6. Խաղավար ավագի հրահանգով երեխաները փայտիկը դնելով մատին, ձեռքի ափին կամ ոտնաթաթին, աշխատում են հնարավորին չափ երկար ժամանակ պահպանել հավասարակշռությունը (նկ. 4)։ Խաղին կարող են մասնակցել մի քանի հոգի։
ԱՊԼԻԿԱՑԻԱ, վերադիր, գործվածքի վրա այլ գործվածքի կտորների մակակարում (կամ սոսնձում)։ Կիրառում են գեղազարդման իրերի և հագուստի ձևավորման համար։ Ա. կարող է լինել միագույն, երկգույն և բազմագույն։ Ա-ի համար օգտագործում են հիմնական նյութից տարբերվող (գույնով և որակով) գործվածքներ։ Մակակարվող կամ սոսնձվող կտորները նախօրոք օսլայում են (կամ տոգորում դոնդողանյութով) և արդուկում։ Գծանկարն անցկացնում են հիմնական գործվածքի և թղթի վրա, այնուհետև թղթի նկարը բաժանում մասերի, գործվածքի կտորներից, դրանց համապատասխան ձևում նկարի մանրամասները և թերակարով ամրացնում գործվածքին։ Ամբողջացված նկարի եզրերն ամրացնում են գործվածքին հարթակարով կամ օղակարով։ Որպեսզի Ա. ուռուցիկ լինի, գործվածքի տակ երբեմն բամբակ են դնում։ Ա-ով զարդարում են մանկական գորգերը, վարագույրները, հագուստը։ Կարի մեքենայով Ա. կատարում են նույն հերթականությամբ, ինչ ձեռագործի դեպքում. նախ գծանկարն անցկացնում են գունավոր գործվածքի վրա, թերակարով ամրացնում հիմնական գործվածքին այնպես, որ համընկնեն գործվածքների երկայնակի թելերի ուղղությունները։ Այնուհետև նախշերի եզրագծերը կարում են մեքենայով 60-80 կոճի թելով՝ սովորական թակալակարով կամ ոչ խիտ ուռուցիկ հարթակարով, որից հետո խիտ հարթակարով՝ որպես միջադիր օգտագործելով № 10 կոճի թելը)։ Կարելն ավարտելուց հետո գործվածքը հակառակ երեսից արդուկում են խոնավ շորով և կտրում եզրագծերից դուրս մնացած գործվածքի ավելցուկը։ Ա-ի մանրամասների եզրերը կարելի է կարել նաև ամրակարով։ Այդ դեպքում Ա-ի նախշերն անհրաժեշտ է 1-2 անգամ թակալակարել մեքենայով, կտրել գործվածքի ավելցուկը և եզրերը ձևավորել ամրակարով։
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ձեռքի։ Ա-յան համար անհրաժեշտ է ունենալ թելեր, կտոր, կարճ ասեղներ (լայն անցքով), մկրատ, մատնոց և քարգահ։ Ասեղի հաստության ընտրությունը պայմանավորված է կտորի որակով և թելի հաստությամբ (համարով)։ Թելի երկարությունը չպետք է գերազանցի 50-60 սմ։ Քարգահ օգտագործելու դեպքում մատնոց պետք չէ։ Մկրատը պետք է լինի փոքր (10-12 սմ երկարության)՝ սուր ծայրերով։ Ա-յան որոշ տեսակներ անում են ցանցակտավով (կանվա)։
Մանր նախշեր ասեղնագործելիս, սովորաբար, օգտագործում են կլոր քարգահ։ Կտորը փռում են փոքր օղակի վրա, սեղմում մեծ օղակով, ապա ձգում։ Որոշ կարեր կարելի է անել առանց քարգահի՝ կտորը բռնելով ճկույթով ու բթամատով և հավասարաչափ ձգելով ձախ ձեռքի երեք մատի վրա։
Եթե նկարի չափերը չեն համապատասխանում բանվածքի չափերին, նկարը կարելի է փոքրացնել կամ մեծացնել։ Նկարը մուգ կտորին փոխանցելու համար անհրաժեշտ է այն պատճենաթղթի միջոցով փոխանցել թափանցիկ թղթին, այնուհետև գունավոր մատիտով նկարը շրջագծել կտորի վրա։ Մահուդի, թավշի և մետաքսե փայլուն կտորների վրա նկարը փոխանցում են ծխախոտաթղթի միջոցով։ Նկարը եզրագծի երկայնքով թերակարով ամրացնում են կտորին, ապա թուղթը զգուշորեն պոկում։ Կտորի վրա մնում է թերակարով արված ուրվանախշ։ Բաց գույնի թափանցիկ կտորին նկարը փոխանցելու համար այն ծածկում են կտորով և դնում տակից լուսավորվող ապակու վրա։ Թափանցող նկարի ուրվագծերը փոխանցում են անմիջականորեն կտորի վրա։ Նկարը կարելի է կտորին փոխանցել նաև պատրաստի բանվածքից։ Դրա համար բանվածքի վրա սպիտակ թուղթ են դնում, վրայից պատճենաթուղթը և ձեռքով շփում։ Թղթի վրա ստացվում է նկարի պատճենը, որը շրջագծում են սովորական (ոչ քիմիական) մատիտով։
Ասեղնագործելիս հանգույցներ չեն անում։ Հայտնի է թելը կտորին ամրացնելու մի քանի եղանակ. 1. մի քանի մանր կութ անել կտորի այն մասում, որը հետագայում պետք է ծածկվի բանվածքով, 2. մի կութ անել և, առանց թելը կտորից մինչև վերջ քաշելու, երկրորդ կութով ամրացնել թելի ծայրը, ավելորդ մասը կտրել, և այդ տեղը ծածկել բանվածքով, գործն ավարտելուց հետո բանող թելը մանր կութերով անցկացնել բանվածքի տակ, 3. թելը երկտակել, ծայրերն անցկացնել ասեղի միջով։ Ասեղը հակառակ կողմից դուրս բերել կտորի երեսակողմը՝ առանց թելը մինչև վերջ քաշելու (ստացվում է թելի օղակ)։ Այնուհետև ասեղը խրել կտորի մեջ (նախորդ անցքից ոչ հեռու) և հակառակ