դուրս են բերում շիտակ կողմը առաջին աջ հատի միջով։ Ասեղն անցկացնում են հակառակ երեսը, 1-ին հատը աջ կողմով դուրս բերում 2-րդ աջ հատի միջով, անցկացնում հակառակ կողմը 1-ին հատի միջով ևն։ Բոլոր հատերը (աջից ձախ) ամրացնելուց հետո շուլալակարը քանդում են և օժանդակ թելն արձակում (այն տեղերում, որտեղ օժանդակ թելը մնացել է կարի տակ, պետք է թելը խնամքով կտրել)։ Գործվածքի հակառակ երեսին մնում է նկատելի կար, որին ամրացնում են երիզաժապավենի երկրորդ եզրի սկզբնական շարքի հատերը։
Եթե անհրաժեշտ է, որ գործվածքի հակառակ երեսին կարն աննկատ լինի (օրինակ, երկերես պատրաստվածքներում), ապա պետք է ասեղն անցկացնել գործվածքով, առանց այն ծակելու։
Կտրվածքներ կոճակների և գրպանների համար։ Հորիզոնական կտրվածքների համար օժանդակ թելն անցկացնում են անհրաժեշտ թվով (կախված կտրվածքի երկարությունից) կեռիկների վրայով և ձեռքով հյուսում 1 շարք (նկ. 30)։ Այնուհետև հյուսում են բոլոր ասեղներով։ Պատրաստի գործվածքը թաց շորով արդուկում են, օժանդակ թելը հեռացնում, կտրվածքների եզրերը մշակում հետևյալ կերպ․ միտակ հյուսվածքների բաց հատերն ամրացնում են հատակցման կարով, շրջակարում, կամ էլ հյուսում հելունով։ Երկտակ գործվածքի դեպքում բաց հատերը կարում են տրիկոտաժային կարով կամ շրջակարում (զույգ հատերը 2 անգամ բռնելով)։
Ուղղաձիգ կտրվածքներ ստանալու համար պետք է հյուսել երկու կծիկով։ Կտրվածքի բարձրությանը համապատասխան թվով շարքեր հյուսելուց հետո մի կծիկով հյուսում են բոլոր ասեղներով։ Գործվածքի յուրաքանչյուր մասը կարելի է հյուսել առանձին կտրվածքի մյուս կողմի ասեղները դեպի վերին ռելս դուրս քաշելով։
Նախշեր հարթ հյուսքի մեքենայով․ ուղիղ հյուսքից բացի, ձեռքով կարելի է բազմաթիվ նախշեր ստանալ։ Ստորև բերվում են հյուսքի նմուշների սխեմաների պայմանական նշանակումները։
Նկարի (նախշի) կրկնվող մասը կոչվում է կրկնանախշ (ռապորտ)։ Նախշերի նկարագիրը պետք է կարդալ ներքևից վերև և ձախից աջ։ Ուղղաձիգ գծից ձախ գտնվող թվանշանները ցույց են տալիս տողի կարգահամարը, իսկ աջ գտնվող թվանշանները շարքերի թիվը, որը հյուսում են ինչպես ցույց է տրված տվյալ տողում։ Ներքևի հորիզոնական գծի տակ գտնվող թվանշանները ցույց են տալիս նմուշը հյուսելու համար անհրաժեշտ ասեղների թիվը։
Օրինակ, 5-րդ շարքը հյուսել 1-ին շարքի նման (որպես առաջին շարք)։
Ցանցկեն նախշեր։ Եթե հատը ասեղից փոխադրենք հարևան ասեղի վրա (ձախ կամ աջ), իսկ ազատ ասեղը թողնենք աշխատանքային դիրքում, ապա հաջորդ երկու շարքերում այդ ասեղի տեղում կգոյանա ծակոտի։ Ուղղաձիգ դասավորված ծակոտիներ ստացվում են, երբ այդ նույն ասեղից երկու շարքը մեկ հատը հանում են և հարևան ասեղի վրա փոխադրում։ Հորիզոնական ուղղությամբ մեծ քանակությամբ ծակոտիներով նախշ հյուսելիս, այն շարքերը, որոնցում հատը փոխադրվում է հարևան ասեղի վրա, պետք է հյուսել բարձրացված սեղմակով (եթե սայլակը շարժվում է դեպի աջ, ապա բարձրացվում է ձախ