Խոնավասեր Կ. ձմռանը պետք է գտնվեն +14...+17 °C ջերմաստիճանի պայմաններում, չափավոր խոնավ հողում։
Կ. բազմացվում են երեք եղանակով՝ սերմերով, պատվաստմամբ և կտրոններով։ Սերմերով և պատվաստմամբ բազմացնելը բարդ է։ Կ. հեշտ են բազմացվում կտրոններով։ Որոշ տեսակներ, բնականոն աճմանը և ծաղկելուն զուգընթաց, տալիս են նաև նոր շիվեր «ձագուկներ», որոնք կարելի է սուր նշտարով անջատել մայր բույսից, ստորին մասում հատած կոնի ձևով կտրվածք անել, վրան փայտածխի կամ ծծմբի փոշի ցանել և դնել զով տեղում, որպեսզի կտրվածքը կեղևակալի (դա կարող է տևել մի քանի օրից մինչև մեկ շաբաթ և ավելի)։ Այնուհետև կտրոնը պետք է դնել լավ լվացած և պարբերաբար խոնավացվող ավազի մեջ արմատակալելու։ Արմատակալումը արագանում է, երբ ավազով ամանը տակից թեթևակի տաքացվում է լամպով կամ այլ եղանակով։ Արմատակալելուց (մի քանի շաբաթից) հետո պետք է տեղափոխել թաղարի մեջ։
Կ. ոչ ճիշտ խնամքի դեպքում կարող են հիվանդանալ կամ վարակվել տարբեր վնասատուներով։
ԿԱՀՈՒՅՔ, ըստ նշանակության լինում է ընդհանուր սենյակի, ննջասենյակի, հյուրասենյակի, ճաշասենյակի, աշխատասենյակի, մանկական սենյակի, խոհանոցի, նախասենյակի և լողասենյակի։ Կարելի է օգտագործել թե՛ Կ-ի առանձին տարրեր, թե՛ կահույքի լրակազմեր, ինչպես նաև ամբողջ բնակարանի, մի սենյակի կամ բնակարանի առանձին հատվածի համար Կ-ի հավաքածուներ։ Բնակարանը կահավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել ընտանիքի պահանջները և բնակարանի չափերը (տես Բնակարանի կահավորանք, Ներկառուցված կահույք):
Կ. լինում է ամբողջական, որի մեջ մտնում են կահավորանքի անփոփոխ առարկաներ, հավաքովի-քանդովի, որը կարելի է հեշտությամբ տեղափոխել, համապիտանի-հավաքովի և մասերով (բաղկացած է մի քանի առանձին ավարտուն տարրերից)։ Վերջիններս կարելի է տեղադրել մեկը մյուսի վրա, ինչպես նաև օգտագործել որպես ինքնուրույն առարկաներ։
Դարակավոր Կ-ի հիմքը փայտե կամ մետաղե ուղղաձիգ կրող հենականգնակներն են, որոնց միջև ամրացվում են առանձին բաժանմունքներ, դարակներ, արկղեր և այլ միացնող տարրեր։ Կ-ի այս տեսակն ապահովում է տարբերակների բազմազանություն։
Ձևափոխելի Կ-ի կառուցվածքն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս առանձին մասերի տեղափոխումով փոխել Կ-ի դերը և չափերը։ Կ-ի այդ տեսակից են բազկաթոռ-մահճակալը, բազմոց-մահճակալը, պահարանի մեջ հավաքվող կամ մեկը մյուսի տակից դուրս քաշվող մահճակալները, իջեցվող կամ ծալվող երեսով սեղան-պատվանդանը, սեկրետերը և հետգցովի կափարիչով (երբեմն դուրսքաշովի հենարան-պատվանդանով) սպասքապահարան-սեղանը ևն։
Կ. հիմնականում պատրաստում են փայտից և փայտանյութից (ատաղձագործական, փայտատաշեղավոր և փայտաթելքավոր սալերից, սոսնձած նրբատախտակից ևն)՝ օգտագործելով նաև պլաստմասսա և մետաղ: Երեսապատման համար օգտագործում են բնական և սինթետիկ միաշերտ նրբատախտակ, թաղանթներ, թղթաշերտավոր պլաստիկ ևն, փափուկ Կ-ի համար՝ ճկուն ժապավեններ, սպունգառետին, փրփրապոլիուրետուն, բնական և սինթետիկ գործվածքներ, արհեստական կաշի և այլ նյութեր։ Զանգվածային կենցաղային Կ. պետք է բավարարի հիգիենիկ պահանջներին և լինի հարմարավետ։
Կ-ի խնամքը։ Մշտական և ճիշտ խնամքը զգալիորեն երկարացնում է Կ-ի օգտագործման ժամկետը։ Խորհուրդ չի տրվում Կ. տեղավորել ջեռուցման սարքերին շատ մոտ կամ էլ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Դրանից Կ. չորանում և ծռմռվում է։
Շատ կարևոր է, որ Կ. դրվի հարթ հատակին, քանի որ հատակի խորդուբորդությունը կարող է առաջացնել Կ-ի շեղվածք և առանձին մասերի (դռներ, արկղեր) ձևափոխություն։ Որպեսզի Կ. չքերծի, անրաժեշտ է ոտքերին կպցնել ֆետրի կամ թաղիքի կտորներ։
Լաքապատ և ողորկած մակերևույթների փոշին սրբում են մաքուր չոր շորով (գերադասելի է մահուդը)։ Ողորկած մակերևույթը չի կարելի մաքրել խոնավ շորով, քանի որ ջրից այն փչանում է։ Փափուկ Կ. մաքրում են փոշեծուծով կամ խփելով։ Փափուկ Կ-ի պաստառի ճարպաբծերը կարելի է մաքրել բծամաքրիչ նյութով (տես Կեղտաբծերի հանում) կամ զտած բենզինով։ Խավոտ և