Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուրաքանչյուր 2-րդ շարքից հետո 6 անգամ պետք է փակել 5-ական (հաշվարկային 4 հատ և 1 հատ մնացորդից) և 3 անգամ 4-ական հատեր։ Այս նույն սկզբունքով պետք է իրականացնել նաև հատերի ավելացումը։

Խորհուրդ է տրվում բոլոր հաշվարկները գրանցել ձևվածքի վրա (նկ. 15, ա)։ «-» (կամ «+») նշանակում է պակասեցում (կամ ավելացում)։ Առաջին թիվը ցույց է տալիս պակասեցումների (ավելացումների) թիվը, երկրորդը՝ միանգամից պակասեցվող (ավելացվող) հատերի թիվը, երրորդը՝ պակասեցումների (ավելացումների) միջև շարքերի թիվը։ Եթե պակասեցումը (ավելացումը) կատարվում է 2 շարքը մեկ (այսինքն 2 շարքից հետո), ապա գրանցվում է միայն երկու թիվը (նկ. 15, բ)։ Կանոնավոր գիծ ստանալու համար ավելի լավ է ոչ թե հատերը փակել, այլ հավասար թվով ասեղներ դեպի վերին ռելս դուրս քաշել, դրանով իսկ, կարծես թե հանել աշխատանքից։ Այսպիսով, ուսագիծ հյուսելիս, սայլակի հանդիպակաց կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 6 անգամ 5-ական և 3 անգամ 4-ական ասեղ։ Այս եղանակը կոչվում է մասնակի հյուսում։

Մասնակի հյուսումը կիրառվում է հորիզոնական երկարացումներ (սեղմոններ, ուսի թեքություններ, զուգագուլպաների, ռետուզների, տաբատների հետնամասի երկարացում), բարդ ուրվագծեր (վզի կլոր բացվածք, թևքի կորագիծ, թևքատեդի սահուն բացվածք), ինչպես նաև գունավոր թեք զոլեր, շեղանկյունաձև և անկյունաձև նախշեր ստանալու համար։ Տարբերում են մասնակի հյուսման երկու եղանակ՝ շարքում աշխատող ասեղների թվի պակասեցմամբ և ավելացմամբ։

Մասնակի հյուսում բանող ասեղների քանակի փոքրացումով։ Նմուշի համար հավաքում են 30 հատ և հյուսում 2 շարք։ Սայլակը և թելերը տեղավորում են ձախ կողմում, բոլոր ասեղները աշխատանքային դիրքում։ Ըստ հաշվարկի անհրաժեշտ թվով ասեղներ (օրինակ, 3) դեպի վերին ռելս են դուրս քաշում գործվածքի աջ եզրից (սայլակի հանդիպակաց կողմից)։ Թելն անցկացնում են բանող ասեղների կեռիկների վրայով և դարս քաշված ասեղների (նկ. 16, ա) կամ անմիջական հարևան դուրս քաշված ասեղի տակով և հյուսում 1 շարք. Որպեսզի գործվածքի վրա անցքեր չգոյանան, թելը պետք է բռնել հարևան ազատ ասեղով (աջից 3-րդ, նկ. 16, բ), այնուհետև անցկացնել բանող ասեղների կեռիկներով և հյուսել 2-րդ շարքը։ Սայլակն աջ կողմում է։ Աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում ասեղների հաջորդ խումբը և կրկնում նկարագրված գործողությունները։ Երբ ձախից կմնա 3 ասեղ (նկ. 17), բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրք, հյուսում 2 շարք, այնուհետև փակում հատերը կամ շարունակում հյուսումը։ Ճիշտ նույն ձևով լրահյուսում են գործվածքի աջ եզրը, սայլակը աջ կողմում տեղավորելու համար նմուշը սկսում են 3 շարքով։

Եթե գործվածքը պետք է երկարացնել մեջտեղում, ապա ասեղները դուրս են հանում եզրերից՝ հաշվարկին համապատասխան։ Նմուշի համար պետք է հավաքել 31 հատ, հյուսել 4 շարք։ Սայլակը և թելը ձախ կողմում են։ Աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 2 ասեղ, աշխատանքային թելն անցկացնում բանող ասեղների կեռիկների վրայով և դուրս քաշած ասեղների տակով։ Հյուսում են մեկ շարք։ Սայլակն աջ կողմում է: Թելը բռնում են հարևան աջ ազատ ասեղով, ձախ եզրից դեպի վերին ռելս դուրս քաշում 2 ասեղ և հյուսում 2-րդ շարքը։ Թելը բռնում են հարևան ձախ ազատ ասեղով և նկարագրված գործողությունները կրկնում այնքան, մինչև որ կենտրոնում մնա 3 ասեղ։ Այսպիսով, գործվածքի միջնամասը լրահյուսված է (նկ. 18)։ Սայլակը ձախ կողմում է։ Աջ կողմից 14 ասեղ վերադարձնում են աշխատանքային դիրքի և հյուսում 1 շարք։ Սայլակն աջ կողմում է: Մնացած ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 1 շարք, փակում հատերը կամ շարունակում հյուսումը բոլոր ասեղներով։

Մասնակի հյուսում բանող ասեղների քանակի մեծացումով։ Նմուշի համար հավաքում են 30 հատ, հյուսում 2 շարք և բոլոր ասեղները դեպի վերին ռելս քաշում։ Սայլակը և թելը ձախ կողմում են։ Ձախակողմյան 3 ասեղ բերում են աշխատանքային դիրքի։ Հյուսում են մեկ շարք, թելը բռնում հարևան ազատ ասեղով (ձախից 4-րդ), հյուսում 2-րդ շարքը։ Սայլակը ձախ կողմում է։ Նկարագրված գործողությունները կրկնում են այնքան, մինչև բոլոր ասեղները բերվեն աշխատանքային դիրքի։ Այնուհետև հյուսում են 1 շարք և հատերը փակում (նկ. 19)։ Այդ նույն եղանակով կարելի է երկարացնել գործվածքի աջ կողմը։

Գործվածքի միջնամասը երկարացնելու համար ասեղները աշխատանքային դիրքի են բերում կենտրոնից դեպի եզրերը։ Նմուշի համար հավաքում են 31 հատ, հյուսում 2 շարք և թելը տեղափոխում կենտրոն։ Դրա համար սայլակի