Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռնակի մակերեսին անհրաժեշտ է քսել սոսինձ և տրորելով լցնել այն սղոցվածքի մեջ։ Դիմացկունության համար սղոցվածքների մեջ կարելի է թել դնել։ Կռնակին դնում են թանզիֆի շերտ, որի երկարությունը պետք է 30-40 մմ-ով պակաս լինի բլոկի բարձրությունից, լայնությունը նրա հաստությունից 40-50 մմ-ով ավելի։ Թանզիֆից դուրս ծորած սոսինձը տարածում են կռնակի ամբողջ մակերեսով, անհրաժեշտության դեպքում կարելի է սոսինձ ավելացնել։ Սոսինձը չորանալուն պես բլոկը հանում են սեղմիչից և առաջին ու վերջին թերթերին սոսնձում պահպանակները (թանզիֆի տակ)։ Այս եղանակով անհրաժեշտության դեպքում պատրաստի բլոկը կարելի է կտրել 3 կողմից (առջևից, վերևից և ներքևից)։ Դրա համար բլոկը նախապես պետք է չափանշել հաշվի առնելով տեքստի չափը էջերում։ Բլոկը կտրում են կազմարարական սուր դանակով։ Եզրերի վրա առաջացած անհարթությունները կարելի է մաքրել մանրահատիկավոր չեչաքարով։

Կարված բլոկը երեք կողմից եզրահատում են, որից հետո, որպես կանոն, այն կլորացնում են (առանց կարի ամրացված բլոկը գերադասելի է թողնել ուղիղ կռնակով)։ Բլոկը կլորացնում են մուրճով։ Այն դնում են սեղանի կամ կազմարարական տախտակի ծայրին և պահում ձախ ձեռքով այնպես, որ մեծ մատը հենվի առջևի եզրակտրվածքին, իսկ մյուս մատները բլոկի տետրերը դեպի ներս հարթեցնեն։ Այնուհետև մուրճի թեթև ու կտրուկ հարվածներով խփում են կռնակի վերին մասին մեջտեղից դեպի վերին և ստորին եզրերը վերևի տետրերից աստիճանաբար անցնելով դեպի կռնակի միջին մասը, ապա բլոկը շրջում են և ճիշտ այդպես կլորում կռնակի մյուս կողմը։ Դրանից հետո բլոկը սեղմում են կազմարարական տախտակների միջև նրա կռնակին տալով կլորացած ձև։ Ծայրերի տետրերի եզրաշերտերը 2-3 մմ դուրս թողնելով տախտակների եզրաշերտից մուրճի հարվածներով (կռնակի վերին մասից դեպի միջնամասը, իսկ տետրերի միջնամասից դեպի եզրերը) աշխատում են բացել տետրերի ծալատեղը թեթևակիորեն սեղմելով դրանք։ Կռնակը նորից սոսնձում են և թողնում սեղմիչում մինչև չորանալը։ Չորացած բլոկին կարելի է սոսնձել մետաքսե երիզից էջանշան (երիզի ծայրը (20-30 մմ) սոսնձում են կռնակի վերին մասի կենտրոնում)։ Երիզի երկարությունը պետք է 10-15 մմ ավելի լինի բլոկի անկյունագծից։ Կռնակի վերին և ստորին մասերին եզրիչները կպցնում են այնպես, որպեսզի հաստ, գունավոր մասը կարկառվի եզրակտրվածքի վրա։ Այնուհետև ամբողջ կռնակը սոսնձում են թղթով, որի լայնությունը պետք է հավասար լինի կռնակի աղեղին, իսկ երկարությունը բլոկի բարձրությունից 2-3 մմ պակաս։

Կազմարարական կափարիչների (կազմակողերի) պատրաստումը։ Կազմված են ստվարաթղթե կողերից, հետպահիչից (գտնվում է կողերի միջև) և կազմանյութից, որի վրա սոսնձվում են կողերը և հետպահիչը։ Կոդերը պատրաստում են ստվարաթղթից, որի լայնությունը պետք է 1-2 մմ պակաս լինի բլոկի լայնությունից, իսկ երկարությունը 6-8 մմ ավելի նրա բարձրությունից (կախված գրքի ծավալից և ձևաչափից)։ Հետպահիչը պատրաստում են ամուր թղթից, բարակ ստվարաթղթից (օրինակ, ծխախոտի բլոկից) կամ նույն ստվարաթղթից, ինչ կողերը (կոշտ, ուղիղ հետպահիչի դեպքում)։ Հետպահիչի երկարությունը հավասար է կողերի երկարությանը։ Կլորացված բլոկի կազմակողը պատրաստելիս հետպահիչի լայնությունը 2-3 մմ-ով մեծ են անում կռնակի աղեղից։ Կոշտ և ուղիղ հետպահիչով կազմակողի լայնությունը հավասար է բլոկի հաստությանը ավելացրած ստվարաթղթի կրկնակի հաստությունը, որից և պատրաստվում են կողերը։ Ըստ կառուցվածքի կազմակողերը լինում են ամբողջածածկ և բաղադրովի։ Ամբողջածածկ կափարիչի ստվարաթղթային կողերը հետպահիչի հետ միասին սոսնձվում են կազմանյութի ամբողջ շերտին, իսկ բաղադրովիի դեպքում այդ շերտը կարծես ընդհատվում է կռնակի մոտ, որը պատրաստվում է այլ նյութից (ըստ գույնի, մակատեսքի ևն), քան կողերը։ Կազմանյութի ձևվածքը հաշվարկելիս երկարությունը (բարձրությունը) վերցնում են 20-30 մմ ավելի, քան կողերի բարձրությունն է, իսկ լայնությունը հաշվարկում են հետևյալ կերպ, որոշում են կողարանքը (կափարիչների կռնակային կողերի միջև տարածությունը), ինչի համար հետպահիչի լայնքին (տես վերևում), ավելացնում են 12-15 մմ անջատքների համար։ Դրանք կտորի շերտերն են հետպահիչի և կողի միջև, որոնց վրա բացվում է գրքի կազմը։ Ստացված մեծությանը ավելացնում են կողի կրկնակի լայնությունը, ավելացրած 20-30 մմ եզրակի ծալվածքի համար։ Ելնելով այդ տվյալներից պատրաստում են ձևվածքը, այնուհետև շիտակ կողմը անում վերև, վրան դասավորում կափարիչի բոլոր մանրամասները և մատիտով նշում։ Մկրատով ուղղում ձևվածքը, կտրում անկյունները։ Ապա հավասարաչափ և բարակ շերտով սոսինձ քսում կողերից մեկին, այն տեղավորում մատիտով ուրվագծածի վրա, աճուր սեղմում կազմակտորին, ապա ստուգում երեսի կողմից չկա՞ արդյոք պղպջակ կամ սոսնձի հոսվածք։ Առկայության դեպքում պետք է իսկույն մաքրել, սոսնձել մյուս կողը և հետպահիչը, ծալել ծածկույթի համար նախատեսված կտորի եզրաշերտը և ուղղել անկյունները։ Նույն եղանակով պատրաստում են բաղադրովի կափարիչը։ Նախօրոք հաշվարկելով կողարանքը կոդերը կռնակին են փակցնում, ապա դրանք սոսնձում ծածկույթի կտորով այնպես, որպեսզի 2-3 մմ անցնի կռնակի վրա։ Այնուհետև կափարիչը չորացնում են ծանրության տակ կամ սեղմում տախտակների միջև։ Եթե գրքի բլոկը պատրաստ Է, այն կարելի է մտցնել կափարիչի մեջ, և արդեն պատրաստի գիրքը չորացնել մամլիչի տակ (կողի կռնակային եզրակը պետք է լինի ուղիղ և հավասար)։ Բլոկը զետեղում են կափարիչի մեջ և, բացելով վերևի կողը, սոսնձում վերին պահպանակը և թանզիֆի ծայրը (պահպանակի ծալքում կարելի է դնել թղթի մեծ կտոր, որպեսզի սոսինձը չհոսի եզրերի վրա)։ Բլոկը և կափարիչը պետք է տեղավորել առջևի եզրով դեպի ներս։ Բաց կափարիչի մեջ կարելի է տեղավորել մեկ կողմից սոսնձած բլոկը հետևելով, որ եզրակները 3 կողմերից ունենան նույն լայնությունը։ Արդեն սոսնձված կողմից կարելի է իսկույնևեթ անել փորոքը։ Դրա համար կռնակի երկարությամբ ծալիչով անում են ակոսիկ։ Այնուհետև սոսինձ Են քսում մյուս պահպանակին և վրան դնում երկրորդ կողն այնպես, որպեսզի այն համընկնի պահպանակի կռնակին, որից հետո անում փորոքը (այդ պրոցեսը կոչվում է ստվերագծում) և գիրքը տեղավորում մամլիչում չորանալու։ Չորանալուց հետո գիրքը նորից են ստվերագծում։