Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաղում են 5-ական խաղացողով երկու թիմ, որի անդամները կարող են խաղի ընթացքում փոխարինվել պահեստային խաղացողներով (թիմը կազմված է 12 հոգուց)։ Զամբյուղ նետած յուրաքանչյուր գնդակի համար տրվում է. տուգանայինից նետելու դեպքում՝ 1 միավոր, զամբյուղից 6 մ շառավղով հեռավորությունից՝ 3 միավոր, մյուս բոլոր դեպքերում՝ 2 միավոր։ Հաղթում է սահմանված ժամանակում առավել միավորներ վաստակած թիմը։ Ոչ ոքի արդյունքի դեպքում տրվում է լրացուցիչ ժամանակ (5, 10 ևն րոպե) մինչև թիմերից մեկի հաղթանակը։ Բ-ի կանոնները հայերեն առաջին անգամ հրատարակվել են Կ.Պոլսում, 1922-ին։

Բ-ի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1932-ին։

ՀՀ-ում Բ. սկզբնավորվել է 1925-ին, իսկ 1926-ին անցկացվել են անդրանիկ պաշտոնական մրցումները։

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տղամարդկանց թիմը 1950-ական թթ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։

1980-ական թթ. Բ-ի ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Աբովյանի «Հատիս» կանանց թիմը, որը 1988 թ. նվաճել է ԽՍՀՄ գավաթը։

ԲԻԼԻԱՐԴ, գնդերով խաղ հատուկ սեղանի վրա։ Բ-ի հայրենիքը համարվում է Հնդկաստանը և Չինաստանը։ Տանը խաղի համար հարմար է փոքրաչափ Բ.։ Այն զարգացնում է ճարպկություն, դիպուկություն, հնարամտություն։

Փոքրաչափ Բ. շրջակողերով ոչ մեծ սեղան է (այն կարելի է տեղադրել ցանկացած հարթ մակերևույթի վրա), որը պատված է մահուդով կամ ֆլանելով։ Շրջակողերին փորված է 6 անցք, որոնցից կախված են գնդապարկերը։ Խաղում են 16 մետաղե (նաև փղոսկրե, պլաստմասսայե) գնդերով, որոնք հրվում են կիյով՝ ամուր փայտից պատրաստված երկար ձողով։

Խաղի կանոնները։ Խաղացողը կիյով հարվածում է գնդերից մեկին՝ ձգտելով նրանով դիպչել ցանկացած այլ գնդի և վերջինս գցել գնդապարկերից որևէ մեկի մեջ։ Յուրաքանչյուր գցված գունդը իրավունք է տալիս շարունակել խաղը մինչև առաջին վրիպումը։ Հարվածի իրավունքը կորսվում է, եթե. հարվածվող գունդը գնդապարկ չի ընկնում և հարվածից հետո չի դիպչում որևէ այլ գնդի, առանց դիպչելու այլ գնդի ուղղակիորեն գնդապարկ է ընկնում, դուրս է թռչում շրջակողերից։ Վերջին դեպքում դուրս թռած գունդը (գնդերը) դրվում է ցանկացած շրջակողի մոտ, իսկ վրիպում թույլ տված խաղացողը այնտեղ է դնում մինչ այդ գնդապարկ գցված մեկ գունդ (գնդեր) ևս։ Գնդերը խցկելով գնդապարկ գցել թույլ չի տրվում։

Հաղթանակի համար (երկուսով խաղալու դեպքում) անհրաժեշտ է գնդապարկ գցել 8 գունդ։ Ավելի մեծ թվով խաղացողների դեպքում նախապես պայմանավորվում են հաղթանակի համար գնդապարկ գցվող անհրաժեշտ գնդերի թվի մասին։

ԳԵՂԱՍԱՀՔ, բազմաթիվ երկրներում տարածված մարզաձև, որն աչքի է ընկնում շարժումների արտահայտչականությամբ և հուզականությամբ։ Շարժումները կատարվում են սառույցի վրա չմուշկներով՝ զույգ և մեկ ոտքի վրա, շարժումների ուղղությունների փոփոխումով, տարատեսակ պտույտներով, ոստյուններով, ցատկ պտույտներով և անցումներով։ Գ-ի հայրենիքը Հոլանդիան է։ 1772-ին Ռոբերտ Դոժուսը հրատարակում է Գ-ին նվիրված առաջին գիրքը։ 1890-ին անցկացվեցին Գ-ի առաջին միջազգային մրցումները, 1896-ին անցկացվեց աշխարհի անդրանիկ առաջնությունը, 1908-ին Գ. ընդգրկվեց օլիմպիական խաղերի ծրագրում։ Գ-ի առաջին մրցումները Հայաստանի Հանրապետությունում անցկացվել են 1976-ին։

Գ-ի ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց մենասահքեր, խառը զույգերով զուգասահքեր և մարզական պարեր, որոնք կատարվում են պարտադիր և կամավոր ծրագրերով։ Տարբեր ծրագրերի, տարբեր տարիքային խմբերի և տարբեր սեռերի համար սահմանվում են վարժությունների կատարման տարբեր ժամանակահատվածներ (2 րոպեից մինչև 4 րոպե 30 վ)։ Մենասահքի և զուգասահքի պարտադիր տարրերի խումբը յուրաքանչյուր մրցաշրջանի համար որոշվում է վիճակահանությամբ՝ Չմշկորդների միջազգային միության գեղասահքի կոմիտեի հաստատած 3 խմբից։ Մարզական պարերը որոշակի պարային ֆիգուրների համակարգի կատարում են։ Ի տարբերություն Գ-ի մյուս ձևերի, մարզական պարերում բացակայում են ոստյունները, զույգի երկարատև անջատ սահումները։ Բոլոր տիպի կամավոր սահքերի համար երաժշտության ընտրությունն ազատ է։ Մարզիկների ելույթը գնահատվում է 1-6 միավորների համակարգով՝ ըստ վարժությունների կատարման տեխնիկայի և արտիստականության։ Գրաված տեղը որոշվում