Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակառակ ուղղություններով։ Եթե ստվարաթղթե մակերևույթը մեծ է, կարելի է կողքերից ամրացնող անկյունակապեր կպցնել։ Այս եղանակով կարելի է պատրաստել ուռուցիկ մասերով կենդանիների, թռչունների դիմակներ և զանազան գլխարկներ (նկ. 5)։

Հաստ թուղթը հարմար է օձիքների, հովհարների և այլ իրերի պատրաստման համար։ Օձիք պատրաստելիս կարելի է օգտվել օձիք հոդվածում բերված ձևվածքից։ Օձիքը կարելի է դրվագել սպիտակ բարակ կամ ծալքավորված թղթից պատրաստված ժանյակով կամ ծոպերով։

Ծալազարդ օձիք պատրաստելու համար հարկավոր է 1,5 մ երկարության և 14 սմ լայնության թղթի շերտը ծալքավորել (ծալվածքի լայնությունը 5-7 սմ) և եզրից 1 1/2 սմ հեռավորության վրա արված անցքով քուղ անցկացնել։ Որպեսզի քուղը դուրս չգա օձիքից, պետք է քուղի վրա պարանոցի շրջագծի երկարության համապատասխան հանգույցներ անել ազատ ծայրերը թողնելով կապելու համար։ Նույն եղանակով են պատրաստում հովհարը (թղթի շերտի երկարությունը 1 մ, լայնությունը 30 սմ)։ Ծալքավորված թուղթը հարկավոր է լայնությամբ ծալել, եզրաշերտի երկու մասերը սոսնձել, իսկ ծալված մասից 4 սմ հեռավորության վրա երկու անցք բացել քուղի համար։ Հովհարի առաջին և վերջին եզրաշերտերին պետք է ստվարաթղթի շերտեր կպցնել և ներկել ոսկրագույն ներկով։ Քուղի ծայրերից կարելի է ծոպեր կախել։ Նախքան թուղթը ծալքավորելը երկու կողմն էլ կարելի է նկարազարդել ջրաներկով։

Բարակ թուղթը կիրառում են ոլորվող մասերի համար (նկ. 6)։ Մորուք պատրաստելու համար կտորե հիմքի վրա ներքևից վերև կպցնում են թղթե ծոպերիզ։ Գանգուր մորուք պատրաստելու համար թղթի ժապավենները նախապես գանգրացնում են։ Սև մորուք պատրաստելու համար օգտագործում են սև լուսանկարչական թուղթ։ Նույն եղանակով կարելի է կեղծամ պատրաստել՝ լավ գանգրացրած թղթե ծոպերիզը կարելով թասակին։ Գլխարկի փետուր սարքելու համար 18 սմ x 40 սմ սպիտակ թուղթը երկարությամբ ծալում են, նկարում փետուրի եզրագծերը, ըստ դրանց կտրում, անկյունագծով կտրվածքներ անում և ծայրերը գանգրացնում։ Ավելի փարթամ փետուր ստանալու համար կարելի է այսպիսի 2-3 փետուր դնել իրար վրա և ամրացնել։ Փետուրին անհրաժեշտ կորություն տալու համար նրա միջով մետաղալար են անցկացնում։

Ծխախոտաթղթից և ծալազարդ թղթից պատրաստում են զրահներ կամ ձկան թեփուկներ, ժաբո, թեզանիք, բոլորածալ, վարդակապ, ծաղիկներ և ժանյակներ։

Ժաբո և թեզանիք պատրաստելու համար վերցնում են 20-25 սմ լայնության ծխախոտաթուղթ կամ ծալազարդ սպիտակ թուղթ, միջնագծով փոթ-փոթ հավաքում թելի վրա և երկտակում։ Ժաբոն կտրելով ամրացնում են սպիտակ շապիկի կրծքամասին, իսկ թեզանիքը՝ 30-35 սմ երկարության տրեզին՝ ազատ ծայրերը թողնելով կապիչների համար։ Բոլորածալն անում են նույն եղանակով, ինչ թեզանիքը, այն տարբերությամբ, որ թուղթը կարող է լինել զգեստին հարմար ցանկացած գույնի։ Ծալազարդ թղթից պատրաստված բոլորածալը փարթամացնելու համար ծայրերը մի քիչ հարթում են։

Ծալազարդ թղթին կարելի է անհրաժեշտ ձև տալ և ծալքավորել թուղթը որոշակի տեղերում հավաքելով կամ ձգելով։ Ծալազարդ թուղթը հարմար է զգեստի ֆիժմաներ և լապտերաձև թևքեր պատրաստելու համար։ Երկուսն էլ ամրացնում են հագուստը հագնելուց հետո։

Ժանյակ պատրաստելու համար սպիտակ թղթի շերտը մի քանի անգամ ծալում են, նախշը մատիտով նկարում, մկրատով կտրում, ապա թուղթը հարթեցնում։

Թղթազանգվածից (պապիեմաշե) սովորաբար պատրաստում են ծավալային դիմակներ։ Նախ կավից կամ պլաստիլինից կաղապար են սարքում, վրան որևիցե յուղ քսում, ապա պատում ջրի մեջ թրջած թղթի կտորներով։ Երկրորդ և հաջորդ շերտերը (մինչև 5) դնելուց առաջ նախորդ շերտը պատում են շրեշով (տես Սոսնձում): Լավ չորանալուց հետո դիմակը հանում են կաղապարից (նկ. 7), անցքեր