օգտագործել միայն բժշկի խորհրդով, որովհետև այն հակացուցված է սիրտանոթային որոշ հիվանդությունների դեպքում։
ՀԱՄԱԿԱՐԳԻՉ (կոմպյուտեր) անհատական, տարբեր (մասնագիտական, ուսումնական, կենցաղային) խնդիրներ լուծելու փոքրաչափ էլեկտրոնային հաշվողական մեքենա (ԷՀՄ)։ Անհատական Հ., որպես գիտական գրականության քարտարան, մասնագիտական նյութերի համակարգիչ, տեղեկատու, համառոտ հանրագիտական բառարան, գիտափորձի արդյունքների գրանցման, պահպանման և մշակման միջոց, անփոխարինելի է գիտաշխատողի համար։ Անհատական Հ. լայնորեն ներդրվում է դպրոցներում և բուհերում ուսումնական գործընթացի զարգացման նպատակով, ինչպես նաև կենցաղում կատարելով հասցեագրքի, հեռախոսագրքի, տնային տնտեսությունը վարելու օրագրի կամ խոհարարական բաղադրատոմսերի տեղեկատուի դեր։ Հ-ի օգնությամբ կարելի է պլանավորել ընտանեկան բյուջեն, հաշվարկել կոմունալ ծառայությունների վարձը, հավաքել և պահել զանազան օգտակար խորհուրդներ, պատրաստել հագուստի ձևվածքներ, մթերքների անվանումները հիշասարք ներմուծելով ստանալ կերակրատեսակների բաղադրատոմսեր ևն։
Անհատական Հ. կարելի է օգտագործել տարբեր առարկաների (ֆիզիկա, կենսաբանություն ևն), օտար լեզուների մեքենայական ուսուցման համար, որպես շաշկու, շախմատի խաղընկեր, ժամանցի միջոց (զվարճալի, հետաքրքրաշարժ խաղերի համար) ևն։ Հ. երեխաներին հնարավորություն է տալիս համատեղել խաղը և ուսուցումը ճանաչողության ընթացքը դարձնելով առավել հետաքրքիր և հասկանալի։
Անհատական Հ-ին բնորոշ են ոչ մեծ չափերը, ինքնուրույն (առանց մասնագետ ծրագրավորողի կամ օպերատորի օգնության) աշխատելու հնարավորության ընձեռումը, էլեկտրաէներգիայի քիչ ծախսը (սովորաբար, մի քանի հարյուր Վտ-ից ոչ ավելի)։
Անհատական Հ. մի քանի առանձին բլոկներից կազմված բարդ սարքավորանք է։ Նախնական տվյալները (թվերը) և խնդրի լուծման ծրագիրը ներածման սարք են մտցվում ծակոտաքարտերի, ծակոտաժապավենների և մագնիսական ժապավենների միջոցով, ինչպես նաև ստեղնաշարի օգնությամբ։ Սովորաբար օգտագործվում է լատինական, ռուսական, հայկական այբուբենի տառերով, թվանշաններով և հատուկ նշաններով (օրինակ, մաթեմատիկական գործողությունների, կետադրական նշաններ, փակագծեր) ստեղնաշար։ Բոլոր ներմուծվող նշաններն արտացոլվում են ցուցասարքի (դիսփլեյ) էկրանին, որով վերահսկվում է ներմուծվող հրահանգների և տվյալների ճշտությունը։
Սխալների տեղը նշելու և դրանք ուղղելու համար օգտագործվում է կուրսոր՝ էկրանի շարժական նշան, որը գտնվում է մշակվող տողի տակ և ցույց տալիս, թե որտեղ պետք է գրանցվի հաջորդ նշանը։ Սխալն ուղղելու, օրինակ, 1248 թվի «2» թվանշանը «3»–ով փոխարինելու համար, կուրսորը բերում են ճշտվելիք թվանշանի տակ (1248-ի 2-ի) և սեղմում «3» ստեղնը։ Տեքստի ավելորդ տառը «ջնջելու» համար կուրսորը բերում են այդ տառի տակ, սեղմում «ջնջում» ստեղնը, ըստ որում բառի մեջ բացատ չի գոյանում, քանի որ ջնջված նշանին հաջորդող բոլոր նշանները ավտոմատորեն փոխադրվում են ձախ։
Էկրանի վրա շարվելուց և ստուգվելուց հետո տեքստը փոխանցվում է անհատական Հ-ի «հիշողություն»։ Հ-ի հիշողության բլոկը սովորաբար բաժանված է երկու մասի՝ օպերատիվ (կամ ներքին) և արտաքին։ Առաջինը նախատեսված է ընթացիկ հաշվողական գործողություններում անմիջականորեն մասնակցող տվյալները և ծրագրերը պահելու համար։ Արտաքին հիշողությունն ունի բավականաչափ մեծ տեղեկատվական ունակություն, սակայն տեղեկության որոնումը համեմատաբար երկար է տևում։ Արտաքին հիշողությունը կազմված է, այսպես կոչված, տեղեկության կուտակիչներից՝ մագնիսական ժապավեններից (սովորական մագնիտոֆոնային ժապավենի նմանությամբ) կամ մագնիսական սկավառակներից։ Արտաքին հիշողության ունակությունը (գրանցված ժապավենների և սկավառակների վրա) կարող է հասնել տասնյակ և հարյուր միլիոնների (թվեր և բառեր)։
Անհատական Հ-ի արտածիչ սարքավորումներն են ցուցասարքը և տպագրիչը (պրինտեր)։ Ցուցասարքի վրա տառային և թվային տեքստերից բացի, կարելի է ստանալ բազմագույն պատկերներ (այսպես կոչված, մեքենայական գրաֆիկա)։ Թղթի վրա գրանցված պատասխան ստանալու համար Հ-ին միացնում են տպագրիչը:
Գոյություն ունեն ծրագրավորման մի շարք լեզուներ։
Ըստ կիրառման նպատակի՝ անհատական Հ-ները բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ մասնագիտական, ուսումնական և կենցաղային։ Մասնագիտական Հ-ներն ունեն սարքավորանքի մեծ լրակազմ և համապիտանի են։ Ցածր արտադրողականության ուսումնական և կենցաղային Հ-ները հնարավորություն են տալիս որպես ցուցասարք և արտաքին հիշողություն օգտագործել կենցաղային հեռուստացույցը և մագնիտոֆոնը։
Անհատական Հ. կարող է միացվել «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցին։
ՀԱՅԵԼԻ սենյակի, Հ-ները լինում են կախովի, սեղանի, հատակի և պահարանի։
Հ. պետք է այնպես կախել, որ լույսը մարդու վրա հավասարաչափ ընկնի։