սեղմակը և հակառակը)։ Սայլակի մեխանիզմը բոլոր ասեղները բերում է միջին ոչ աշխատանքային դիրքի և հատերը հանվում են հեշտությամբ։ Երբ անհրաժեշտ բոլոր ասեղները ազատված կլինեն, պետք է դրանք քանոնով վերադարձնել աշխատանքային դիրքի, իջեցնել սեղմակը և շարունակել հյուսումը։ Եթե ցանցկեն ծակոտիները կրկնվում են 2 շարքը մեկ, ապա սայլակի սեղմակը կարելի է չիջեցնել (օրինակ, «ցանց» հյուսելիս)։ Որպեսզի «ցանց» հյուսելիս գործվածքը չծռվի, հատերը մեկումեջ փոխադրում են հակադիր կողմը, օրինակ, կենտ տողերում՝ աջ, զույգ տողերում՝ ձախ։
Ցանցկեն հյուսվածքը կարելի է հակառակ երեսից խոնավ շորով արդուկել։
Հաշվարկելիս պետք է նկատի ունենալ, որ ցանցկեն հյուսվածքը ձգվում է։
Խիտ ոլորահյուսք։ Անհրաժեշտ թվով ասեղներ դեպի վերին ռելս են դուրս քաշում և մեկ կամ մի քանի շարք հյուսում՝ պահելով ասեղներն այդ դիրքում։ Այդ ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո կամ անմիջապես դուրս են քաշում ուրիշ ասեղներ կամ բոլոր ասեղներով հյուսում մեկ կամ մի քանի շարք, մինչև անհրաժեշտ թվով ասեղների դեպի վերին ռելս դուրս քաշումը։ Որոշ շարքերում այլ (մեկ կամ մի քանի) գույնի թել օգտագործելով կարելի է ստանալ գունավոր նախշ։ Որպեսզի գործվածքի եզրերը չթուլանան (հատկապես այն դեպքում, երբ դուրս քաշված ասեղները վերին ռելսի մոտ մնում են 4-6 և ավելի շարք հյուսելիս), սայլակի հանդիպակաց եզրի 2 ասեղները նույնպես դուրս են քաշում դեպի վերին ռելս։ Թելը բռնում են երկրորդ ասեղով։ Օրինակ, հավաքում են 19 հատ, հյուսում են 2 շարք։ Սայլակը ձախ կողմում է։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 6-րդ, 10-րդ, 14-րդ, 18-րդ և 19-րդ ասեղները։ Հյուսում են 3-րդ շարքը։ Սայլակը աջ կողմում է։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում 18-րդ և 19-րդ ասեղները։ Թելը բռնում են 2-րդ ասեղով։ Հյուսում են 5-րդ շարքը։ Սայլակը աջ կողմում է։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում 1-ին և 2-րդ ասեղները։ Սայլակը ձախ կողմում է։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի։ Հյուսում են 2 շարք։ Այնուհետև 3-րդ շարքից սկսած բոլոր գործողությունները կրկնում են։
Զուգակցելով տարբեր գույնի թելերը և ասեղների վերին ոչ աշխատանքային դիրքի բերելու հաջորդականությունը՝ կարելի է ստանալ անսահմանափակ քանակությամբ նախշեր։ Այս գործվածքն օգտագործվում է ինչպես շիտակ, այնպես էլ հակառակ երեսից։ Խիտ հյուսքով նախշերը մեծացնում են հյուսվածքի լայնությունը, այդ պատճառով էլ այն պատրաստվածքներում, որոնցում խիտ հյուսքով նախշերը և ուղիղ հյուսքի զոլերն իրար հաջորդում են, խիտ հյուսքով զոլերը պետք է հյուսել ավելի նոսր (փոքր խտությամբ)։ Դուրս քաշված ասեղների չհյուսված հատերը կարճացնում են գործվածքը, դրա համար էլ խիտ հյուսքով նախշերով ուղղաձիգ զոլերը հյուսում են ավելի մեծ թվով շարքերով։ Հաշվարկի ժամանակ բոլոր այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնել։ Գործվածքը միայն հակառակ երեսից են արդուկում խոնավ շորով։
Խաչվող հատերով նախշեր («ոլորներ», «հյուսեր»)։ Սովորական եղանակով կարելի է հատերը խաչել. 1x1, 2x2, 3x3 (եթե մանվածքը փափուկ է, իսկ գործվածքը հյուսվում է ազատ)։ Հատերը խաչելիս գործվածքն այդ մասում թիթեղների տակից անջատվում է։ Նախշերը կստացվեն ավելի ուռուցիկ, եթե երիզապատվեն թարս հատերով հյուսված զոլերով։ Աշխատանքը հեշտացնելու համար, հատերը խաչելիս, «հյուսի» երկու կողմերի ասեղներից մեկական հատ թափում են (ազատ ասեղները մնում են աշխատանքային դիրքում)։ Մեծ թվով հատեր, օրինակ 5x5, խաչելու դեպքում պետք է լրացուցիչ գործողություններ կատարել։ Այն շարքերը, որոնցում 10 ընտրված ասեղների հատերը խաչվելու են, ձեռքով 1 անգամ հյուսում են օժանդակ թելով, որը հյուսման ավարտից և թաց շորով արդուկելուց հետո վերացվում է, իսկ գոյացած կտրվածքի բաց հատերը խաչաձև միացնում են տրիկոտաժային կարով (վերևի կեսի 5 հատը միացնում են ներքևի աջ կեսի 5 հատին, իսկ վերևի աջ կեսի հատերը ներքևի ձախ կեսի հատերին)։ Գոյություն ունի նաև այլ տարբերակ։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում, աշխատանքային դիրքում թողնում խաչման համար նախատեսված 10 ասեղներից հինգը։ Այս ասեղներով հյուսում են 3-4 շարք (ուրիշ կծիկի թելով), դրանք դեպի վերին ռելս են դուրս քաշում, իսկ երկրորդ խմբի 5 ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և հիմնական թելով հյուսում 3-4 շարք։ 2 կարճ շյուղերի վրա 5-ական հատ են վերցնում և հատերի տեղերը փոխում (հատերը շյուղերից ասեղների վրա են փոխադրվում դեքերով)։ Հյուսումն ավարտելուց հետո աշխատանքային թելի ծայրը խնամքով ամրացնում են գործվածքի հակառակ երեսին։ «Ոլորներով» և «հյուսերով» գործվածքի լայնությունն անհրաժեշտ է մի փոքր մեծացնել։ Նախշի ուռուցիկությունը պահպանելու համար հակառակ երեսից խոնավ շորով արդուկելիս արդուկը պետք է գրեթե չկպչի գործվածքին։ Բոլոր նմուշները հյուսում են ըստ բերված սխեմաների։
Հյուսքի նմուշներ :
Նկ. 31։ Հատերի թիվը բաժանում են 7-ի, ավելացնում ձախից 1 հատ (համաչափության համար) և մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 17 հատ։
Նկ. 32։ Հատերի թիվը բաժանում են 6-ի, ավելացնում աջից 3 հատ (համաչափության համար) և 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 19 հատ և հյուսում 6 շարք։ Առաջին շարքի 3-րդ և 5-րդ հատերը 6-րդ շարքից փոխադրում են 7-րդ շարքի 4-րդ ասեղի, 9րդ և 11-րդը 10-րդ, 15-րդ և 17-րդ հատերը 16-րդ ասեղների վրա։ Նախշը կրկնում են շախմատային կարգով։
Նկ. 33։ Հատերի թիվը բաժանում են 6-ի, ամեն կողմից ավելացնում 2-ական եզրահատ։ Հավաքում են 16 հատ։ Համաչափության համար կարելի է աջից ավելացնել 3 հատ։
Նկ. 34։ Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում ձախից 2 եզրահատ։
Նկ. 35։ Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում են 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 20 հատ։ Նախշը կարելի է հյուսել մի գույնի թելով։
Նկ. 36։ Հատերի թիվը բաժանում են 9-ի, ավելացնում 4 հատ աջից (համաչափության համար) և 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 17 հատ։