Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կանգնած մարդու պատկերն արտացոլող Հ-ու վերին եզրը պետք է գտնվի 1750 մմ, նստածինը՝ 1300 մմ բարձրության վրա։ Մարդու պատկերն ամբողջ հասակով արտացոլող Հ-ու չափերը պետք է լինեն առնվազն 1000 մմ x 300 մմ, իսկ մինչև գոտկատեղն արտացոլողինը՝ 500 մմ x 300 մմ։ Խորհուրդ չի տրվում Հ. կախել այնպես, որ վրան ընկնեն արևի ուղիղ ճառագայթներ, քանի որ արևի ճառագայթներից և բարձր ջերմաստիճանից Հ. խունանում է։ Չի կարելի Հ. ամրացնել խոնավ պատին, որովհետև Հ-ու վրա բծեր են առաջանում։ Հ-ները մաքրելու և փայլեցնելու համար արտադրում են մի շարք միջոցներ (հեղուկներ, խտանյութեր, աերոզոլներ)։

Տան պայմաններում ևս կարելի է Հ. մաքրող բաղադրանյութ պատրաստել. 1 բաժակ ջրին ավելացնել 1 ճաշի գդալ մանր ծեծած կավիճ (կամ ատամի փոշի), 1 ճաշի գդալ քացախ և լավ խառնել։ Ստացված խառնուրդը տաքացնել, թողնել որ պարզվի, որից հետո ջուրը թափել և գոյացած խյուսով մաքրել Հ.։ Նույն հարաբերակցությամբ կարելի է խառնել կավիճն ու անուշադրի սպիրտը, Հ. մաքրել ստացված խյուսով, ապա փայլեցնել փափուկ թղթով։

Մաքուր Հ. կարելի է փայլեցնել սառը լեղակաջրով։

ՀԱՍՄԻԿ, ձիթենազգիների ընտանիքի գեղեցիկ ծաղկող թուփ։ Տնային պայմաններում աճեցվում են խոշորածաղիկ (ազորական) Հ., որը դեղատու է, և արաբական (սամբակ) Հ., որը հոտավետ է, սպիտակ, պարզ կամ բազմաթերթ ծաղիկներով։ Հ. լուսասեր բույս է։ Ակտիվ աճման շրջանում պետք է առատ ջրել (ձմռանը՝ չափավոր) և սնուցել, տերևները ցողել։ Պատրաստում են կավաճմային, տերևային, տորֆային (հավասար քանակներով) հողախառնուրդ ավազի հավելումով։ Հ. բազմացվում է կտրոններով։ Որպեսզի բույսը առատ ծաղկի, վաղ գարնանը (նաև ամռանը) պետք է ծերատել՝ դրանք օգտագործելով որպես կտրոն, իսկ թույլ ընձյուղները փոքր տերևների հետ ամբողջությամբ հեռացնել։ Նշված տեսակները տարածված են ՀՀ-ում։

ՀԱՏԱԿ (խնամքը), Հ-ի խնամքի համար (մաքրում, փայլեցում, մակերևույթի պահպանում) թողարկվում են զանազան միջոցներ մածիկներ, փայլատու էմուլսիաներ, հատակամաքրիչ և լվացող-փայլեցնող միջոցներ։

Մածիկները (մոմային, ջրային, ջրաէմուլսային) քսելուց հետո Հ. անհրաժեշտ է փայլեցնել։ Օրգանական լուծիչներով մոմային մածիկները նախատեսված են փայտասալիկավոր և տախտակե չներկած Հ-ի փայլեցման և պահանման համար։ Դրանք պետք է քսել խոզանակով նախապես լվացած և լավ չորացրած Հ. ծածկելով հավասար բարակ շերտով։ Մածիկի չորանալուց 20-30 րոպե հետո հարկավոր է Հ. փայլեցնել հատակափայլիչով կամ հատուկ խոզանակով։ Մածիկի ծախսը. 10-15 գ 1մ² մակերևույթին։

Ջրային մածիկները հարկավոր է լցնել մետաղե ամանի մեջ, ավելացնել տաք ջուր (0,5 լ) և թեթևակի տաքացնելով հալեցնել, ապա խառնելով աստիճանաբար ավելացնել ևս 2 լ տաք ջուր (50-55 °C ջերմաստիճանի) և խառնել մինչև ստացվի համասեռ էմուլսիա։ Այնուհետև պետք է Հ. պատել էմուլսիայի բարակ շերտով, թողնել չորանալու և 40-60 րոպեից փայլեցնել հատակափայլիչով, կոշտ խոզանակով կամ մահուդի կտորով մինչև հավասարաչափ փայլելը։ Մածիկի ծախսը, մոտ 10 գ 1 մ² մակերևույթին։

Ջրաէմուլսային մածիկները պիտանի են ցանկացած տեսակի, այդ թվում նաև պլաստիկով կամ լինօլեումով պատած Հ-ի փայլեցման համար։ Դրանք փափուկ շորով քսում են մաքուր չոր Հ-ին, ապա թողնում չորանալու և 30-40 րոպեից փայլեցնում։ Մածիկի ծախսը. 10 գ 1 մ² փայտասալիկավոր Հ-ին։

Փայլատու էմուլսիաները քսելուց հետո այլևս Հ. փայլեցնելու կարիք չկա։ Էմուլսիան քսում են նախապես լվացած կան խոնավ շորով սրբած և չորացրած Հ-ին։ Ուժեղ փայլ ստանալու համար էմուլսիան պետք է քսել 2-3 անգամ՝ 30 րոպեանոց ընդմիջումներով։ Առաջացած թաղանթը պահպանվում է անգամ Հ. խոնավ շորով սրբելուց հետո։ Էմուլսիայի ծախսը. 40 գ 1 մ² փայտասալիկավոր Հ-ին (մեկ շերտ քսելու դեպքում)։

Հ. մածիկով կաճ փայլատու էմուլսիայով պատելուց առաջ անհրաժեշտ է մաքրել հատուկ միջոցներով։

ՀԱՏԱԿԱՓԱՅԼԻՉ էլեկտրական, օգտագործվում է փայտասալահատակի, լինօլեումի և ներկած հատակի մեխանիկական փայլեցման համար։ Հատակը փայլեցվում է պտտվող խոզանակներով, որոնք շարժման մեջ են դրվում արագընթաց էլեկտրաշարժիչով։ ժամանակակից Հ-ներում նախատեսված է նաև խոզանակների պտտումից տարածվող փոշու ներծծման հարմարանք։