կորցնում են գեղազարդությունը։ Ուժեղ ախտահարված բույսերը չորանում են։ Կաղնիանման խայտաբղետություն. տերևների վրա առաջանում է դժգույն շերտ, որն ուրվագծով նման է կաղնու տերևին, բույսը վատ է աճում ու զարգանում։
Պայքարի միջոցները. վիրուսային հիվանդությունով ախտահարված բույսերը պետք է ոչնչացնել։ Գույքն ու գործիքները խնամքով ախտահանել։ Հողը ախտահանել և վերափորել հողի շերտը շրջելով (առը շուռ տալով)։
Բակտերային հիվանդություններից են բակտերային քաղցկեղը և գերաճը։ Առաջինի դեպքում արմատավզիկի վրա առաջանում են սպիտակ գույնի թմբիկավոր պալարներ, որոնք հետագայում գորշանում են։ Աշնանը պալարների տրամագիծը հասնում է 10-12 սմ-ի։ Դրանք փտում են, քայքայվում, և հողը վարակում բակտերիաներով, որոնք հողում պահպանվում են մինչև 5 տարի։ Գերաճի դեպքում ցողունի ստորին մասում առաջանում են հաստացած, կարճ, բաց կանաչավուն երիտասարդ ընձյուղներ։ Բույսերը վարակվում են արմատապալարների վնասված մասերի միջոցով։
Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի ոչնչացում, բույսերի հաջորդականության պահպանում։
Սնկային հիվանդություններ. Գ-ներն ախտահարվում են սև ոտիկով, վերտիցիլյոզով, փտման տարբեր տեսակներով, ալրացողով, բծավորությամբ։ Սևոտիկի հարուցիչն առավելապես ախտահարում է երիտասարդ սերմնաբույսերը և կտրոնային բույսերը։ Հիվանդ բույսերի ցողունը հողի մակերևույթի մոտ մգանում է, բարակում, թեքվում, և բույսը ոչնչանում է։ Կանխարգելման նպատակով սերմնաբույսերն ու արմատակալած կտրոնները պետք է տնկել չորս և ավելի տարի կույտերում մնացած, այսինքն կենսաբանորեն վարակազերծված հողի մեջ։
Պայքարի միջոցները. հիվանդ բույսեր հայտնաբերված հողի վրա լցնել 1%-անոց կալիումի պերմանգանատի լուծույթ։
Վերտիցիլյոզի (թառամման հիվանդություն) դեպքում բույսերը հանկարծակի թառամում և դեղնում են։ Հիվանդությունն ավելի հաճախ զարգանում է շոգ ամռանը և արագորեն տարածվում, բույսերը ոչնչանում են։
Պայքարի միջոցները. անհապաղ այրել մահացած բույսերը, հողը մշակել քլորակրով և վերափորել։
Սկլերոտինոզը կամ սպիտակ փտումն առաջանում է ցողունների վնասված մասերով սնկի սպորների թափանցելու և բողբոջման դեպքում։ Ախտահարված մասերը դեղնում են, փտում, բույսերի վերգետնյա զանգվածն ամբողջովին ոչնչանում է։
Պայքարի միջոցները. բույսը կտրել ախտահարված տեղից ցած և անհապաղ ոչնչացնել, կտրվածքների վրա ցանել մոխիր։ Ուժեղ ախտահարման դեպքում բույսն ամբողջովին ոչնչացնել, հողն ախտահանել քլորակրով և վերափորել։
Ֆուզարիոզը կամ չոր փտումը դրսևորվում է տերևների և ցողունների դեղնությամբ։ Ախտահարված հատվածներում գոյանում են վարդագույն բարձիկներ՝ սպորակիր սնկեր։ Ձմռանը պահելիս ախտահարվում են արմատապալարները։
Պայքարի միջոցները. քիչ ախտահարման դեպքում հիվանդ հատվածները կտրել մինչև առողջ մասը, կտրվածքի վրա ցանել մոխիր կամ ածխի փոշու և ծծմբի խառնուրդ։ Ուժեղ ախտահարման դեպքում բույսերը ոչընչացնել, հողը ախտահանել և վերափորել։
Ալրացողն արտահայտվում է տերևների և ցողունների վրա սպիտակ փառի առաջացմամբ, որը խանգարում է դրանց կենսագործունեությանը։
Պայքարի միջոցները. հիվանդության առաջին նշանների դեպքում սրսկել պղնձաօճառային խառնուրդ (2 գ պղնձարջասպ, 20 գ կանաչ օճառ, 1լ ջուր) կամ պղինձ պարունակող այլ պատրաստուկներ, սրսկումը կրկնել երկու շաբաթ անց։
Վնասատուները. Գ-ներին առավել վնաս են հասցնում ծծող միջատները, տարբեր տեսակի լվիճները, տրիպսները, մարգագետնային մլուկը, որոնք վիրուսային հիվանդությունների փոխանցողներ են։
Պայքարի միջոցները. հեղուկ կալիումական կամ տնտեսական օճառի (10 լ ջրին 250-300 գ), 0.2-0.3 %-անոց կարբոֆոսի կամ քլորոֆոսի լուծույթների սրսկում։ Լվիճների դեմ կարելի է օգտագործել ծխախոտի թուրմ։
Լորձնախխունջները, մժղուկները, կաղամբի, կարտոֆիլի և աշնանացանի բվիկների թրթուրները սնվում են կտրոնների շիվերով և տերևներով, հասուն բույսերի ծաղկաբույլերով և տերևներով։
Պայքարի միջոցները. ձեռքով հավաքել և ոչնչացնել։ Լարաթրթուրը (չրխկան բզեզի թրթուրը) ուտում է պալարի հյուսվածքը, բացում անցքեր, և պալարը փտում է։
Պայքարի միջոցները. թրթուրներն ու բզեզները հավաքել և ոչնչացնել, հողի վրա լցնել 10-30 %-անոց կարբոֆոսի, քլորոֆոսի լուծույթներ։
Նեմատոդները վնասում են արմատները, ցողունները և տերևները։ Մտնելով դրանց մեջ՝ արմատների և ցողունների վրա առաջացնում են փքվածքներ (գալեր), որի հետևանքով տերևները գորշանում են և մահանում, ի վերջո բույսերը ոչնչանում են։
Պայքարի միջոցները. Գ-ների շարքերի միջև տնկել թավշածաղիկ, որը նպաստում է վնասատուների քանակի նվազմանը։ Հողամասը պահել մաքուր վիճակում, պահպանել բույսերի հաջորդափոխությունը։
Գ. օգտագործվում է ծաղկանոցների, ծաղկաթմբերի ձևավորումների և կտրած ծաղիկներ ունենալու համար։
ԳԵՏՆԱԵԼԱԿ, մորի (աճեցումը), բազմամյա լուսասեր բույս է, պահանջկոտ հողի և տեղադրության նկատմամբ։ Գ-ի հողամասը պետք է լինի լուսավոր, հարթ կամ քիչ թեքությամբ պաշտպանված ծառերով, թփերով կամ կառույցներով, որոնք նպաստում են ձնակուտակմանը։
Ստորգետնյա ջրերի մակարդակը պետք է լինի մինչև 0,8-1,0 մ։ Գ-ի համար լավագույնը տորֆով հարստացրած թեթև և միջին կավավազային հողերն են։ Լավ է աճում նաև թույլ թթվային հողերում (pH1=5,8-6,0)։ Հողը պետք է կրացնել, եթե pH=5,2 և ցածր։ Նպատակահարմար է կրացնել հողամասը Գ. տնկելուց 1-2 տարի առաջ։ Նույն տեղի օգտագործման ժամկետը մինչև 5 տարի է։
Հողամաս հիմնելիս կարևոր է նախորդող բույսը, որը կարող է լինել բանջարային, շարահերկ։ Խորհուրդ չի տրվում աճեցնել մորմազգիներից, դդմազգիներից հետո (դրանք ունեն ընդհանուր վնասատուներ)։ Գ-ի աշնանային տնկումների ժամանակ հողամասը նախօրոք պետք է կրկնավարել, որպեսզի