեր, այդ թվում բնական կամ արհեստական կաշի կամ թավշակաշի, արհեստական մորթի, տարբեր նյութերի համակցումներ։ Նախընտրելի են մուգ և բաց երանգների, ոչ խոշոր և մանր նախշերով (զոլավոր կամ վանդակավոր) գործվածքները։

Տնային Հ. սովորաբար կարում են բամբակե, շտապելային, կիսաբրդե, հարթ կամ խավավոր մակերևույթով, նուրբ երանգներով, քիմիական մանրաթելերով գործվածքներից։ Կարող են օգտագործվել պտավոր, զոլավոր, վանդակավոր դասական նախշերով գործվածքները։ Այդպիսի Հ. պետք է ունենա պարզ դրվագում, երիզաժապավեններ, տրեզներ, հյուսած դետալներ, թեզանիքներ, օձիքներ։ Տան համար կանանց խորհուրդ են տրվում շրջազգեստներ, բլուզներ կիսաշրջազգեստների կամ տաբատների զուգակցությամբ, շրջազգեստ-խալաթներ, գոգնոց։ Ցանկալի է ունենալ նաև հանգստի ժամերին հագնելու տնային բարետես Հ.։ Այն կարող է լինել ուղիղ ձևվածքով շրջազգեստ, երկար կիսաշրջազգեստ (ձմռանը տաք, ամռանը թեթև և վառ գույների), տաբատ, բլուզ, բաճկոնակ կամ ժակետ մգդակված երկու ոչ թանկարժեք գործվածքներից այնպես, որ հնարավոր լինի հագնել երկու երեսից։ Տնային ժամանցի համար հարմար են շալերը, գլխաշորերը։

Տան համար տղամարդկանց խորհուրդ են տրվում գոտիով կամ օղլակով, ուղիղ, ազատ բաճկոններ, բամբակե, ֆլանելե, վելվետե, վուշե ազատ վերնաշապիկներ։ Ամառային Հ. կարող է լինել ավելի բաց և վառ գույների (զոլավոր, վանդակավոր), քան ձմեռայինը։ Տնային տաբատները կարելի է կարել ջինսե, շտապելային, կիսաբրդե կամ վելվետե միագույն, ոչ թանկարժեք գործվածքներից։ Ցուրտ եղանակին հարմար են ինչպես հյուսած, այնպես էլ վատինով կամ սինթետիկ բամբակով մգդակած, նուրբ միագույն գործվածքներից կարված բաճկոնները կամ բաճկոնակները։ Տարեց տղամարդկանց խորհուրդ են տրվում շագանակագույն, մոխրագույն, բաց դարչնագույն, կապույտ, երիտասարդներին նաև կանաչ (մուգ կամ բաց խակի), մուգ կարմիր, բաց մանուշակագույն գույները։

Աշխատանքային Հ. կարում են ցանկացած գործվածքից և նյութերից, բացառությամբ դիպակի, մետաքսաթավշի, փայլուն թելով (լյուրեքս, ռեքսոր ևն) տրիկոտաժե գործվածքի։ Կանանց համար հատկապես հարմար են կոստյումները և լրակազմերը, որոնք աշխատանքային շաբաթվա ընթացքում կարելի է տարափոխել։

Հ-ի երկարությունը և համաչափությունը կախված է կնոջ տարիքից, հասակից, կազմվածքից։ Ավանդական են կոստյումները, շրջազգեստները, շրջազգեստ-կոստյումները։ Կոստյումը կարելի է կարել մեկ կամ երկու-երեք հարմար