Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըստ կառավարման եղանակի (օբյեկտիվի կիզակետում թափանցապատկերի փոխարինում) Դ-ները ստորաբաժանվում են ոչ ավտոմատ, կիսաավտոմատ և ավտոմատ տեսակների։

ԴԻԱՖԻԼՄ, թափանցապատկերային (դիապոզիտիվային) ֆիլմերը թույլ են տալիս բավարարել մարդկանց ճանաչողական և գեղարվեստական ամենաբազմազան հետաքրքրությունները։ Բազմազան է Դ-ի թեմատիկան. հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի գրականություն, կերպարվեստ և ճարտարապետություն, թատրոն, կինո և երաժշտություն, ֆիզկուլտուրա, սպորտ և զբոսաշրջություն, ինչպես նաև փաստագրական և տեսարանային ֆիլմեր։

Զգալի քանակությամբ Դ-եր, գլխավորապես գունավոր, թողարկվում են նախադպրոցականների, ցածր և միջին տարիքի դպրոցականների համար։ Դրանք ժողովրդական հեքիաթների, գեղարվեստական գրականության ստեղծագործությունների, կինոնկարների թեմաներով ժապավեններ են։ Որոշ մանկական գեղարվեստական Դ-եր թողարկվում են հնչյունային տեքստի ուղեկցությամբ (ձայնապնակների և մագնիտոֆոնային ժապավենների վրա)։ Այդ Դ-երը ցուցադրվում են առանց հատուկ սարքավորումների, որպեսզի էկրանին ցուցադրվող պատկերը համընկնի հնչյունային տեքստի հետ, կադրի փոփոխությունը պետք է կատարել ձայնապնակի, ժապավենի վրա գրանցված ձայնային ազդանշանին համապատասխան։

Դ-երն օգտագործում են նաև ընտանեկան ժամանցը կազմակերպելու համար։

Դ-երը երեխաների խոսքի, գեղագիտական ճաշակի զարգացման, աշխարհընկալման, գրքի, արվեստի նկատմամբ հետաքրքրության ձևավորման արդյունավետ միջոց են։ Դ. երեխային ցուցադրելուց առաջ հարկավոր է նախապես այն դիտել, մշակել մեկնաբանություններ, որոշել, թե որ կադրերի վրա պետք է դարձվի երեխայի ուշադրությունը։

Հարկավոր է նկատի ունենալ, որ Դ-երի նույնիսկ համեմատաբար կարճատև դիտումը լարում է տեսողությունը, որի հետևանքով նվազում է երեխայի տեսողության սրությունը, պարզ տեսնելու կայունությունը։ Նախադպրոցականներին ցանկալի է դիտել նվազագույն տեքստով տիկնիկային և նկարազարդ Դ-եր։ Դրանց ցուցադրման համար անհրաժեշտ է ձեռք բերել պլաստիկատե ստանդարտ էկրաններ, անթույլատրելի է Դ-երը ցուցադրել պատերի վրա. այդ դեպքում նվազում է պատկերման պայծառությունը և աղավաղվում են գույները։ Էկրանի կենտրոնը պետք է տեղադրված լինի հատակից 1-1,5 մ բարձրության վրա։ Դիապրոյեկտորը պետք է տեղադրել էկրանից 3-4 մ հեռավորության վրա, իսկ երեխային նստեցնել վերջինից 2 մ հեռավորությամբ։ Դ-երը պետք է ցուցադրել մթնեցված սենյակում, քանի որ նույնիսկ թույլ լուսավորվածությունը նվազեցնում է պատկերման պայծառությանը։

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ կարելի է առանց զգալի ծախսերի պատրաստել տանը։ Որպեսզի կերպարը համոզիչ լինի, Դ. հ. ընտրելիս պետք է հաշվի առնել այդ հանդերձանքը կրող մարդու խառնվածքը և բնական տվյալները, ինչպես նաև տարիքային առանձնահատկությունները (օրինակ, կենդանիների, թռչունների և ծաղիկների հանդերձանքը ավելի սազական է մանուկներին)։ Դ. հ. պետք է լինի վառ, գունեղ և արտահայտիչ։

Դ. հ. պատրաստելուց առաջ անհրաժեշտ է պարզորոշ պատկերացնել ստեղծվող կերպարի բնույթը, որոշել ամենաբնութագրական հատկանիշները և շեշտել բնութագրական առանձնահատկությունները։ Օրինակ, կախարդուհու քիթը հարկավոր է պատրաստել բնականից շատ ավելի մեծ՝ շեշտված կեռաձև, գլխաշորն աչքերին քաշել, տակից թողնել ճերմակ գզուզ մազերի փնջեր, փեշն անել երկար, գոտկատեղից մի կապ խոտ կախել։

Առաջին հերթին անհրաժեշտ է պատրաստել հագուստի ձևվածքը։ Եթե տրված է ձևվածքի նկարը, ապա այն պետք է անհրաժեշտ չափով մեծացնել (ցանցի կամ միլիմետրանոց թղթի միջոցով)։ Այն դեպքերում, երբ ձեռքի տակ ձևվածքի գծագրեր չկան, այլ կա միայն հագուստի նկարը, պետք է ընտրել դրան հարմար որևէ ժամանակակից հագուստի ձևվածք, ըստ որի կարված հագուստը չափափորձման ժամանակ հարմարացնել մարմնին։ Նկ. 1-ում ցույց է տրված չերքեզի չուխայի պատրաստման եղանակը տղամարդու բաճկոնի, կանացի թևքի և կիսաշրջազգեստի հիման վրա։ Ձևվածքը կտորի վրա են փոխանցում պատճենաթղթի օգնությամբ նկարը եզրագծելով կոշտ մատիտով։

Դ. հ. կարելի է պատրաստել տանը եղած ամենատարբեր նյութերից։ Կարող են օգտագործվել գործածությունից դուրս եկած զանազան իրեր, գործվածքի կտորտանքներ, որոնք գույնով, որակով և նախշով սազում են պատրաստվելիք հագուստին կամ նմանակում գազանի մորթի (խավոտ կտոր), ծաղկի նուրբ թերթիկներ (բարակ գունավոր թուղթ կամ կտոր) ևն։

Ստվարաթուղթը պիտանի է թե՛ ծավալային, թե՛ հարթ իրերի պատրաստման համար։ Ըստ ձևվածքի ստվարաթղթից պատրաստում են առանձին մւսնրամասներ, որոնք սոսնձում են իրար։ Սոսնձվող մասերից մեկի եզրի երկայնքով թողնում են 2 սմ լայնության շերտ կամ ատամնավոր եզրածալ, որն այնուհետև ծալում են և սոսնձում այնպես, որ չերևա։ Կոնաձև իրեր պատրաստելու համար շրջանից սեպաձև հատված են կտրում և թերի շրջանի կտրված եզրերը սոսնձում իրար։ Կոնի բարձրությունը և լայնությունը կախված են կտրվող սեպաձև հատվածի չափերից։

Կլոր իրերի ձևվածքը բաղկացած է 48 առանձին սեպաձև մասերից, որոնք իրար են սոսնձվում օղակի միջոցով (նկ. 2, 3)։

Հարթություններին ուռուցիկ ձև տալու համար համապատասխան տեղերում պետք է սեղմոններ անել կամ ուղղաձիգ կողմերը տրեզով ձգել (օրինակ, դիմակ և վահան պատրաստելիս, նկ. 4)։ Ստվարաթղթե մակերևույթն ուղղաձիգ վիճակում պահելու համար (օրինակ, աքաղաղի կատարը), վրան 3-4 սմ երկարության կտրվածքներ են անում և սոսնձելիս կտրված մասերը ծալում