Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շիկացման լամպերի համեմատությամբ Լ. լ-երն ավելի խնայողական են, քանի որ ունեն 7-8 անգամ ավելի շատ լուսատացք (1 Վտ սպառվող հզորությանը համապատասխանող լուսային հոսքը), ծառայության ավելի մեծ ժամկետ (մի քանի հազար ժամ) և տալիս են նրբորեն ցրված լույս, որն ավելի քիչ է աչք շլացնում և տեսողության հոգնածություն առաջ բերում։

Լ. լ-երի (հատկապես ԲԳԼ և ՑԳԼ տեսակի) լույսը նման է բնականին և թույլ է տալիս գույները տարբերել հենց այնպիսի ճշտությամբ, ինչպես բնական լուսավորության դեպքում։

Լ. լ-երի թերություններից են համեմատական մեծածավալությունը, հատուկ միացնող-կարգավորող սարքի անհրաժեշտությունը, զգայունությունը շրջակա օդի ջերմաստիճանի նկատմամբ (+10 °C–ից ցածր ջերմաստիճանում լամպը կարող է չվառվել) և ստրոբոսկոպային երևույթի առկայությունը։ Վերջինս առաջանում է լուսավորման ցանցում փոփոխական հոսանքի տատանումներին համեմատ Լ. լ-ի աչքի համար աննկատելի, հաճախակի (վայրկյանում 100 անգամ) թարթումների հետևանքով, ինչը առաջ է բերում առարկաների շարժման արագության ճիշտ ընկալման խախտում և տհաճ զգացողություն։ Ստրոբոսկոպային երևույթը կարելի է գրեթե ամբողջովին վերացնել լամպերի զույգ միացման միջոցով, ընդ որում դրանցից մեկը միացվում է մեծ ունակության (մինչ 2,5 մկՖ) լրացուցիչ կոնդեսատորի միջոցով։ Միացման նման սխեման կիրառվում է գործարանային արտադրության երկլամպային լուսավորիչների մեջ, բայց մասնագետը կարող է իրականացնել այն նաև տնային պայմաններում։

Սխալ միացման դեպքում (առանց միացնող-կարգավորող սարքում պաշտպանական կոնդեսատորներ օգտագործելու) Լ. լ-երը նաև խանգարումների աղբյուր են ռադիոընդունիչների և հեռուստացույցների համար։

Չնայած այդ թերություններին, Լ. լ-երը առավել կատարելագործված լուսային աղբյուրներից են։ Կենցաղային պայմաններում կիրառվում են գլխավորապես 13 Վտ-ից մինչև 65 Վտ հզորության լամպերը՝ պատի և սեղանի լուսատուներում և ջահերում։ Խորհուրդ է տրվում օգտագործել աչքի համար առավել հաճելի բնական և ջերմ սպիտակ լույսի լամպերը։

Լ. լ-երից օգտվելիս հարկ է իմանալ, որ դրանք պիտանի են միայն փակ շինություններում. լամպերի համար շրջակա օդի առավել հարմար ջերմաստիճանը 20 °C–ից մինչև 25 °C–ն է, այլ ջերմաստիճանների պայմաններում նվազում է դրանց լուսատացքը, իսկ ջերմաստիճանի նվազման դեպքում նաև շահագործման ժամկետը։ Լամպը տեղադրելիս անհրաժեշտ է ստուգել միացնող-կարգավորող սարքի ծայրերի միացումը (նրա իրանի վրա նշված սխեմայի համաձայն)։

ԼՅՈՒՔՍ, լուսավորվածության չափման միավոր (1 մ² մակերեսով մակերևույթի լուսավորվածությունը նրա վրա ընկնող 1 լյումեն լուսային հոսքի պայմաններում). հայերեն կրճատ նշանակումը լք, միջազգայինը lx։

ԼՎԵՐ, խայթոցների պատճառած անհանգստությունից բացի Լ. նաև մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա ևն) հարուցիչների փոխանցողներ են։ Որպեսզի Լ. չբազմանան, անհրաժեշտ է տունը մաքուր պահել, ժամանակին սրբել փոշին և հեռացնել աղբը, հատակը մաքրել նավթով կամ բևեկնայուղով։ Շներին ու կատուներին պարբերաբար լողացնել կենդանիների շամպունով, նրանց տակ փռվող շորերը եռացնել և արդուկել։ Հատակի ճեղքերը փակել։ Լ-ի թրթուրները ոչնչացնելու նպատակով հատակը պետք է լվանալ տաք ջրով՝ մեկ դույլ ջրին ավելացնելով 200 գ օճառ և 100 գ նավթ։ Լ-ին վանելու նպատակով օգտագործում են միջատասպան նյութերը, ինչպես նաև օշինդր, որը խրձերով դնում են շինության հատակին՝ անկյուններում կամ ավել են կապում հատակը ավլելու համար։ Տես նաև Միջատազերծում:

ԼՈՒՍԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ, թույլ է տալիս սահուն կերպով կարգավորել շիկացման լամպերի սպառող հզորությունը։ Լ-ի օգնությամբ կարելի է ըստ հայեցողության փոփոխել լամպի լուսարձակման պայծառությունը զրոյից մինչև առավելագույնը, մասնավորապես, սենյակում կարելի է ստեղծել հեռուստատեսային հաղորդումներ դիտելու ժամանակ աչքի համար առավել բարենպաստ լուսավորվածության մակարդակ կամ գիշերալամպի առաջացրած լուսավորվածությանը համապատասխանող մակարդակ։ Լ. թույլ է տալիս ցանկության դեպքում ավելացնել լուսատուի (օրինակ, ջահի) պայծառությունը՝ տոնական մթնոլորտ, բարձր տրամադրություն ստեղծելու համար, կամ էլ պակասեցնել այն սենյակում հանգստի տրամադրող մտերմիկ մթնոլորտ ստեղծելու համար։ Լ. հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ սենյակում ստեղծել հարմարավետ լուսային պայմաններ և խնայել էլեկտրաէներգիան։

Տարբերում են ամրակայված և փոխադրովի Լ-ներ։ Ամրակայված Լ. տեղադրում են էլեկտրական անջատիչի փոխարեն։ Լամպի լուսարձակման պայծառությունն ավելացվում կամ պակասեցվում է Լ-ի բռնակի պտտումով՝ ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ կամ դրան հակառակ։ Լամպը միացվում և անջատվում է նույն բռնակը մինչև չխկոց լսվելը պտտելով։ Փոխադրովի Լ. ունի երկժանիով լար էլեկտրական ցանցին միացնելու համար, ինչպես նաև լույսի աղբյուրը միացնելու վարդակ։ Լ. գնելիս հարկավոր է հիշել, որ դրան միացվող լույսի աղբյուրների հզորությունը չպետք է գերազանցի Լ-ի տեղեկաթերթիկում նշված արժեքը։ Արտադրվող Լ-ները նախատեսված են 6-ից մինչև 300 Վտ հզորության լամպերի և 50 Հց հաճախության ու 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցերում օգտագործելու համար։

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ բնակարանի, Լ. լինում է բնական և արհեստական։ Բնական Լ. պայմանավորված է սենյակի կողմնորոշմամբ, լուսամուտների թվով, դիրքով և չափերով, ապակիների