Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարավ-արևելյան կամ հարավ-արևմտյան մասում։ Պատշգամբում պետք է նախատեսել ճաշասեղան ընտանիքի բոլոր անդամների համար, եթե պատշգամբը մեծ է՝ նաև բազմոց և պառկելաթոռ։

Ճաշասենյակի կամ խոհանոց-ճաշասենյակի առկայության դեպքում պատշգամբն օգտագործվում է որպես հանգստի անկյուն։

Կահույքը պետք է լինի թեթև, որպեսզի անհրաժեշտության դեպքում հեշտ լինի այն այգի՝ հանգստի բացօթյա անկյուն կամ ընդհանուր սենյակ տեղափոխելը։ Հարմար են հյուսած կահույքը, թեթև մետաղական կարկասով ծալովի աթոռները և բազկաթոռները։

Ա-ում ընդհանուր սենյակը հաճախ ծառայում է որպես հյուրասենյակ, ննջասենյակ, երբեմն էլ որպես ճաշասենյակ։ Սովորաբար ունենում է ելք դեպի պատշգամբ։ Ընդհանուր սենյակում հարմար են ձևափոխվող կահույքը, ներկառուցված պահարանները։

Ննջասենյակները սովորաբար ունենում են նվազագույն չափսեր։ Բավական է տեղ նախատեսել մահճակալի, ոչ մեծ պահարանի, երբեմն էլ աշխատանքային կամ հարդարանքի սեղանիկի համար։ Ա-ի սահմանափակ մակերեսի դեպքում ննջասենյակների չափսերը փոքրացնում են, քանի որ դրանով ապահովվում է պատշգամբի (կամ ընդհանուր սենյակի) առավել ընդարձակ լուծում։ Ձեղնահարկային Ա-ներում ննջասենյակները սովորաբար տեղավորում են ձեղնահարկում։ Ձեղնահարկի երկլանջ տանիքի դեպքում մահճակալը տեղավորում են երկայնական պատերի (բարձրությունը հատակից մինչև առաստաղի թեք մասն առնվազը 1,8-1,9 մ) տակ, իսկ լանջերի տակի ազատ տարածքն օգտագործում պահեստի կամ ներկառուցված պահարանների համար։ Հարմար են վանդակավոր դռնակներով (անկողնու սպիտակեղենի համար) և բաց (լուսամփոփի, գրքերի, ռադիոընդունիչի համար) որմնախորշերը։

ԱՅԳԻ, ըստ պտղի կառուցվածքի առանձնահատկությունների պտղատու և հատապտղատու բույսերը ստորաբաժանվում են հնդավորների, կորիզապտղավորների, ընկուզապտղավորների և հատապտղավորների։ ՀՀ հյուսիսարևելյան և հարավային գոտիներում մշակում են ձիթենի, նռնենի, խուրմա, թզենի։

Հնդավորների արմատային համակարգը հողի մեջ թափանցում է մինչև 34 մ, իսկ արմատների հիմնական զանգվածը տեղաբաշխվում է 20-80 սմ-ի սահմաններում։ Կորիզապտղավորների արմատային համակարգը թափանցում է մինչև 2-3 մ, արմատների հիմնական զանգվածը տեղաբաշխվում է հողի 15-40 սմ-անոց շերտում։ Հատապտղավորների արմատների տեղաբաշխումն ավելի մակերեսային է (15-20 սմ)։ Արմատների թափանցման խորությունը կախված է բույսի ցեղից, սորտից, պատվաստակալի տեսակից, հողի տիպից, ստորգետնյա ջրերի մակարդակից,