Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարվածի ենթակա «քարը» վերցնելը պարտադիր է։ Հարվածի տակ գտնվող հակառակորդի «քարերը» վերցնելու մի քանի հնարավոր տարբերակներից պետք է ընտրել առավելագույն թվով «քար» վերցնելու տարբերակը, անկախ այն բանից, թե դրանից հետո հարձակվողի համար ինչ դրություն կստեղծվի խաղատախտակի վրա։ Հաղթում է մրցակցի բոլոր «քարերը» վերցնող խաղացողը։ Ոչ-ոքի է արձանագրվում խաղատախտակին մեկական «քար» մնալիս։

Տ-ի գիլու (գայլի) տարբերակի խաղատախտակը քառակուսի է՝ բաժանված երեք հորիզոնական և երեք ուղղահայաց գծերով 16 համահավասար վանդակի։ Վանդակները անկյունագծերով հատվում են։ Խաղացողներից մեկն ունի երկու «քար»՝ «գայլեր», իսկ մյուսը 20 «քար»՝ «ոչխարներ» (նկ.)։

Խաղի կանոնները։ Սկզբում «քարերը» դասավորվում են ինչպես ցույց է տրված նկ-ում։ Խաղի ընթացքում «գայլերի» խնդիրն է «ուտել»՝ դաշտից դուրս բերել «ոչխարներին», իսկ «ոչխարներինը»՝ շրջափակել «գայլերին»։ Շարժվել կարելի է միայն մեկ վանդակ՝ գծերի մի հատման կետից մյուսը։ «Գայլերը» կարող են շարժվել ցանկացած ուղղությամբ և վերցնել («ուտել») անպաշտպան «ոչխարներին» (որոնք կողքերից և թիկունքից պաշտպանված չեն)։ Միաժամանակ կարելի է վերցնել մեկ կամ մի քանի «ոչխար», եթե դրանք դասավորված են մեկընդմեջ և պաշտպանված չեն։ Խաղն սկսում են «գայլերը»։ Խաղասկզբում «ոչխարները» կարող են քայլել միայն դեպի առաջ, իսկ երբ խաղի մեջ է մտել 15 «ոչխար», իսկ հինգը դասավորված են ելակետերում՝ յուրաքանչյուր կետում մեկը, նաև դեպի կողմ և անկյունագծերով։ Եթե «գայլերին» հաջողվի 13 «ոչխար» «ուտել», խաղն ավարտվում է նրանց հաղթանակով։ Եթե «ոչխարներին» հաջողվի «գայլերին» զրկել քայլ կատարելու հնարավորությունից, ապա հաղթում են «ոչխարները»։

Տ-ի ռեզ (շարք) տարբերակի խաղատախտակը իրար մեջ դասավորված երեք քառակուսիներ են, որոնք կապվում են ուղղագծերով (նկ.)։ Խաղում են երկու հոգով՝ յուրաքանչյուրն ունենալով իննական «քար»։ Խաղը սկսվում է վիճակահանությամբ։

Խաղի կանոնները։ Խաղացողները իրենց «քարերը» հերթականությամբ դասավորում են գծերի հատման կետերում մի շարքի վրա՝ խնդիր ունենալով երեք «քար» դասավորել մի գծով, այսինքն՝ երեք հատման կետերում մի շարքի վրա։ Եթե խաղացողներից մեկին դա հաջողվում է, ապա նա իրավունք է ստանում վիրցնել հակառակորդի ցանկացած «քարերից» մեկը, բացառությամբ մեկ շարք կազմած քարերի։ Այնուհետև քայլ է կատարում «քար» կորցրած խաղացողը։ Եթե խաղացողներից մեկին մնացել է միայն երեք «քար», նա իրավունք ունի իր խաղաքարերը փոխադրել ցանկացած ուղղությամբ և տեղավորել ցանկացած կետում, եթե, իհարկե, տեղն ազատ է։ Քայլերը կատարվում են մի կետից մյուսն անցնելով, բոլոր ուղղություններով։ Նույն շարքը կարելի է կազմել անսահմանափակ անգամ։ Դա հնարավոր է, քանի որ կազմված շարքի «քարերից» մեկը կարող է հեռանալ կողմ և այնուհետև կրկին վերադառնալ իր տեղը՝ կազմելով շարք, և իրավունք ստանալ վերցնել հակառակորդի «քարերից» մեկը։ Տարվում է այն խաղացողը, ում երեքից պակաս «քար» է մնում և դրանցով հնարավոր չէ շարք կազմել

Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են Տ-ի շրջանային, քաղաքային և հանրապետական մրցումներ։ 1990-ին կազմավորվել է Տ-ի հանրապետական ֆեդերացիան։

ՏԵՍԱԽՑԻԿ, կենցաղային, բլոկավոր սարք, կազմված է հեռուստախցիկից (որի լուսաընդունիչը լիցքային կապով կիսահաղորդչային սարք է) և որոշակի ֆորմատով աշխատող պարկուճային տեսամագնիտոֆոնից:

Հեռուստախցիկը հեռուստատեսային ազդանշանի տվիչի վրա (նախատեսված է պատկերը էլեկտրական ազդանշանի փոխակերպելու համար) ստեղծում է նկարահանվող առարկայի օպտիկական պատկերը։

Հեռուստախցիկի օպտիկական գլխիկը (նրանից է կախված ստացվող պատկերի որակը) բարդ օպտիկամեխանիկական համալիրների ամբողջություն է և կազմված է վարիոօբյեկտիվից (փոփոխական կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվ), ավտոմատ կառավարման համակարգից։ Որոշ Տ-ների հեռուստախցիկը հանդերձված է նաև գունաբաժանիչ բլոկով։

Վարիոօբյեկտիվի կարևոր բնութագրերն են կիզակետային հեռավորությունը, հարաբերական բացվածքը, լուծունակությունը։

Կենցաղային Տ-ներում սովորաբար օգտագործում են լայնանկյուն վարիոօբյեկտիվներ (տրանսֆոկատորներ)։

Դիտոցը (տեսափնտրիչը) նախատեսված է հեռուստակադրի սահմանները և հեռուստակադրում պատկերի տեղը որոշելու, ինչպես նաև օբյեկտիվի կիզակետման (որոշ Տ-ներում կիզակետումը կատարվում է ավտոմատ) համար։ Մասնագիտական Տ-ներն ունեն մեծ տեսափնտրիչ և մեծ լուծունակությամբ գունավոր մոնիտոր։

Տ-ի գլխավոր առանձնահատկությունները պայծառության և գունավորության ազդանշանների գրանցման անջատ համակարգերն են և գունավորության ազդանշանների ժամանակային խտացման կիրառումը։ Տարբերում են նմանակային (VHS, VHS-C, Super VHS.Beta, 8 մմ Video Hi8) և (DV) Տ-ներ: DV ֆորմատի ներդրմամբ ներկա սերնդի Տ-ները ապահովում են ձայնի և պատկերի բարձր որակ։ Թվանշանային խտացման տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում էապես կատարելագործել նախորդ սերունդների Տ-ների տեսագրանցման միջոցների պարամետրերը։