Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը «Տնային տնտեսության հանրագիտարանով» սկսում է «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարի հրատարակությունը։ Այն ներառնում է նաև «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» և «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը։

Մատենաշարի յուրաքանչյուր գիրք որոշակի թեմատիկ ուղղվածության ինքնուրույն հանրագիտարան է և մատենաշար է ներառվել հետամտած ընդհանրական նպատակից ելնելով՝ օգնել մարդկանց ճանաչելու իրենց կենցաղը, առավել արդյունավետ կազմակերպելու իրենց առողջությունն ու հանգիստը, ճանաչելու ու լավագույնս կողմնորոշվելու հայրենի բնաշխարհում, հոգալու նրա պահպանության ու վերարտադրության մասին։

«Տնային տնտեսության հանրագիտարանը» մատենաշարի առաջին գիրքն է և կազմված է 7 բաժնից. Բնակարան, Սնունդ, Առողջություն և կոսմետիկա, Հագուստ և կոշիկ, Ժամանց, Այգեգործական հողամաս, Տոներ և հիշատակի օրեր:

Բնակարան բաժինը ընթերցողին ծանոթացնում է ժամանակակից բնակարանի և նրա կահավորման առանձնահատկություններին, կենցաղի հիգիենայի կանոններին, տան պայմաններում աճեցվող բույսերի ու պահվող կենդանիների խնամքի նրբություններին, կենցաղային բազմատեսակ ու օրըստօրե համալրվող սարքերից օգտվելու կարգին, տրանսպորտի միջոցներին։

Սնունդ բաժինը կոչված է ներկայացնելու սննդամթերքն ու մարդկանց սնման ռեժիմը, խոհանոցային ամանեղենն ու հարմարանքները, սննդամթերքի պահածոյման առանձնահատկությունները։ Նրբաճաշակ խոհարարուհին այս բաժնում կարող է գտնել ծանոթ և անծանոթ, ազգային ու ոչ ազգային բազմաթիվ ուտեստեղենի պատրաստման եղանակներ։

Առողջությունն ու կոսմետիկան մարդկային բարեկեցության անբաժան մասերն են։ Այս բաժնում օգտակար տեղեկություններ կան մարդու օրգանիզմի կոփման, տարածված հիվանդությունների, առաջին օգնություն ցույց տալու, տնային պայմաններում հիվանդներին խնամելու և կենցաղի կարևոր մասերից մեկի՝ կոսմետիկայի նրբությունների մասին։

Հագուստ և կոշիկ բաժնի հոդվածներից կարելի է սովորել կարուձևի տեխնիկա, ձեռք բերել մոդելային հագուստի ու կոշիկի ընտրության հմտություն, խորանալ հյուսքի, կոշիկի ու հագուստի խնամքի նրբությունների մեջ։

Ժամանցն այսօր իր նոր դրսևորումներն է գտնում մարդկանց կենցաղում տեխնիկայի տարբեր ձևերով։ Մարդիկ տան պայմաններում ոչ միայն աշխատում, այլև խաղում ու հանգստանում են։ Բաժնում լուսաբանվում են սենյակային տարատեսակ