Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուրերը գործածում են փայտանյութի վրա տարբեր անցքեր թործելու համար։ Դրանք պետք է լինեն հաստ և ամուր, սայրի լայնությանը՝ 5-25 մմ։

Գայլիկոնների և գչիրների միջոցով անցքերն ավելի արագ են բացվում, քան դուրերով։ Կիրառվում են մետաղի սովորական և փայտի հատուկ շաղափները։ Փոքր անցք (10-12 մմ տրամագծով) բացելու համար օգտագործում են գայլիկոնիչ, մեծ անցքերը շաղափում են գչիրով կամ շաղափիչով։

Ցանկացած Ա. ա-ի համար անհրաժեշտ գործիքներ են ուղղալարը, հարթաչափը և հարթացույցը, գծիչը, խազքաշը, ռեյսմուսը և այլն։

Ատաղձագործի գործիքի սրման որակով է պայմանավորված փայտե իրերի մշակման մաքրությունը։ Կացինները ավելի լավ է սրել կացնակոթի վրա հագցրած։ Խորհուրդ է տրվում սրել կացինները 2 իջեցումով՝ մեկը 38-40 մմ սայրի սուր ծայրից հեռու, մյուսը՝ 18-20 մմ։ Ստացվում է կրկնակի երեսակ՝ 2,5-3 կացնի սայրի հաստության լայնությամբ։ Կացինը հեսանի վրա սրում են ձեռքով։ Սղոցի ատամներն ավելի լավ է սրել, այսպես կոչված, թավշեխարտոցով (շատ մանր քերթերով)՝ սեղմելով սղոցի շեղբը մամլակով կամ հատուկ փայտե սեղմակով։ Սրման եղանակը շատ բանով կախված է ատամների ձևից։ Լայնակի սղոցների ատամներն ունեն հավասարակողմ, երկայնակիրները՝ շեղանկյուն, խառը սղոցներինը՝ ուղղանկյուն եռանկյունու ձև։

Սրումից առաջ սղոցի ատամները չափռաստում են, ուղղում են բացվածքը։ Լայնակի սղոցման սղոցների ատամները սրում են խարտոցով՝ սղոցի շեղբի նկատմամբ 45° անկյան տակ։

ԱՐՈՍԻ, սրահացի, ՀՀ-ում աճում է սովորական արոսին կամ ծտախնձորը։ Ձմեռադիմացկուն է (դիմանում է մինչև -50 °C սառնամանիքներին), վնասատուների և հիվանդությունների նկատմամբ կայուն։ Բերքատվությունը բարձր է և կանոնավոր։ Պտուղներն օգտակար են, պարունակում են ավելի շատ վիտամիններ, քան մյուս պտղատու տեսակներից շատերը։ Ձմեռադիմացկունության շնորհիվ կարելի է աճեցնել խիստ կլիմայական պայմաններում, որտեղ այլ պտղատու տեսակներ չեն աճում։ Ա-ի մշակովի տեսակները պտղաբերում են տնկումից 4-5 տարի հետո։ Լրիվ պտղաբերման ժամանակաշրջանում (15-25 տարում) մեկ ծառից կարելի է հավաքել մինչև 100 կգ բերք։ Բազմացման հիմնական եղանակը աչքապատվաստն է։ Պատվաստակալ են օգտագործում սովորական անտառային Ա-ի սերմնաբույսերը։

Ա-ի համար լավագույն հողերը ճմային-թույլպոդզոլային կավահողերն են։ Ավազակավային և ավազային հողերում թույլ է աճում և պտղաբերում։ Տնկման լավագույն ժամանակը կլիմայական խիստ պայմաններում գարունն է, իսկ ավելի մեղմ պայմաններում՝ նաև աշունը։ Հանձնարարվում է բույսերը տնկել հողամասի հյուսիսային և արևելյան սահմանների երկարությամբ՝ մեկը մյուսից 2-4 մ հեռավորությամբ։ Ա. ինքնափոշոտվող չէ, ուստի խորհուրդ է տրվում հողամասում տնկել տարբեր սորտի 2-3 բույս։ Մատղաշ և բերքատու ծառերի խնամքը նույնն է, ինչ մյուս սերմնավոր տեսակներինը (այղ մասին տես Այգի հոդվածը)։

ԲԱԴՐԻՋԱՆ, տես Սմբուկ:

ԲԱԼԵՆԻ (աճեցումը), 150 տեսակից առավելապես տարածված են Բ-ու սովորական թթու, տափաստանային, թաղիքային, ավազաբալենի, մահալեբյան (անտիպկա) տեսակները, ՀՀ-ում՝ սովորական թթու (բոլոր շրջաններում) և մահալեբյան (անտառային շրջաններում), վերջինս դառնահամ է, տտիպ, օգտագործվում է որպես պատվաստակալ։ ՀՀ-ում տեղական բոլոր սորտերն ու ձևերը ստացվել են հիմնականում ժողովրդական ընտրասերմամբ՝ սովորական թթու Բ-ուց։ Բները ոչ մեծ ծառեր (թփեր) են՝ գնդաձև պսակով, կռացած ճյուղերով, մորելներ են (վաղահաս, հունիսի վերջին, հուլիսին)։ Սովորական թթու Բ-ուց ստացված սորտերը մշակվում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում և կոչվում են տեղերի անուններով՝ Արտաշատի, Աշտարակի, Կոտայքի, Սիսիանի։ Մշակվում են նաև Շպանկա (իր բազմաթիվ ձևերով), Վլադիմիրյան, Լյուբյան սորտերը։ ՀՀ-ում Բ. տարածվածությամբ խնձորենուց, ծիրանենուց, տանձենուց հետո հաջորդ պտղատու տեսակն է։ Բ. բազմացնում են մացառներով, կանաչ և արմատային տնկաշիվերով, աչքապատվաստով և պատվաստներով։ Սովորական Բ. բազմացնում են հիմնականում աչքապատվաստով և պատվաստներով՝ նախօրոք աճեցնելով սերմային պատվաստակալներ։ Բերքահավաքից անմիջապես հետո սերմերը պետք է առանձնացնել պտուղներից, լվանալ, մաքրել պտղամասի մնացորդներից և տեղադրել խոնավ միջավայրում (մամուռ, թեփ, ավազ), նկուղում 8...12 °C ջերմաստիճանում։

Ուշ աշնանը սերմերը ցանում են մարգերում, որտեղ դրանք անցկացնում են ստրատիֆիկացումը: Գարնանը ծիլերի երևալու ժամանակ, արդյունավետ է սնուցել հեղուկ ազոտական պարարտանյութերով (20-30 գ միզանյութ՝ 10 լ ջրին), իսկ 2-3 շաբաթ հետո՝ նիտրոֆոսով (30-40 գ 10 լ ջրին)։ Լավ խնամքի դեպքում (քաղհան, հողի փխրեցում,