Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շեղված լինեն նախորդ կարի կութերի նկատմամբ։

Ռուսական հարթակարը առավել հաճախ կիրառում են խոշոր իրեր (վարագույր, սփռոց ևն) ձևավորելու համար։ Կութերը (5-8 մմ երկարության) ասեղնագործում են ուղղաձիգ կամ հորիզոնական ուղղությամբ։

Բազմերանգ հարթակարը սովորաբար կիրառում են բուսական նախշեր ասեղնագործելու համար՝ օգտագործելով նույն գույնի երանգները։ Եզրագծերը թակալակարելուց հետո առաջին երանգի թելով տարբեր երկարության կութեր են անում՝ փոքր արանքներ թողնելով երկրորդ երանգի թելերն անցկացնելու համար։

Ամրակարն ասեղնագործում են երրորդ բանող թելի ամրացման եղանակով։ Այն կիրառում են գեղազարդման նպատակով (օրինակ, պատի պաննո, վարագույր ձևավորելու համար), ինչպես նաև այլ կարատեսակների զուգակցությամբ։ 6 թելից (մուլինե կամ բրդե) բաղկացած խուրձը նկարի եզրագծի երկայնքով ամրացնում են գործվածքին նույն գույնի № 60-80 կոճի թելով։

Ուրվագծային ամրակար (նկ. 12)։ Նկարով կտորը ձգում են քարգահով և տեղադրում ասեղի տակ։ Ասեղի մի քանի հարվածով թելախրձի ծայրն ամրացնում են նկարի եզրագծի որևէ կետում, այնուհետև թելախուրձը մի կողմ քաշում և կտորը մանր կութերով թակալակարում նկարի եզրագծով մինչև ամրացման հաջորդ կետը, որտեղ թելախուրձն ամրացնում են 2-3 ուղղաձիգ կութերով, ապա անցնում հաջորդ կետին և այդպես շարունակ։ Թելախուրձը բռնում են ձախ ձեռքով և առանց ձգելու ուղղում ըստ նկարի եզրագծի:

Նախշակար (նկ. 13) անելու համար թելախուրձն ամրացնում են գծանկարի որևէ կետում՝ հաջորդ ամրակետին անցնելով մանր թակալակարով (ուրվագծային կարի նմանությամբ)։ Երկրաչափական բարդ նախշեր ասեղնագործելիս, անհրաժեշտ է լինում պահպանել ամրակետերի որոշակի հաջորդականություն՝ հաճախ ելակետին վերադառնալով արդեն իսկ կարած կութերի վրայով։ Տես նաև Ապլիկացիա:

ԱՔՎԱՐԻՈՒՄ տնային։ Առավել տարածված են ուղղանկյունաձև (երկարությունը՝ 30-150 սմ, լայնությունը՝ 15-50 սմ), մետաղե հիմնակմախքով և ապակե պատերով, ինչպես նաև օրգանական ապակուց Ա-ները (նկ. 1)։ Ա-ի ջուրը պետք է հագեցված լինի թթվածնով։ Դա առավելագույնս ապահովվում է ջրի մեծ մակերևույթ և փոքր խորություն ունեցող Ա–ում։ Ա-ի համար ձկներ ընտրում են կամ նույն բնական գոտիներում (աշխարհագրական սկզբունք), կամ էլ շրջակա միջավայրի միատեսակ պայմաններում (կենսաբանական սկզբունք) բնակվող տեսակներից։ Սառը և տաք ջրերի ձկները, ինչպես նաև գիշատիչ և ոչ գիշատիչ տեսակները պետք է պահել առանձին Ա-ներում։

Սառը ջրով Ա-ում ձկներ պահելու գլխավոր պայմանը նրանց նվազ խտությունն է (5 սմ երկարության յուրաքանչյուր ձկնիկին պետք է բաժին ընկնի 5 լ-ից ոչ պակաս ջուր)։ Այդպիսի Ա-ների ջուրն անհրաժեշտ է օդավորել և զտել։

Տանը ավելի հեշտ է տաք ջրով Ա-ի ռեժիմ ստեղծելը։ Դրա համար էլ արևադարձային գոտու ձկներն ավելի հաճախ են դառնում տնային Ա-ի բնակիչներ։ Այս Ա-ում ձկների տեղադրման խտությանը զգալիորեն ավելի մեծ է (5 սմ երկարության մեկ ձկնիկին պետք է բաժին ընկնի 2 լ ջուր, ավելի փոքր ձկնիկին՝ 1 լ)։

Սառջրյա ձկների համար ջուրը չեն տաքացնում (ամռանը երբեմն հարկ է լինում սառը ջուր ավելացնել)։ Արևադարձային գոտու ձկների համար թույլատրելի են ջրի ջերմաստիճանի ոչ մեծ տատանումներ (19-27° C), սակայն ջրի արագ սառեցումը մի քանի աստիճանով, կարող է առաջացնել ձկների հիվանդություններ, որոնցից խուսափելու համար, խորհուրդ է տրվում օգտվել ջերմակարգավորիչ ունեցող ջեռակից (նկ. 2)։

Աքվարիումի խնամքը։ Նոր, հիմնակմախքային Ա. հարկավոր է լցնել ջրով, մի քանի անգամ ջուրը փոխել մածիկի մեջ եղած թունավոր խառնուրդները հեռացնելու համար։ Այնուհետև, Ա. լավ լվանալուց հետո, հատակին փռել մուգ գույնի, խնամքով լվացած գետի ավազ կամ ճալաքարի շերտ (4-6 սմ)։ Խեցիներ պետք չէ դնել, դրանք ջուրը կոշտացնում