կիրառվում է ծախսվող կամ արտադրվող էլեկտրական էներգիայի հաշվառման համար, հայերեն կրճատ նշանակումը՝ կՎտ.ժ, միջազգայինը՝ kW.h։
Էլեկտրասարքի ծախսած էներգիան կՎտ.ժ–երով որոշելու համար անհրաժեշտ է սարքի հզորությունը (կՎտ-երով արտահայտված) բազմապատկել սարքի աշխատած ժամանակով (ժամերով)։ Այսպես, 100Վտ (0,1 կՎտ) հզորության էլեկտրական լամպը 10 ժամ լուսավորելու դեպքում ծախսվում է 1 կՎտ ժ-ի հավասար էներգիա (0,1 կՎտ X 10 ժ =1 կՎտ.ժ)։
ԿԻՏՐՈՆ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ, լիմոն, սատապազգիների ընտանիքի մշտադալար մերձարևադարձային բույս։ Հայրենիքը Չինաստանն է, Ճապոնիան, Արևելյան Հնդկաստանը։ Սենյակային Կ. փոքրիկ ծառ է բաց կանաչ կաշեկերպ տերևներով, «կիտրոնի» բնորոշ բույրով և տերևանութների փշերով։ Սենյակային Կ-ի ծաղիկները սպիտակ են և շատ բուրավետ։ Տանը աճեցվող լավագույն սորտերն են. Պավլովյան, Մեյերի և Նորվրացական։
ՀՀ-ում (Մեղրի, Աշտարակ, Օշական, Երևան) ջերմատներում և տնային պայմաններում մշակվում են Պավլովյան, Նորվրացական, Ջենոա, Լիսբոն, Աշտարակի, Կարճևանի, Նորքի և այլ սորտեր։ Սենյակային Կ. ջերմասեր և լուսասեր բույս է. պետք է չափավոր ջրել (խոնավության թե՛ ավելցուկը, թե՛ պակասը վատ են անդրադառնում բույսի վրա)։ Ջրելու ջրի ջերմաստիճանը պետք է 2-3 °C–ով բարձր լինի օդի ջերմաստիճանից։ Բույսը անհրաժեշտ է ջրցողել, ամռանը՝ շաբաթը 2-5, ձմռանը՝ 2-3 անգամ։ Շաբաթը առնվազն մեկ անգամ տերևները երկու կողմից պետք է լվանալ և սրբել թաց լաթով։ Հողախառնուրդի համար պետք է վերցնել 2 մաս ճմային, 1 մաս տերևային հող, 1/2 մաս ջերմոցային լավ հումուս, գետի խոշորահատիկ ավազ, ինչպես նաև ոչ մեծ քանակով փայտածխի փոշի (գերադասելի է կեչու)։ Շաբաթը մեկ անգամ (գարնանից աշուն) սենյակային Կ. կարելի է սնուցել հանքային պարարտանյութերի լուծույթով՝ հողը նախապես խոնավացնելով։ Գարնանը թույլ ընձյուղները (հատկապես պսակի խորքը գնացող) պետք է ծերատել։ Կ. վերատնկել կարելի է մեկ տարի հետո, պետք է աշխատել, որ արմատներին կպած հողը ամբողջությամբ չթափվի, որպեսզի դրանք չվնասվեն, իսկ եթե չեն վերատնկում, պետք է հողի վերին շերտը 2-3 սմ խորությամբ, զգուշորեն հանել և փոխարինել նորով։
Թաղարի հողի վերին շերտը ամիսը 2-3 անգամ պետք է լավ փխրեցնել։ Խորհուրդ չի տրվում թաղարը շատ հաճախակի տեղաշարժել կամ պտտել։ Կ–ի պտուղ ստանալու համար ավելի լավ է աճեցնել պատվաստած բույսեր, որոնք ծաղկում և պտղակալում են արդեն 3-րդ տարում։ Կարելի է դնել արմատակալելու հայտնի լավ սորտերից վերցրած կտրոններ, որոնք նույնպես պտղակալում են 3-4-րդ, երբեմն՝ 2-րդ տարում։ Պտղակալումն արագացնելու համար նպատակահարմար է ծերատել երկամյա բույսի ընձյուղները։
ԿՇԵՌՔ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ, տնային օգտագործման համար արդյունաբերությունը թողարկում է ձեռքի, սեղանի, պատի և հատակադիր կշեռքներ։ Կենցաղային կշեռքները սովորաբար քիչ տեղ են զբաղեցնում, հարմար են օգտագործման ժամանակ, ունեն համեմատաբար պարզ կառուցվածք, բայց դրանց ճշգրտությունն ավելի փոքր է, քան լաբորատոր կամ խանութի կշեռքներինը։
Առավել տարածված են զսպանակավոր և լծակավոր կենցաղային կշեռքները։ Զսպանակավոր կշեռքների հիմքը պարուրային տափակ կամ գլանաձև զսպանակներն են։ Զսպանակավոր կշեռքի գործողության հիմքում ընկած է կշռվող առարկայի կշռի հավասարակշռումը սեղմված կամ ձգված զսպանակի ուժով, կշեռքի ցուցմունքները որոշվում են սանդղակով, որի երկայնքով տեղաշարժվում է զսպանակին միացած ցուցիչը։
Ձեռքի զսպանակավոր կշեռքները նախատեսված են 6 կգ և 10 կգ առավելագույն բեռնվածքի համար և ունեն, համապատասխանաբար՝ 200 գ և 250 գ բաժանքով սանդղակներ։
Ուտեստեղեն պատրաստելիս կամ մուրաբա եփելիս մթերքների բաժնավորման համար առավելապես հարմար են սեղանի և պատի զսպանակավոր կշեռքները: Սեղանի կշեռքների առավելագույն բեռնվածքը 5 կգ է, սանդղակի բաժանքի արժեքը՝ 20 գ։ Պատի կշեռքները նախատեսված են մինչև 3 կգ բեռնվածքի համար և ունեն երկու սանդղակ՝ 0-ից մինչև 1,5 կգ և 1,5 կգ-ից մինչև 3,0 կգ բաժանքներով։
Հատակադիր կշեռքները նույնպես դասվում են զսպանակավորների շարքին և կիրառվում են մարդու կշիռը ստուգելու համար, նախատեսված են մինչև 125 կգ բեռնվածքի համար, սանդղակի բաժանքի չափը 0,5 կգ է։ Լծակավոր կշեռքների գործողությանը հիմնված է լծակի հավասարակշռության վրա։ Պարզագույն լծակավոր կշեռքը ձեռքի բեզմենն է։ Բեզմենները թողարկվում են 10 կգ և 20 կգ առավելագույն բեռնվածքի համար, սանդղակի բաժանքի արժեքը 100 գ է։
Առավել բարդ կառուցվածք ունեն սեղանի լծակավոր կշեռքները։ Դրանց առավելագույն բեռնվածքը 6 կգ է, սանդղակի բաժանքի արժեքը՝ 10 գ։
Կշռման առավելագույն ճշգրտությունն են ապահովում ձեռքի հավասարաբազուկ լծակավոր կշեռքները (երբեմն դրանք կոչվում են դեղագործական)։ Միակ կշեռքն է, որով կշռումը կատարվում է մանրակշռաքարերով։ Առավել հաճախ նման կշեռքներն օգտագործում են սիրող լուսանկարիչները քիմիկատների կշռման համար լուսանկարչության մեջ օգտագործվող երևակիչներ, սևեռակիչներ և այլ լուծույթներ պատրաստելիս։ Այդ կշեռքները նախատեսված են 1 գ, 5 գ, 20 գ կամ 100 գ առավելագույն բեռնվածքների համար։