Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, ապա խաղավար է դառնում իրենից աջ նստած խաղացողը։

ՎՈԼԵՅԲՈԼ, թիմային մարզախաղ գնդակով։ Խաղահրապարակում ձգած ցանցի վրայով նույն թիմի մարզիկները 3-ից ոչ ավելի հարվածով գնդակն այնպես են ուղարկում մրցակից թիմի կողմը, որ այն դիպչի դաշտին կամ հետ ուղարկվի խաղի կանոնների խախտմամբ։ Գնդակին հարվածում են ձեռքով կամ գոտկատեղից վերև մարմնի ցանկացած մասով։ Խաղին մասնակցում է 6-ական խաղացողից բաղկացած 2 թիմ։ Խաղն առաջացել է 1895-ին ԱՄՆ-ում։ Վ. զարգացնում է ճարպկություն, ուժ, բարելավում է շարժումների համակարգումը և հարմար է ցանկացած դաշտում խաղալու համար։

Խաղադաշտն ուղղանկյունաձև է և ցանցով բաժանված է 2 հավասար մասի (նկ.)։ Տղամարդկանց համար ցանցի բարձրությունը 2,43 մ է, կանանց համար՝ 2,24 մ։ Ցանցի լայնությունը 1 մ է, երկարությունը՝ 9,5 մ։

Խաղի կանոնները։ Խաղադաշտում խաղացողները կանգնում են որոշակի կարգով, երեքը՝ առջևի և երեքը՝ հետևի գծում։ Սկսզբնահարված կատարելիս բոլոր խաղացողները պետք է գտնվեն խաղահրապարակի համապատասխան գոտիներում, իսկ խաղի ընթացքում կարող են ազատ տեղափոխվել։

Խաղն սկսվում է խաղադաշտի համապատասխան տեղից կատարվող սկզբնահարվածով։ Այն համարվում է ճիշտ, եթե գնդակն անցնում է ցանցի վրայով՝ չդիպչելով նրան և ընկնում հակառակորդի դաշտը։ Սկզբնահարվածը սխալ է, եթե գնդակը դիպչում է ցանցին, սկզբնահարվածը կատարող թիմի խաղացողին, անցնում է ցանցի տակով կամ ընկնում դաշտի սահմաններից դուրս: Սկզբնահարվածը սխալ է նաև, եթե այն կատարվում է երկու ձեռքով, առանց գնդակը վեր գցելու, ոչ նշված տեղից, առանց հերթականությունը պահելու, հրումով կամ նետումով։ Սկզբնահարված կատարողն իրավունք չունի անցնել կամ տրորել խաղադաշտի եզրագիծը։ Սկզբնահարվածը շահելուց հետո խաղացողները փոխում են տեղերը, յուրաքանչյուր խաղացող ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ անցնում է հարևան խաղացողի տեղը։

Խաղի ընթացքում հարվածները կատարվում են առանց գնդակը բռնելու կամ պահելու։ Եթե երկու խաղացող միաժամանակ են դիպչում գնդակին՝ հաշվվում է երկու հարված և նրանցից ոչ մեկը չի ունենում երրորդ հարվածի իրավունք։ Խաղի ժամանակ արգելվում է դիպչել ցանցին, բացառությամբ այն դեպքերի, երբ ցանցը գնդակի հարվածից ճկվելով դիպչում է խաղացողին։

Ընդունող թիմը կորցնում է գնդակը, իսկ սկզբնահարված կատարած թիմը՝ հերթական սկզբնահարվածի իրավունքը, երբ գնդակը դիպչում է սեփական խաղադաշտին, թիմակիցները գնդակը պահում են կամ նետում, նույն խաղացողը գնդակին դիպչում է երկու անգամ անընդմեջ՝ բացի «պաշարումից» (բլոկից) հետո դիպչելուց, թիմը երեք հարվածից ավելի է կատարում, սկզբնահարվածի ժամանակ խախտվում է խաղացողների դասավորությունը, խաղացողներն անցնում են միջին գիծը, ցանցի վրայով դիպչում հակառակորդի կողմում գտնվող գնդակին («պաշարման» ժամանակ թույլատրվում է), գնդակն ընկնում է խաղադաշտից դուրս, դատավորը «անհատական» նկատողություն է անում խաղացողին։

Խազը բաղկացած է 3 կամ 5 մրցափուլից։ Հաղթանակի համար անհրաժեշտ է շահել դրանց մեծ մասը։ Մրցափուլում հաղթում է 15 միավոր հավաքած թիմը։ Եթե թիմերը շահել են 14-ական միավոր, խաղը շարունակվում է այնքան, մինչև նրանցից մեկը վաստակի 17 միավոր (հնարավոր են 16:14, 17:15, 17:16 տարբերակները)։

Յուրաքանչյուր մրցափուլից հետո փոխում են կիսադաշտը և սկզբնահարվածի հերթականությունը։ Վճռական մրցափուլում յուրաքանչյուր խաղարկված գնդակը թիմերից մեկին բերում է 1 միավոր և երբ նրանցից մեկը վաստակում է 8 միավոր, թիմերը փոխում են կիսադաշտը՝ պահպանելով խաղացողների դասավորությունը և սկզբնահարվածի իրավունքը։

ՏԱՄԱ, սեղանի հայկական ժողովրդական խաղ։ Հայտնի են «տամա», «գիլու (գայլի) տամա», «ռեզ» (շարք) և այլ տարբերակներ։ Ամենատարածվածը սովորական Տ. է, որ խաղում են երկուսով, երկգույն 16-ական «քարերով»։ Տ-ի խաղատախտակը (նկ.) քառակուսի է՝ բաժանված 64 վանդակի, որոնք համարակալվում են վարից վեր, ձախից աջ։ Նախքան խաղն սկսելը «քարերը» դասավորվում են 2-3-րդ և 6-7-րդ շարքերի վանդակներում՝ յուրաքանչյուրում մեկական «քար»։

Խաղի կանոնները։ Առաջին քայլը կատարվում է վիճակահանությամբ, ապա հերթականությամբ։ «Քարը» շարժվում է ազատ վանդակներով, մեկ քայլ առաջ կամ կողմ։ Բոլոր խաղաքարերը մինչև «տամա» դառնալը (վերջին վանդակաշարին հասնելուց հետո, երբ «քարը» կարող է ուղղագիծ շարժվել տախտակի ցանկացած ուղղությամբ և հեռավորությամբ) հավասարարժեք են։ Մրցակցի «քարը» կարելի է վերցնել ցանկացած ուղղությամբ, եթե այն անպաշտպան է թիկունքից կամ կողքից։ Վերցնող «քարը» ցատկում է մրցակցի հարվածվող «քարի» վրայով և կանգնում հաջորդ ազատ վանդակում։ Թույլատրվում է միաժամանակ վերցնել հնարավոր թվով «քարեր», եթե դրանք վանդակներում դասավորված են մեկընդմեջ և անպաշտպան են։ Մրցակցի