Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղավնիների, ագռավների և այլ խոշոր թռչունների համար անմատչելի պարզագույն կտաման է ոչ խոր արկղիկը, որի անկյուններում, հատակի վրա, ամրացվում են արկղի կողերից 3-3,5 սմ բարձր կոճղիկներ։ Դրանց վրա պետք է ամրացնել արկղի չափերից փոքր-ինչ մեծ չափերով նրբատախտակից կափարիչ։ Երաշտահավերն ազատորեն մտնում են կափարիչի տակի անցքից (նկ. 4, ա)։

Թռչունների ձմեռային կերերն են արևածաղկի, կանեփի սերմերը, կենդանական ճարպով համեմված «Հերկուլես» տաք վարսակաձավարը։ Մեծ երաշտահավերի համար աշնանը կարելի է պահեստավորել ձմերուկի, սեխի և դդմի կորիզներ։ Երաշտահավերը կտցահարում են միսը (հում, եփած և տապակած), քչփորում ոսկրածուծը, շատ են սիրում կենդանական ճարպ (հում կամ եփած, բայց ոչ աղ դրած)։ Թռչուններին ճարպով կերակրում են անգլիական քորոցին նմանվող կերակրամաններից (նկ. 4, զ), որոնք մոտ 10 սմ երկարությամբ մի ծայրը խարտոցով սրված կոր պողպատալարեր են։ Ճարպի կտորները կարելի է նաև կապել թելով և գցել ծառի վրա։

Ճնճղուկներին կերակրելու համար հարմար են ալրախառն կերերը՝ սպիտակ հացի փշուրները կամ թրջած մնացորդը, կորեկը։ Ճնճղուկները հեշտությամբ են սովորում սնվել երաշտահավերի կերակրամանների ճարպով։

Ձմռանը թռչուններին կերակրելը, դրանց որոշակի տեղին վարժեցնելը և դիտելը բնասերին՝ մեծ թե փոքր, մեծ հաճույք է պատճառում։

ԼՈՂ, մարդուն հայտնի է հնագույն ժամանակներից. պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին վերաբերող մարդկանց պատկերներ, որոնք լողում են կրոլ (արագալող) և բրաս (գորտնալող) եղանակները հիշեցնող ձևերով։

Լ. զարգացնում է մկանային համակարգը, հոդերի շարժունակությանը, կատարելագործում շարժումների համակարգումը, ամրապնդում նյարդային համակարգը, բարելավում նյութափոխանակությունը, ընդլայնում շնչառական և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները։ Տարբերակվում է առողջարարական, մարզական և կիրառական Լ.։

Առողջարարական Լ-ի պարբերական պարապմունքները կոփում են օրգանիզմը, նպաստում շնչառական հիվանդությունների կանխարգելմանը, կատարելագործում ֆիզիկական զարգացումը։ Առողջարարական Լ-ով կարելի է զբաղվել մարզական բազաներում, ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում ստեղծվող և այլ առողջարարական խմբերում, ինչպես նաև անհատական կարգով։