Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ տեսակի գործվածքներով երեսպատված Կ-ի մաքրման համար թողարկվում են հատուկ նյութեր։ Կ-ի սինթետիկ նյութերով պատված մակերևույթը կարելի է մաքրել գոլ օճառաջրով, իսկ ճարպաբծերը հեռացնել մանրած կավճի և բենզինի խառնուրդով։ Արհեստական կաշվով երեսապատված Կ-ի մաքրման համար թողարկվում են հատուկ հեղուկ միջոցներ։

Ողորկած և լաքապատ Կ-ի մաքրման և փայլի վերականգնման համար թողարկվում են հատուկ միջոցներ, որոնց օգտագործումը պահպանում է Կ-ի գեղեցիկ տեսքը։

Արտադրվում են մոմե և յուղե հիմքով մածուկանման, հեղուկ և էմուլսային ողորկամիջոցներ՝ սիլիկոնների, էմուլսող, կայունացնող և ջրամերժ նյութերի հավելումով։ Մոմերը և մոմանման նյութերը Կ-ի մակերևույթի վրա գոյացնում են մաշակայուն պաշտպանիչ փայլուն թաղանթ, սիլիկոնները բարձրացնում են ջրակայունությունը և ավելացնում փայլը։ Լուծիչներով հեռացնում են Կ-ի մակերևույթի ջրաբծերը։ Հեղուկ, մածուկանման և էմուլսային ողորկամիջոցները Կ-ի մակերևույթին են քսում թանզիֆի կամ փափուկ գործվածքի լաթով, 15-20 րոպե հետո չորացած թաղանթը փայլեցնում են փափուկ կտորով կամ մահուդալաթով։

Աերոզոլային միջոցները հարկավոր է փոշեցրել Կ-ի մակերևույթին և 20 րոպե հետո փայլեցնել։

Ողորկած և լաքապատ Կ-ի փայլեցման, ճարպաբծերի հեռացման համար թողարկում են հատուկ անձեռոցիկներ։

ԿԱՀՈՒՅՔԻ ԼՐԱԿԱԶՄ, կահույքի հավաքածու, որը նախատեսված է բնակարանի որևէ սենյակի կահավորման համար և ամբողջական է ըստ մտահղացման, ոճի, նյութի, գույնի։

Յուրաքանչյուր սենյակի (ճաշասենյակի, աշխատասենյակի, ննջասենյակի ևն) Կ. լ. ներառում է որոշակի առարկաներ։ Օրինակ, ննջասենյակի լրակազմը սովորաբար բաղկացած է մեկ երկտեղ կամ երկու միտեղանի մահճակալներից, մահճակալամերձ երկու ցածր պահարաններից, հարդարանքի սեղանից կամ պատվանդանով հայելուց, զգեստապահարանից և փափկաթոռակից։ Կ. լ. վաճառվում է ամբողջական։

Փոքրամակերես բնակարանի սենյակի կահավորման համար հարմար է ոչ թե Կ. լ., այլ կահույքի այնպիսի հավաքածու, որի մեջ մտնում են ամբողջ բնակարանի, ինչպես նաև առանձին հատվածների կահավորման համար անհրաժեշտ բոլոր առարկաները։ Հավաքածուի առանձին առարկաները ևս պետք է համապատասխանեն ոճով, ձևով և գույնով։

ԿԱՅՈՒՆԱՐԱՐ ԼԱՐՄԱՆ, նախատեսված է հեռուստատեսային ընդունիչները և այլ ռադիոսարքեր լարման տատանումներ ունեցող էլեկտրական ցանցին միացնելու համար։ Կայունարարն ավտոմատ կերպով պահպանում է սնուցման անհրաժեշտ լարումը։ Այն աշխատում է 127 Վ կամ 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից՝ տալով 220 Վ անվանական ելքային լարում։ Կայունարար ընտրելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նրան միացված էներգիայի սպառողների ընդհանուր հզորությունը չպետք է գերազանցի կայունարարի հզորությունը (մեծությունը նշված է մոդելի անվանման մեջ)։ Այսպես, «ՓԼԿ-400» նշանակումը ցույց է տալիս, որ փոփոխական հոսանքի տվյալ կայունարարը նախատեսված է 400 Վտ հզորության համար։

ԿԱՆԹԵՂԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, ամպելային բույսեր, կախովի բույսեր, կախվող, փաթաթվող կամ մագլցող ցողուններով բույսեր, որոնց կարելի է աճեցնել կախովի սկահակներում, թաղարներում ևն։ Դրանք սովորաբար մշտադալար, բազմամյա, գեղազարդ տերևավոր կամ գեղեցիկ ծաղկող բույսեր են։ Կ. բ-ով զարդարում են բնակելի շենքերի պատշգամբները, պատվանդանները, ցուցափեղկերը ևն։ Բույսերը կախում են պատուհանների առջև կամ պատերին ամրացված բարձրակներից գեղազարդ կախովի թաղարներով, փայտե կամ հյուսկեն զամբյուղներով։ Կ. բ. (բացառությամբ սուկուլենտների՝ հյութալի բույսերի) պետք է ամեն օր ջրել և ցողել սենյակի ջերմաստիճանի ջրով, իսկ շաբաթը մեկ թաղարներով ընկղմել ջրի մեջ, որպեսզի հողի կոշտերը լավ թրջվեն։ Ամեն տարի գարնանը հողը պետք է փոխել։ Սենյակները զարդարելու համար խորհուրդ է տրվում աճեցնել հետևյալ բույսերը։

Գեղազարդ տերևավորներ. բեգոնիա, բաղեղ, ծնեբեկ, քարբեկ, սելագինելա, բամբասանք, ֆիկուս ևն։

Գեղեցիկ ծաղկողներ. զանգակածաղիկ, ծխածաղիկ, երեմ ևն։

Սուկուլենտներ. թանձրատերևազգիներ, կակտուսազգիներ, շուշանազգիներ, ագավազգիներ ևն։

Փաթաթվող կամ մագլցող ցողուններով, արհեստական հենարանի կարիք ունեցող որոշ բույսեր ցանկալի է աճեցնել որպես լիան։ Պարզ հենարաններ են ուղղաձիգ ցցիկները կամ հնդկեղեգի փայտիկները (ցանկացած նյութից), կամարները, որոնց կապում են բույսերը։