Գիրքը կազմելիս կարելի է կիրառել քուղերի վրա կարելու հնագույն ձևը։ Քուղերը տեղավորվում են կռնակի վերևում և եզրակարվում հերթականությամբ։ Կարելուց հետո քուղերը կտրում են, իսկ մնացած ծայրերը (30-40 մմ)՝ խառնում։ Բլոկի մշակումից հետո դրանց սոսնձում են ստվարաթղթե կողեր (կազմակողերը մոնտաժում բլոկի վրա)։ Կռնակը երեսպատում են արհեստական կաշվով, ծալիչով սեղմում այնպես, որպեսզի քուղերը ուռուցիկորեն կարկառեն։ Ապա 40-50 մմ եզրակով դրսի կողմից կտորը սոսնձում են կողերին, վերին և ստորին եզրաշերտերը ծալում և կպցնում։ Բաղադրովի կազմի նմանությամբ, կափարիչի արտաքին կողմին փակցնում են կողերի կտորը, իսկ ներսի կողմից՝ բարակ և ամուր կտորի մի շերտ (բարակ կաշի, լեդերին ևն)։ Իր լայնությամբ ներսի կողմից այն պետք է ծածկի յուրաքանչյուր կափարիչի քուղերի ծայրերը և նեղ շերտով (3-5 մմ) կռնակային մասի լայնքով նստի բլոկի առաջին թերթի վրա (կամ պահպանակի թերթը բացող կտորի ծալակցաշերտին)։ Ներսից կողը սոսնձվում է պահպանակային թղթի թերթով (այսպես կոչված «հայելի»), իսկ բլոկի վրա կտորի շերտին փակցվում է ևս մեկ պահպանակային թերթ։
Գիրքը չորանալուց հետո կազմի վրա կարելի է անել տպատառային մակագրություն (հեղինակը, խորագիրը)։ Կազմի կռնակի վրա մակագրությունն արվում է կազմակողը չորանալուց անմիջապես հետո։ Դրա համար պետք է օգտվել, այսպես կոչված, «ակնթարթային մակագրությունից» (փոխադրանկարներ)։ Տպատառերը հերթականությամբ դասավորում են կափարիչի մակերեսին և կոշտ բութակով սեղմելով ժապավենից, որի վրա նրանք ամրացված են, փոխադրում կազմակտորի մակերեսի վրա։ Այդպիսի տառաշարը լավ է պահպանվում տարիների ընթացքում։
Գործողությունների հերթականությունը։ Բլոկի կազմատում, տետրերի կամ նյութի պատրաստում, առանձին թերթերի նորոգում, տետրերի կամ կտորի ընտրություն, սեղմում մամլիչով։
Բլոկի պատրաստումը կտրելու եղանակով։ Կռնակի նշում և սղոցում, թանզիֆի կարում, կռնակի սոսնձում, պահպանակների սոսնձում, բլոկի եռակողմ եզրահատում, կռնակի կլորացում և սոսնձում։
Առանց կարի սոսնձելու միջոցով բլոկի պատրաստումը։ Կռնակի չափով նախապատրաստած կտորի եզրահատում, կռնակի սղոցում, կռնակի սոսնձապատում և թանզիֆի սոսնձում, պահպանակների սոսնձում, բլոկի եռակողմ եզրահատում։
Հաջորդ գործողություններն ընդհանուր են երկու ձևերի համար էջանիշի, եզրիչի և թղթերի սոսնձում, կափարիչի պատրաստում և կռնակի կլորացում, կափարիչի մեջ բլոկի տեղադրում, պատրաստի գրքի մամլում։
ԴԱՀՈՒԿՆԵՐ, առաջինը գործածել են հյուսիսային ցեղերը դեռևս նեոլիթի դարաշրջանում։ Դ-ով քայլքը (սահքը), հանգստի լավ միջոց է, զարգացնում է արագություն, դիմացկունություն։ Դահուկային մարզաձևը մատչելի է բոլոր տարիքի մարդկանց։
Դ-ով սահել սովորելը դժվար չէ։ Սկսնակները համեմատաբար հեշտությամբ են տիրապետում նրանցով տեղափոխվելու եղանակներին։ Առավել հեշտ եղանակը, որից հարկավոր է սկսել սահքի ուսուցումը՝ փոխնիփոխ երկքայլ ընթացքն է (նկ.1)։ Այդ եղանակի հիմքում ընկած է սահումը մերթ մեկ, մերթ մյուս դահուկով, ձախ ոտքի քայլի հետ առաջ է նետվում աջ ձեռքը ձողափայտով և, ընդհակառակը, աջ ոտքի քայլով առաջ է նետվում ձախ ձեռքը։ Այդպիսով, փոխնիփոխ երկքայլ ընթացքում յուրաքանչյուր սահող քայլ ուղեկցվում է ձողափայտի մեկ հրումով։ Նման եղանակը լավագույնն է սովորական դահուկուղիով կամ ձյունածածկ տարածքով տեղաշարժվելիս։
Հարթեցված դահուկուղիով և սարն ի վար սահելու ժամանակ առավել շահեկան են ձողափայտերով միաժամանակյա հրումները։ Բոլոր միաժամանակյա քայլերի ընթացքում (բացի անքայլից) ձողափայտերով հրումներից առաջ կատարվում է մեկ կամ մի քանի սահող քայլ։ Ընթացքը լինում է միաքայլ, երկքայլ և եռաքայլ։ Միաժամանակյա երկքայլ ընթացքը ցույց է տրված նկ. 2-ում։ Նշված եղանակներին տիրապետելը առավել հարմար է ուսումնական դահուկուղու վրա։ Սովորաբար նման դահուկուղիները բացվում են դահուկային կայանների մոտակայքում, որպեսզի սկսնակները կարողանան ստանալ մեթոդական օգնություն։ Յուրացնելով դահուկասահքի տեխնիկայի ամենապարզ տարրերը՝ դրանց կատարելագործումը կարելի է շարունակել զբոսանքների ժամանակ։ Միջին տարիքի և տարեց մարդկանց համար առաջին զբոսանքները 3 կմ-ից ավելի չպետք է լինեն։ Այնուհետև տարածությունը կարելի է աստիճանաբար մեծացնել՝ սեզոնի վերջում այն հասցնելով մինչև 10 կմ։ Վերելքներն ու վայրէջքները հաղթահարվում են տարբեր եղանակներով՝ կախված թեքության աստիճանից։ 3-րդ և 4-րդ նկ-ներում ցույց են տրված վերելքի և վայրէջքի հիմնական եղանակները։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի դահուկորդի հագուստն ու կոշիկը։ Հագուստը պետք է լինի թեթև, տաք, հարմարավետ։ Վերնահագուստը բրդե սվիտեր և տաբատ։ Մրցարշավների համար հարմար են ծնկից ներքև կոճկվող կարճ տաբատը և զանգապանները։ Ուժեղ քամու կամ սառնամանիքի դեպքում սվիտերի վրայից պետք է հագնել տաք բաճկոն։ Խորհուրդ է տրվում օգտագործել բրդե սպիտակեղեն։ Առավել թեթև և հարմար է կոշտ ներբանով հատուկ կաշվե կոշիկը, որը պետք է մեկ համարով մեծ լինի երկու զույգ բրդե կամ մեկական զույգ բամբակե և բրդե գուլպաներ հագնելու համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել կաշվե կամ բրեզենտե թաթմաններ (բայց ոչ ձեռնոցներ). ցածր ջերմաստիճանի պայմաններում տակից հագնում են նաև բրդե ձեռնոցներ։ Գլուխը ծածկում են թեթև գործած կամ ականջակալներով գլխարկով։
Դահուկային գույքի անհրաժեշտ պարագաներից են ամրակապերը։ Դահուկային մարզաձևի պրակտիկայում կիրառում են տարբեր տեսակի ամրակապեր (նկ. 5, 6), նրանց կառուցվածքը պայմանավորված է Դ-ի կիրառման նպատակով։ Այսպես, օրինակ, որսորդական Դ-ի համար օգտագործվում են փափուկ, իսկ մրցարշավային և զբոսանքի Դ-ի համար՝ կոշտ ամրակապեր։
Դ. մաշվածքից պաշտպանելու և սահունությունը բարելավելու նպատակով օգտագործում են դահուկային քսուքներ։ Ըստ եղանակի և ձյան վիճակի կիրառվում են տարբեր գույնի քսուքներ, փոփոխական ջերմաստիճանի և թարմ ձյան ժամանակ սովորաբար օգտագործվում