Լծակավորների շարքին են դասվում նաև հեղուկ ու սորուն մթերքներ կշռելու համար նախատեսված–համապիտանի բաժնավորիչ կշեռքները։ Դրանք ունեն գրամների բաժանքով սանդղակ, նժարի տարողությունն աստիճանավորված է միլիլիտրերով։ Առավելագույն բեռնվածքը 125 գ է։
Կշեռքները խնամքով վերաբերմունք պահանջող ճշգրիտ սարքեր են, որոնց հետ վարվելու կանոնների պահպանումից է շատ բանով կախված կշռման ճշգրտությունը։ Անթույլատրելի է, օրինակ, առավելագույն բեռնվածքի տակ թողնել զսպանակավոր կշեռքը, քանի որ ձգման կամ սեղմման մեծ ճիգերի տևական ազդեցությամբ զսպանակում առաջանում է մնացորդային ձևափոխության, և խախտվում է կշեռքի ճշգրտությունը։ Լծակավոր կշեռքների առավելագույն բեռնվածքի գերազանցումը կարող է հանգեցնել լծակների ձևափոխության կամ նրանց հենարանի (պողպատից կամ ագատից, կորունդից պրիզմաներ) վնասման։ Կշռվող առարկանները և կշռաքարերը չի կարելի գցել կշեռքի նժարների վրա։ Խորհուրդ է տրվում կշեռքները պահել չոր տեղում, պահպանելով կոռոզիայից նրանց մետաղե մասերը։
ԿՈՄՊԱԿՏ ՍԿԱՎԱՌԱԿ, օպտիկական թվանշանային ձայնասկավառակ, թափանցիկ պոլիմերային նյութից սկավառակ, որի միջի անդրադարձիչ մետաղատոգորած մակերևույթն ունի ձայնակիր (իմպուլսների թվանշանային համակցությունների տեսքով) պարուրաձև շավիղ։ Վերջինս բաղկացած է մանրաչափ փոսիկներից, որոնց երկարությունը 0,9-3,2 մկմ է, խորությունը՝ 0,12 մկմ, պարուրագծերի միջև եղած հեռավորությունը (պարույրի քայլը)՝ 1,6 մկմ։
Ձայնագրությունները վերարտադրվում են լազերային նվագարկիչով, որի մեջ Կ. ս. տեղադրվում է տեղեկություն պարունակող շերտը դեպի վեր։ Ազդանշաններն ընթերցվում են ձայնահանի լազերային ճառագայթով։
Ստանդարտ Կ.ս–ի արտաքին տրամագիծը 120 մմ է, կենտրոնական անցքի տրամագիծը՝ 15 մմ, հաստությունը՝ 1,2 մմ, զանգվածը՝ 15-30 գ։ Գրանցված գոտու ներքին տրամագիծը 50-58 մմ է, արտաքինը՝ 116 մմ։ Այս գոտուց դուրս գրանցվում է մուտքային տեղեկատվություն (սկավառակի էլեկտրոնային քարտարան), երաժշտական ստեղծագործության հերթական համարը և հնչողության տևողությունը, սկավառակի սկզբից մինչև այդ ստեղծագործության սկիզբը եղած ժամանակահատվածը ևն։ Կ. ս. լազերային նվագարկիչի մեջ տեղադրելուց հետո այս տեղեկությունն ավտոմատ ընթերցվում է լազերային ճառագայթով և փոխանցվում նվագարկիչի միկրոԷՀՄ-ի հիշողության սարքին, որից հետո ըստ հերթական համարի կարելի է վերարտադրել ձայնագրած ցանկացած ստեղծագործություն։ Ծավալահնչական ձայնային ծրագրի հնչողության տևողությունը 70 ր է։
Կ. ս-ները պատրաստվում են շատ ամուր չջարդվող պլաստիկներից։ Ի տարբերություն ձայնասկավառակների, Կ. ս–ների ձայնագրությունները վերարտադրվում են առանց ծայնաշավիղի հետ անմիջական շփման։ Դրա շնորհիվ Կ.ս-ներն առանց որակի փոփոխության պահպանվում և օգտագործվում են տասնյակ տարիներ։
Կ. ս-ի հիմնական արժանիքներից են գրանցման որակը (ստուգությունը), փոքր չափերը, օգտագործման հարմարությունը, ծառայության գրեթե անսահմանափակ ժամկետը, հնչողության երկարատևությունը։ Կ.ս–ի տրամագիծը 1,5 անգամ, իսկ զանգվածը՝ 5-6 անգամ փոքր են, քան ձայնասկավառակինը։