ճանճորսը սիրում է լուսավոր բուն, ուստի, երբ 5-6 տարուց դրա փայտը մգանում է, բավական է սպիտակեցնել բնի ներսը և ճանճորսը կրկին այնտեղ կբնակալի։ Երաշտահավը նախընտրում է հին, մգացած բուն, ուստի պետք է նոր բնի ներսը ներկել խածատիչով։ Երկու թռչուններն էլ նախընտրում են դրսից կանաչ ներկած բներ։
Կլոր անցքերով Թ-ում թռչուններն ավելի հեշտությամբ են բնակալում, քան ուղղանկյուն անցքերով Թ-ում (նկ. 2)։
Երբեմն մեծ խայտաբղետ փայտփորիկը երաշտահավի բնի անցքերը կտցահարելով մեծացնում է (ձմռանն օթևան դարձնելու, ամռանը փոքր թռչունների ձագերին հանելու համար)։ Փայտփորիկից պաշտպանելու համար պետք է անցքի շուրջը խփել 8-10 մանր, գլխիկավոր մեխեր կամ դրսից ամրացնել մեջտեղում անցքից մեծ բացվածք ունեցող թիթեղի կտոր (հարմար է պահածոյի բանկայի կափարիչը)։
Այդպիսի Թ-ից (տնակներից) բացի կիրառում են նաև, այսպես կոչված, արհեստական փչակներ (նկ. 2. գ), որոնք պատրաստում (փորում) են փայտի կլոր կտորից՝ վրան մեխելով կափարիչ։ Երաշտահավերի արհեստական փչակների անցքի տրամագիծը 3,0-3,5 սմ է։ Սարեկաբները սովորաբար կախում են վաղ գարնանը, մինչև թռչունների չվադարձը (Հայաստանում՝ մարտի սկզբին), իսկ երաշտահավի բները կարելի է կախել ավելի ուշ։ Թ. կարելի է կախել նաև ամռանը կամ աշնանը։
Ավելի հեշտ է Թ. ծառերին ամրացնել ալյումինե լարով (նկ. 2)։ Դրա համար պետք է Թ-ի հետևի պատի երկայնական կողերին, միջնամասից վերև մեխեր գամել. երրորդ մեխը գամել առջևի պատի կողերից մեկին՝ նույն բարձրությամբ։ Որպեսզի կատուները և ագռավները չկարողանան Թ-ի կափարիչը գցել, պետք է հետևի պատին գամված մեխերից մեկին ամրացնել լար և կարճ ծայրը առիշեղ անցկացնել կափարիչի վրայով ու փաթաթել Թ-ի առջևի պատին գամված մեխին։ Լարի երկար ծայրը պետք է փաթաթել ծառաբնին և ամրացնել Թ-ի հետևի պատի կողին գամված մեխին։
Երաշտահավի բներ կախում են տնամերձ այգիներում, զբոսայգիներում, անտառում, բակերում՝ գետնից առնվազն 3-4 մ բարձրությամբ։ Սարեկաբները կախում են հնարավորին չափ բարձր, թռչունների կերակրատեղերի մարգագետինների, պարապուտ տեղերի, այլ բաց տարածությունների մերձակայքում։ Քաղաքներում սարյակները բնավորվում են բարձրահարկ շենքերի պատշգամբներին ամրացված սարեկաբներում։ Բնի անցքի ուղղվածությունն էական նշանակություն չունի։ Թ. պետք է կախված լինի մի փոքր դեպի առաջ թեքված կամ ուղղաձիգ (կարելի է թեթևակի թեքել դեպի աջ կամ ձախ, սակայն չի թույլատրվում հետ թեքել)։
Թռչունների կերակրումը։ Ձմեռային կերապակասության ժամանակ բազմաթիվ թռչուններ բնավորվում են մարդկանց բնակատեղերի մոտ։ Ձմռան սառնամանիքին երաշտահավերը սնվում են միայն իրենց համար սարքավորված կտամաններում լցված կերով, իսկ բարենպաստ օրերին նաև միջատներով։
Թռչանների կտամանները կարող են տարբեր ձև ունենալ։ Պտղատու այգիներում հարմար է կախել ինքնաթափ կտաման (նկ. 3), որոնց կողքի պատերին թեք ակոսատներ են արվում նրբատախտակե կամ թիթեղե սողնակ հագցնելու համար։ Կափարիչը փակվում է ամուր։ Կերը լցնելիս կտամանը պետք է հատակով դեպի վեր շրջել, հետ քաշել սողնակը, լցնել կերը, սողնակը հրել մինչև վերջ։ Կտամանը պետք է կախել, թեթևակի բարձրացնել սողնակը, որպեսզի հատակի մոտ գոյացած ճեղքից փոքր քանակությամբ կեր թափվի։ Ինքնաթափ կտամանի մեջ կերը լցվում է միանգամից ամբողջ շաբաթվա համար, դրանում կերը պաշտպանված է անձրևից ու ձյունից։
Սենյակից թռչուններին հետևելու համար պատրաստում են ապակե պատով կտաման (նկ. 4, բ) և ապակին կիպ ամրացնում լուսամուտի արտաքին շրջանակին։ Երաշտահավերին պատշգամբում կերակրելու համար որպես կտաման կարելի է օգտագործել 1-2 լ տարողությամբ սովորական ապակե բանկա։ Պլաստմասսայե կափարիչի վրա պետք է կլոր անցք անել (տրամագիծը 3,0-3,5 սմ), իսկ բանկայի ծավալի 1/3 լցնել կերով։ Այնուհետև բանկան հարկավոր է փակել կափարիչով և անցքը դեպի վեր դիրքում կախել պատշգամբի բազրիքից կամ ծառի ճյուղից (նկ. 4, գ)։ Երաշտահավերին կերակրելու համար կտաման կարելի է պատրաստել նաև կաթի տուփից (նկ. 4, դ), մրգահյութի կամ կաթի պահածոյի դատարկ թիթեղե բանկայից, որոնց կողքերից հարկավոր է մեկ-երկու անցք բացել, մեջը կեր լցնել և կախել՝ անվնաս հատակը դեպի վեր (նկ. 4, ե)։