Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո։ Միջանկյալ շերտերը բետոնումից առաջ լայնական տախտակները հանում են։ Բետոնե խառնուրդը թանձրացնում են երկու բռնակ ունեցող կլոր կամ ներքևից մետաղապատած քառակուսի տոփանների օգնությամբ։ Բետոնի մակերեսը վերջնամշակում են բետոնը լցնելուց 30 րոպե հետո սվաղիչով, հարթիչ տախտակով կամ ռետինե ժապավենավոր քերակով։ Հատակին կամ ճանապարհին առավել ամրություն տալու համար կատարում են բետոնի մակերեսի երկաթայնացում։

Բետոնե արտաքին սանդուղքները (նկ. 9) նպատակահարմար է սարքել հետևյալ չափերով. աստիճանաճակատի բարձրությունը՝ 12-15 սմ, սանդղամատի խորությունը՝ 30-40 սմ, սանդուղքի լայնությունը՝ 90-120 սմ։ Սանդուղքը բետոնելուց առաջ կազմում են կաղապարամածի չափերի գծապատկերը։ Դրանից հետո չափանշում և սղոցում են կաղապարամածի կողմնային տախտակ-սանդղակները, որոնք սանդուղքի չափերը որոշող հիմնական տարրերն են։ Գրունտի մեջ խրած ցցերի օգնությամբ ամրացնում են տախտակ-սանդղակները և աստիճանաճակատի տախտակները, ամուր գրունտի թեք մակերեսին տեղադրում են ամրանային ցանցը, լցնում և խտացնում են բետոնի զանգված՝ սկսելով ցածի աստիճանից։ Սանդղամատերի մակերեսը հարթեցնում են և ջրի հոսքն ապահովելու համար տալիս նրան ոչ մեծ թեքություն (դեպի աստիճանաճակատը)։

Բետոնից նպատակահարմար է պատրաստել նաև բարավորներ, սանդուղքի համար բլոկներ, եզրաքարեր, ճարտարապետական առանձին տարրեր ևն։ Բետոնե հավաքովի բարավորները պատրաստում են բազմակի օգտագործման քանդովի կաղապարամածում։ Կաղապարամածի հատակը սարքում են 40-50 մմ հաստության տախտակներից։ Դրա վրա տեղադրում են կողմնային տախտակները, որոնք ամրացնում են հողի մեջ խրած ցցերով և սեպերով։ Կաղապարամածի ամրանային կմախքը հավաքում են 4-5 մմ տրամագծով ամրանային սառնաձգած մետաղալարից։ Կաղապարամածում ամրանը տեղակայելուց հետո դնում են կաղապարամածի կողմնային պատերի պահանգները։ Կաղապարամածը լցնում են պլաստիկ կամ ջրիկ բետոնի խառնուրդ, ճխանով խառնում և թանձրացնում։

ԲՃԱՏՈՒՄ, տերևանութային մատղաշ ընձյուղների և բողբոջների հեռացումը խոշոր հիմնական ծաղիկների կամ ծաղկաբույլերի ստացման, ինչպես նաև բարձրաբուն աճեցման նպատակով։

ԲՈՂԿ տարեկան (աճեցումը), լավագույն վաղահաս սորտը Օդեսականն է, իսկ ուշահաս և ձմեռային պահպանման համար՝ Ձմեռային կլոր սպիտակը և Ձմեռային կլոր սևը։ Հունիս-հուլիս ամիսներին տարեկան Բ. ցանում են ՀՀ-ում (Արարատյան դաշտում հուլիսին) երկշարք ժապավեններով 30 սմ միջշարային և 40 սմ միջժապավենային հեռավորությամբ։ Հողը պետք է նախապատրաստել, ինչպես ամսաբողկի համար։ Շարքերում նոսրացումից հետո հարկավոր է միջշարային հեռավորությունը թողնել 10-20 սմ։ Բ-ին առանձին հողամաս պետք չէ հատկացնել, այն կարելի է ցանել նաև բնացան վարունգի ցանքերում՝ միմյանցից 40 սմ հեռավորության փոսիկներում։

ԲՈՑԵՆԻ, բոցածաղիկ, զարմանազանազգիների ընտանիքի բազմամյա և միամյա խոտաբույսերի ու կիսաթփերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 60 տեսակ։ ՀՀ-ում վայրի վիճակում չի հանդիպում։ Գեղազարդիչ պարտեզագործության մեջ օգտագործվող Բ-ները բաժանվում են երկու խմբի, ուղղաձիգ ցողուններով բարձրաճ թփային տեսակներ, որոնք ծաղկում են ամռանը և աշնանը, ու ցածրաճ, հաճախ գետնատարած ընձյուղներով, վաղ գարնանը ծաղկող բույսեր։

Հուրանավոր Բ-ու պարտեզային ձևերն ու սորտերը պատկանում են թփային Բ-ների (ծաղկում են ամռանը և աշնանը) խմբին։ 60-180 սմ բարձրությամբ ուղղաձիգ, ամուր, հիմքում փայտացող ցողուններով բազմամյա բույսեր են։ Ծաղիկները բազմազան գունավորմամբ են, միագույն և խառը երանգներով, հաճախ կենտրոնում այլ գույնի, հոտավետ են խմբված բրգաձև, կոնաձև, գնդաձև կամ գլանաձև հուրաններում։ Օգտագործվում են ծաղկային ձևավորումներում (ճանապարհների եզրերում, ծաղկաթմբերում, կանաչ գորգերում և այլն)։ Ըստ ծաղկման ժամկետի պարտեզային թփային Բ-ները բաժանվում են երեք խմբի, վաղահաս (ծաղկում են հունիսի առաջին կեսին), միջահաս (հուլիսի վերջին) և ուշահաս (օգոստոսի կեսերից մինչև վերջը)։

Տեղի ընտրությունը. Բ-ները լավ է տնկել այնպիսի բաց վայրերում, որտեղ շոգ կեսօրվա ժամերին բույսերը գտնվեն նոսր ծառերի և թփերի ստվերում, որոնք միաժամանակ կպաշտպանեն քամիների չորացնող ներգործությունից։ Հողամասը պետք է լինի հարթ, աննշան թեքությամբ՝ ավելորդ ջրերի հոսքի համար։

Հողը. Բ-ներն ամենալավ գեղազարղիչ տեսքը ստանում են փուխր, օրգանական պարարտանյութերով լավ մշակված, բավարար խոնավությամբ հողերում։ Ջրի անբավարարության դեպքում աղերի խտությունը հողում մեծանում է, որը վնասակար ազդեցություն է ունենում բույսերի զարգացման վրա (ստորին տերևները գորշանում են, ժամանակից շուտ չորանում և թափվում)։ Պիտանի չեն նաև ծանր, կավային հողերը։ Բույսերը գարնանը տնկելու համար հողը պետք է նախապատրաստել աշնանը, աշնան համար՝ ամռանը։ Սկզբում պետք է փորել 20-25 սմ խորությամբ, խնամքով հեռացնել մոլախոտերը։ Այնուհետև պարարտացնել օրգանական պարարտանյութերով (1 մ²-ի 1-2 դույլ գոմաղբ, կոմպոստ, տորֆակոմպոստ կամ 1/4 դույլ թռչնաղբ), 100-200 գ փայտի մոխիր և հանքային պարարտանյութեր (30 գ ամոնիակային բորակ, 50-60