Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաղամբի ցեցի և բվիկի թրթուրները ոչնչացնելու համար օգտագործում են աղացած կարմիր կծու պղպեղի թուրմը (100 գ պղպեղը 10 լ ջրում թողնել 2 ժամ, հետո քամել)։ Թուրմով կարելի է սրսկել կաղամբը և վարունգը երեկոյան ժամերին։

Սոխի թեփուկների թուրմը կարելի է օգտագործել ծծող վնասատուների դեմ կաղամբազգիների սերմնաբույսերի հողամասերում։ Թեփուկը լցնել մինչև դույլի կեսը, վրան ավելացնել տաք ջուր մինչև դույլը լցվի, թրմել մեկ օր, քամել, նոսրացնել ջրով (1:2)։

Իշակաթնուկի թուրմը արդյունավետ է կաղամբի ճերմակաթիթեռի, բվիկի և ցեցի դեմ պայքարելու համար։ Մանրացնել 1 կգ տերևները և ցողունը, ստացված զանգվածի վրա լցնել ջուր (3 լ), եռացնել 2-3 ժամ, քամել, նոսրացնել ջրով (1:2) և ստացված լուծույթով սրսկել բույսերը։

Խատուտիկի մանրացրած կանաչ տերևների թուրմը (400 գ 10 լ ջրում թրմել 2-3 ժամ) կարելի է օգտագործել լվիճների և տզերի դեմ (կաղամբի, վարունգի և այլն)։ Այս վնասատուների դեմ կարելի է պայքարել նաև երիցուկի թուրմով՝ 3 կգ մանրացրած տերևները և ծաղիկները 12-14 ժամ թրմել 10 լ տաք ջրում, քամել և նոսրացնել ջրով (1:3)։

Հազարտերևուկի տերևների, ցողունների և ծաղիկների թուրմը լավ միջոց է ծծող և տերևակեր վնասատուների դեմ (2-3 կգ ծաղկած բույսը 10 լ ջրում եռացնել 30 րոպե, սառեցնել, քամել, ավելացնել 20 գ օճառ, թափահարել)։

Ծխախոտի թուրմը ոչնչացնում է լվիճները, տզերը, գաղտնակնճիթ բզեզը (վնասում է սոխը)։ Լուծույթ պատրաստելու համար 1 կգ ծխախոտի թափոնները 10 լ տաք ջրում թրմել մեկ օր, քամել, նոսրացնել ջրով (1:2, 2:2,5), ավելացնել 40-50 գ օճառ և ստացված լուծույթով սրսկել բույսերը։ Սոխի ցանքերը մշակելու համար մեկ դույլ թուրմին պետք է ավելացնել 0,5 լ-անոց ամանով փայտի մոխիր։

Լվիճների, տզերի և վարունգի, սեխի, դդումի այլ վնասատուների դեմ կարելի է օգտագործել սխտորի թուրմը։ Պատրաստելու համար 150-200 գ սխտորը մանրացնել մսաղացով, լցնել 10 լ ջուր և իսկույն սրսկել բույսերը, որպեսզի չցնդեն ֆիտոնցիդները։ 4-5 անգամ նվազ խտությամբ սխտորի թուրմը կարելի է օգտագործել կարտոֆիլի և լոլիկի ֆիտոֆտորայի դեմ։ Կարտոֆիլը պետք է սրսկել ծաղկման, լոլիկը հանգույցների առաջացման շրջանում։

Գերմգլած խոտի թուրմը կարելի է օգտագործել վարունգի, դդումի, կոկռոշի և այլ բույսերի ալրացողի դեմ։ 1 կգ գերմգլած խոտը թրմել 3 լ ջրում 3 օր, քամել լուծույթը (1:3) ջրով և երեկոյան ժամերին բույսերը սրսկել մինչև ալրային փառի երևալը։ 7-8 օրից հետո սրսկումը կրկնել։

ԲԱՆՋԱՐԱՆՈՑ, բանջարային բույսերի սորտերն ըստ աճի տևողության կարելի է պայմանականորեն բաժանել վաղահաս, միջահաս և ուշահաս խմբերի։

Բանջարային բույսերի վեգետացիայի տևողությունը օրերով

Բույսերի անվանումը Վեգետացիայի տևողությունը օրերով
Կաղամբ ուշահաս 150
Գազար 120
Լոլիկ 140
Վարունգ 100
Սպանախ 60
Ամսաբողկ 30
Սոխ 100
Կանաչ լոբի 100
Կարտոֆիլ վաղահաս 70

Բանջարային բույսերի ցանքից առաջ յուրաքանչյուր տեսակի համար առանձնացնում են հողամաս։ Բ-ներում սովորաբար աճեցնում են կարտոֆիլ, արմատապտղավորներ (սեղանի ճակնդեղ, գազար, ամսաբողկ, շաղգամ ևն), սպիտակագլուխ կաղամբ, վարունգ, լոլիկ, սոխի տարբեր տեսակներ, սխտոր, տաքդեղ, սմբուկ, դդմիկ, դդում, լոբի, ծաղկակաղամբ, սպանախ, սամիթ, մաղադանոս, նեխուր, թրթնջուկ։ 100 մ² հողամասում կարելի է աճեցնել վաղահաս կարտոֆիլ՝ 20 մ², միջահաս և ուշահաս կարտոֆիլ՝ 40 մ², բողկ, հազար, սամիթ, սպանախ, թրթնջուկ, ծնեբեկ, սոխ՝ 10 մ², գազար, մաղադանոս, ճակնդեղ՝ 5 մ², գլուխ սոխ, սխտոր՝ 3 մ², վարունգ 5 մ², լոլիկ՝ 8 մ², կաղամբ 2 մ², դդում, դդմիկ, սեխ, ձմերուկ՝ 5 մ², լոբի, ընդեղեն՝ 2 մ²։

Հողի նախացանքային մշակությունը. հողի մշակումը պետք է սկսել աշնանից։ Նախ պետք է մոլախոտերը քաղհանել, հավաքել տորֆագոմաղբի կույտի մեջ։ Հողի վերին շերտը պետք է կրկնափորել և համեմատաբար մեծ հողակոշտերով թողնել մինչև գարուն՝ խոնավության կուտակման համար։ Խոնավ հողն ուժեղ է սառչում, ոչնչանում են շատ վնասատուներ։ Լավ նախապատրաստված հողը գարնանը վերափորում են 15-20 սմ խորությամբ։ Ուժեղ թթու հողերը պետք է կրացնել։ Աշնանը կրանյութը հարկավոր է հավասարաչափ ցրել հողի մակերևույթին (300-800 գ/մ²) և վերափորել բահով։ Այդ ժամանակ անհրաժեշտ է տալ նաև օրգանական և հանքային (ֆոսֆոր-կալիումական) պարարտանյութեր։ Ազոտական պարարտանյութերը տալիս են գարնանը, ինչպես նաև ամռանը՝ սնուցումների ձևով (տես Հողեր): Հանքային պարարտանյութերի չափաքանակը հաշվում են ազդող նյութի (Ա.ն.) քանակով, ազոտականը՝ ազոտի (N), ֆոսֆորականը՝ ֆոսֆորաթթվական անհիդրիդի (P2O5), կալիումականը՝ կալիումի օքսիդի (K2O)։

Պարարտացման նորման = 110-ի չափաքանակը x հողաբաժնյակի մակերեսը (մ²) x 100 / Պարարտանյութի մեջ սննդարար նյութի պարունակությունը (%-ով)

Հողի պարարտացումը. ամենատարածված օրգանական պարարտանյութերն են գոմաղբը, գոմաղբահեղուկը, տորֆը, թռչնաղբը։ Ցանկալի է,օգտագործել փտած գոմաղբ, որի սննդարար նյութերը մատչելի են բույսերին։ Գերփտած և կենցաղային (ոչ շինարարական) մաղած աղբը նույնպես լավ պարարտանյութ է:

Օրգանական պարարտանյութերի նորման

Պարարտանյութը 1կգ/մ²ծ
Գոմաղբ 3-8
Գոմաղբահեղուկ (սնուցումների հետ) 3-8
Կենցաղային աղբ 3-5
Տորֆ 5-10
Փտած տերևներ 5-10
Թռչնաղբը տորֆի հետ խառը 1-2

Հանքային պարարտանյութերի նորման

Պարարտանյութի տեսակը 1գ/մ²
Միզանյութ (կարբամիդ) 10-15
Ամոնիակային բորակ 10-20
Ամոնիումի սուլֆատ 25-45
Սուպերֆոսֆատ հասարակ 20-30
Սուպերֆոսֆատ կրկնակի 8-15
Ֆոսֆորային ալյուր 35-55
Կալիումի քլորիդ 10-20
Կալիումական աղ 20-30
Կալիումի սուլֆատ 15-25
Փայտի մոխիր 100-200
Նիտրոֆոսկա 30-40
Կիր (5 տարին մեկ անգամ) 300-800