Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԵՐՈԲԻԿԱ, արագ քայլք, վազք, լող, հեծանվազբոսանք և այլ վարժաձևերի ու վարժությունների հատուկ համակարգ, որը նպաստում է մարդու առողջության ամրապնդմանն ու պահպանմանը։ Կարճ ժամանակամիջոցում Ա. դարձել է ամենատարածված վարժաձևը։ «Ա.» տերմինը շրջանառության մեջ է դրել ամերիկացի նախկին վարորդ և ճանաչված բժիշկ Քենետ Կապերը, որի «Նոր աերոբիկա» գիրքը ունեցել է մի քանի հրատարակություն, թարգմանվել բազմաթիվ լեզուներով։

Ք. Կուպերի հետազոտությունների արդյունքների համաձայն մարդու օրգանիզմի վրա Ա. դրական է ներգործում երեք հիմնական պահանջների բավարարման՝ աերոբային ֆիզիկական բեռնվածության (երբ երկար ժամանակ անհրաժեշտություն է առաջանում առավել շատ թթվածին օգտագործել), ռացիոնալ սննդի և հուզականության ապահովման շնորհիվ։ Ներկայումս գոյություն ունեն նաև Սիդնեյ Ռոմի, Ջեյն Ֆոնդայի, Մառլեն Շարելի, Մոնիկա Միլդենբերգ Շվիտցի, Մերիի մեծ ճանաչում գտած ծրագրերը։

Ա-ի ծրագրերը հիմնականում կազմված են 10 բաղադրիչներից՝ նախավարժանք, ոտքերի, այնուհետև ձեռքերի և ուսագոտու դիմադրությամբ, իրանի, հատակի վրա պառկած դրությամբ, ողնաշարը ձգելուն ուղղված նստելատեղի մկանների և մկանների լարվածությունը թուլացնող վարժություններ։ Ա-ի համալիրը կազմելիս անհրաժեշտ է հստակորեն պլանավորել օրգանիզմի վրա մեկ շաբաթվա ընթացքում ներգործող ֆիզիկական բեռնվածության ու հանգստի չափը։ Պարապմունքները (30-40 րոպե) նպատակահարմար է անցկացնել շաբաթական առնվազն 3 անգամ, վարժություններն սկսելով և ավարտելով դանդաղ տեմպով։ Ինքնազգացողությունը վատանալու դեպքում ծրագիրն անհրաժեշտ է պարզեցնել-թեթևացնել կամ որոշ ժամանակ ընդհատել պարապմունքները։ Հարկավոր է մշտական բժշկական ինքնավերահսկողություն չափել երակազարկի հաճախությունը։ Սնունդը հարկավոր է ընդունել պարապմունքից առնվազն 1,0-1,5 ժամ առաջ։

ԱՇԽՈՒՅԺ ԽԱՂԵՐ, ի տարբերություն մարզական խաղերի (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ ևն), որոնք զգալիորեն բարդ են կազմակերպման առումով և մասնակիցներից պահանջում են առանձնակի ունակություններ և հատուկ մարզվածություն, աշխույժ խաղերն ավելի պարզ են, բազմազան և չունեն հստակ կանոններ ու հատուկ սարքավորում։

Մանկապարտեզային և կրտսեր նախադպրոցական տարիքի երեխաների Ա. խ. նմանակային խաղեր են (մեծահասակների կատակների և երգերի ուղեկցությամբ, խաղալիքներով)։ Որոշ խաղեր ունեն սյուժե և կանոններ («սագեր-սագեր, տուն եկեք»), շատերը միայն կանոններ («տափկնոցի»)։ 4-5 տարեկանից սկսած երեխաները, խաղալով մրցում են՝ վազում, ցատկում, նետումներ կատարում ևն։ 5-6 տարեկան երեխաների Ա. խ. սկսում են ձեռք բերել մարզական բնույթ։

Դպրոցական տարիքում Ա. խ. ձևերն ու բովանդակությունը բարդանում են։ Առանձնապես օգտակար են որոշակի հանձնարարականներով խաղերը, որոնց ընթացքում երեխաների գործողությունները նպատակային են, ամրապնդվում են նրանց շարժողական ունակությունները, զարգանում շարժունությունն ու ճարպկությունը։ Հայտնի են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների բազում Ա. խ.։ Ստորև բերված են դրանցից մի քանիսի նկարագրությունները։

1. Կարելի է երեխային առաջարկել կոնը, գնդակը կամ խորանարդիկը նետել 5-7 մետրի վրա գծված ոչ մեծ շրջանագծի մեջ։ Եթե խաղում է 2-3 երեխա, ապա հաղթող է համարվում նա, ով 5 հնարավորից առավել թվով հաջող նետում կկատարի։

2. Գետնին քաշում են 5-6 մ երկարության մի գիծ, որի վրա իրարից 1 մ հեռավորությամբ դասավորում են առարկաներ (օրինակ, գնդակ, քար ևն)։ Երեխան հետ-հետ գնալով պետք է քայլի ճիշտ այդ գծով և չդիպչի արգելքներին։

3. Դեռահասը պետք է բասկետբոլային խաղարկմամբ գնդակը վարի մարմնամարզական նստարանի երկայնքով, ինքն առաջանալով նստարանի կողքով (նկ. 1)։ Տարբերակ. դեռահասը քայլում է նստարանի, իսկ գնդակը վարում է հատակի վրայով։

4. Երկու խաղացող կանգնում են մի գծի վրա և բռնում 1 մ երկարությամբ պարանի ծայրերից։ Յուրաքանչյուր խաղացողից 1-2 քայլի վրա դնում են որևէ առարկա։ Խաղացողի խնդիրն է, ձգելով պարանի ծայրը բռնած հակառակորդին, վերցնել հատակին դրված առարկան (նկ. 2)։

5. Խաղի երկու մասնակից կանգնում են դեմդիմաց, ոտքերն իրարից հեռու և ուսերի բարձրությամբ բռնում փայտիկից։ Հաղթում է այն խաղացողը, ով կարողանում է ստիպել հակառակորդին նահանջի քայլ կատարելով տեղից շարժվել։ Թույլատրվում են խաբուսիկ շարժումներ (նկ. 3)։