Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերևի ձախ անկյունից անկյունագծով փաթաթում են սպիտակ կամ գունավոր թելով (նկ. 7), որից հետո ծակոտիները լցնում զարդանախշերով։

Սպիտակ թակալակարն ասեղնագործում են սպիտակ թելով՝ սպիտակ կամ բաց գույնի կտորի վրա։ Այս բանվածքը կատարում են մանր անցքերով ցանցի վրա։ Ցանցի սյունիկները փաթաթում են անկյունագծով № 60-80 կոճի թելով (մանր ցանցինը՝՝ 3-4, խոշոր ցանցինը՝ 5-10 անգամ)։ Ցանցի եզրերը շրջակարում են խիտ ուռուցիկ հարթակարով, իսկ ծակոտիները լցնում գեղեցիկ զարդանախշերով (լցակար, օդային հանգույց, կարապատում ևն)։

Ցանցկեն բանվածքը հատկապես գեղեցիկ է դիտվում մետաքսե և բամբակե բարակ գործվածքների վրա։ Այն կիրառում են հագուստի, մասնավորապես, օձիքի և թեզանիքի դրվագման համար։

Ցանցկեն բանվածքն ասեղնագործում են ըստ կտորի վրա նախապես արված գծանկարի։ Աշխատանքն ավարտելուց հետո ֆոնը (գործվածքի ավելորդ մասը) հեռացնում են կտրելով։ Ցանցկեն ասեղնագործության մեջ հիմնականում կիրառում են ուղիղ ուռուցիկ հարթակար։ Որպես միջադիր օգտագործում են 2-6 տակ կոճի թել (№ 10 վուշե և բամբակե խիտ կտորների, № 30-40 մետաքսե բարակ կտորների համար)։ Բանող թելերի ձգվածքը կարգավորում են այնպես, որ վերևի թելն ավելի թույլ լինի։ Նախշն ասեղնագործում են 4 փուլով, եզրագծերի թակալակարում, կամրջակների ասեղնագործում (նկ. 8), ուռուցիկ հարթակարի ասեղնագործում, ֆոնի հեռացում։

Հիմնական կարն անելուց առաջ նախշերի եզրագծերը 2-3 անգամ շրջակարում են սովորական թակալակարով՝ առանձին մանրանախշերի եզրերն ամրացնելու համար։

Բամբակե և մետաքսե բարակ կտորներից կարված հագուստի դրվագման համար կիրառում են առանց կամրջակների (գործվածքի կտրված մասերը միացնող կարեր) նախշեր, որոնց տարրերը կիպ կպած են իրար, իսկ ֆոնի հատվածներն աննշան են։ Մոտ գտնվող մանրանախշերի ուռուցիկ հարթակարերի միացման տեղերում երկու հարևան գծերը միացնում են երկար կութերով (նկ. 9)։

Ցանցկեն ասեղնագործության մեջ կամրջակներով նախշերը կիրառում են ավելի խոշոր իրերի (օրինակ, սփռոցների) ձևավորման համար։ Կամրջակների շնորհիվ կարելի է մեծացնել ֆոնի հատվածները նախշի տարրերի միջև՝ ստանալով թեթև թափանցիկ զարդանախշ։ Կամրջակներն ասեղնագործում են ուռուցիկ հարթակարով։ Նախշի եզրագծերը թակալակարում են № 80 կամ № 60 կոճի թելով։ Այն մասերում, որտեղ պետք է կամրջակներ լինեն, կտրում են մոտավորապես 1 սմ լայնության երկայնական շերտեր։ Այնուհետև նկարը շրջակարում են ուռուցիկ հարթակարով, որի համար նախշի թակալակարված եզրագծով անցկացնում են № 10 կոճի թելը (այսպես կոչված միջադիր) և եզրակարում ուռուցիկ հարթակար կազմող լայնակի խիտ ու մանր կութերով։ Կտրված մասերում օդային կարով կամրջակներ են կարում, որոնք այնուհետև միջադիրի հետ շրջակարում են ուռուցիկ հարթակարով։ Կամրջակները կարելի է նաև զարդարել մերակներով (միջադիրի թելը քորոցի վրա անցկացնելով)։ Առանց քորոցը հանելու մերակն ամրացնում են ասեղի 2-3 հարվածով, այնուհետև շարունակում կամրջակի շրջակարումը։ Ցանցկեն բանվածքը սովորաբար լրացնում են հարթ կարապատումով, ուլունքակարով (նկ. 10), քանդակարով և այլ կարատեսակներով։

Ուռուցիկ հարթակար կարելի է ասեղնագործել զիգզագակարի մեխանիզմ ունեցող կարի մեքենայով։ Դրա համար բավական է կութի լայնությունը կարգավորող բռնակը դնել համապատասխան բաժանքի վրա և քարգահը շարժել նկարի եզրագծով։

Գունավոր հարթակարը շատ բազմազան է։ Հարթակարով ասեղնագործելիս թելերը ավելի թույլ են ձգում, քան այլ կարատեսակներ անելիս, ընդ որում ներքևի թելը վերևինի համեմատությամբ պետք է ավելի ձիգ լինի։ Ասեղը սովորաբար թելում են գունավոր թելով (օրինակ, մուլինե), իսկ մաքոքի վրա փաթաթում են № 80 կոճի թել։

Առանց կարապատման թեթև հարթակար։ Կտորը քարգահով ձգելուց հետո թակալակարում են նկարի եզրագծերը։ Հարթակարն անում են ըստ գծանկարի՝ միմյանց կպած կութերով (նկ. 11)։

Կարապատումով հարթակար։ Գծանկարի առանձին տարրերի ներսամասը կարապատում են մանր թակալակարով (հարթակարի ուղղությանը հակառակ ուղղությամբ), որն այնուհետև պատում են հարթակարով։ Վերջինիս ուռուցիկությունը կախված է թակալակարման խտությունից։

Կերպասաբանվածքը (գունավոր բանվածքի տեսակ) սովորաբար կիրառվում է բազմոցի բարձերի, վարագույրների և սփռոցների ձևավորման համար։ Նկարի եզրագծերը թակալակարելուց հետո կութերը (5-7 մմ երկարության) ասեղնագործում են անկյունագծով ձախից աջ։ Հետադարձ կարի կութերը պետք է