Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըստ թփի բարձրության տարբերում են ցածր, միջին և բարձր սորտեր։ Ըստ ծաղկի մեծության՝ մանր, խոշոր, հսկա, ծաղկի գունավորման՝ միագույն, բծավոր, զոլավոր, մարմարյա, քառերանգ, երփներանգ։ Ըստ ծաղկաթերթիկների եզրերի ալիքավորության առանձնացնում են՝ հավասար, թեթևակի ալիքավոր, ուժեղ ալիքավոր սորտեր։

Տեղի ընտրությունը. Ե. մ. պետք է աճեցնել արևոտ կամ թեթևակի ստվերոտ վայրերում։ Արևոտ տեղերում ծաղիկները վառ են և խոշոր, կիսաստվերում ավելի երկար են ծաղկում, սակայն ծաղիկները մանրանում են և դառնում ոչ այնքան վառ գույնի։ Բույսը վատ է աճում ցածրադիր խոնավ վայրերում, իսկ գարնանային ջրի կանգը կարող է բույսի սառչելու և փչանալու պատճառ դառնալ։

Հողը. Ե. մ-ի համար պիտանի են բերրի, ավազակավային, չեզոք ռեակցիայով, մի փոքր խոնավ հողերը։ Սննդանյութերով աղքատ չոր ավազահողերում բույսերն (առանձնապես շատ խոշոր ծաղիկներով սորտերը) արագորեն մանրանում են և այլասերվում։ Գարնանը տնկման համար հողը նախապատրաստելիս խորհուրդ է տրվում տալ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր (1 մ²–ին 30-40 գ)։

Սերմերի ցանքը։ Տնկումը. Ե. մ. գերադասելի է աճեցնել որպես երկամյա բույս։ Սերմերը պետք է ցանել նախորդ տարվա ամռանը։ Ցանքի լավագույն ժամկետը հուլիսի սկիզբն է։ Ավելի ուշ ցանքի դեպքում սածիլները ստացվում են փոքր թփերով և մինչև ձմեռ չեն հասցնում ամրանալ։ Վաղ ցանքի դեպքում սերմնաբույսերն աճում ու ծաղկում են աշնանը, ձմեռն անցկացնում են թուլացած վիճակում և հաճախ փչանում են։ Սերմերը կարելի է մարգերի վրա ցանել ոչ խիտ շարքերով։ Ծիլերը դուրս են գալիս 6-12 օր հետո։ Դրանք պետք է սածիլել։ Այդ վիճակում ծիլերը ձմեռում են։ Գարնանը բույսերը կարելի է տեղափոխել ծաղկանոցներ։ Սնուցման մակերեսը՝ 25x25 սմ։

Ե. մ. կարելի է օգտագործել նաև որպես միամյա բույս, դրա համար սերմերը պետք է ցանել մարտին՝ սենյակում կամ փոքրիկ ջերմոցում, սածիլումը կատարել ապրիլին, մայիսին տնկել գրունտում։ Այդ ձևով վարվելիս բույսերն ավելի երկար են ծաղկում, բայց ոչ առատ, ծաղիկները մանրանում են։ Աշնանը ծաղկելու համար սերմերը պետք է ցանել ապրիլ-մայիսին։

Խնամքը. ձմռանը սածիլները պետք է ծածկել 5 սմ տորֆի շերտով, որպեսզի ձյուն չլինելու դեպքում սերմնաբույսերը չսառչեն։ Ամռանը խնամքը սովորական է. հողի փխրեցում, քաղհանում, ջրում, սնուցում։ Պետք է մի քանի անգամ սնուցել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով (1 մ²–ին՝ 30-40 գ)։ Ե. մ. վատ է տանում թարմ գոմաղբը։ Ծաղկման ժամկետը երկարացնելու համար անհրաժեշտ է հեռացնել վաղուց ծաղկած ծաղիկները, սերմնակալման ժամանակ ծաղկումը դադարում է։

Սերմերի հավաքումը. սերմերի ստացման համար պետք է ընտրել ուժեղ բույսեր, վերատնկել այլ տեղ՝ մինչև սերմերի հասունանալը։ Սերմերը հավաքել տուփիկները դեղնելուց հետո, այլապես դրանք արագ ճաքճքում են և սերմերը թափվում են։

Բազմացումը. Ե. մ. բազմացնում են ոչ միայն սերմերով, այլ վեգետատիվ եղանակով՝ կանաչ կտրոններով։ Վերջիններս ավելի լավ է կտրել մայիսից մինչև հուլիս ընկած ժամանակաշրջանում 2–3 անգամ։ Դրա համար պիտանի են 2-3 հանգույց ունեցող բոլոր ծայրային կանաչ ընձյուղները, որոնք պետք է տնկել ստվերոտ տեղ, 0,5 սմ խորությամբ, ամեն օր ցողել և ջրել։ Վաղ արմատակալած կտրոններն աշնանը կարելի է վերատնկել ծաղկանոցներում։ Ուշ կտրոնավորման դեպքում արմատակալած բույսերն ավելի լավ է ծաղկանոցներում տնկել հաջորդ տարվա գարնանը։

Հիվանդությունները. ալրացողի դեպքում բույսի տերևների, ցողունների և բողբոջների վրա առաջանում է սպիտակ փառ։ Ախտահարված տերևները դեղնում են և չորանում, կրճատվում է ծաղկման տևողությունը։

Պայքարի միջոցները. կալցինացված սոդայի և օճառի (10 լ ջրին 40 գ սոդա և 40 գ օճառ) կամ պղնձաօճառային պատրաստուկների լուծույթների սրսկում։

Մոխրագույն փտումից ախտահարվում են տերևները, ցողունները, ծաղիկները։

Պայքարի միջոցները. սածիլները տնկել լավ լուսավորված, օդափոխվող վայրում, թույլ չտալ բույսերը խտանան, ոչնչացնել հիվանդ բույսերը և բուսական մնացորդները։ Հիվանդացած բույսերը սրսկել պղնձի քլորօքսիդի 0,5 %-անոց լուծույթով՝ 3-4 անգամ, յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ։

Տերևների բծավորությունն առաջացնում է տերևների վաղաժամ մահացում, բույսը կորցնում է գեղազարդությունը, վատ է ծաղկում։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մոխրագույն փտման դեպքում։

Գալային նեմատոդ. արմատների վրա գոյանում են փքվածքներ՝ գալեր։ Բույսն աստիճանաբար չորանում է։

Պայքարի միջոցները. ցանքից առաջ սերմերի ախտահանում (ՏՄՏԴ-ով փոշեպատում), հիվանդ բույսերի ժամանակին ոչնչացում (այրում), գույքի և հողի վարակազերծում։

Սևոտիկը սերմնաբույսերի սնկային հիվանդություն է։ Փտում են բույսի արմատավզիկները և արմատները։ Հիվանդությանը նպաստում է առատ ջրումը և ջրի կանգը։

Պայքարի միջոցները. սերմերի նախացանքային ախտահանում, հողի վարակազերծում, ճիշտ ջրային ռեժիմ։

Վնասատուները. Ե. մ. վնասում են տարբեր տեսակի լվիճները, որոնք ծծում են բույսերի հյութը։ Բույսերը դեղնում են և չորանում։

Պայքարի միջոցները. բույսերի սրսկում սոխի կճեպների (0,5 կգ-անոց բանկա կճեպի վրա լցնել 1 լ տաք՝ 60–70 °C ջուր, թողնել մեկ օր, օգտագործումից առաջ կրկնակի նոսրացնել), սխտորի (4-5 գ մանրացնել, վրան լցնել 1 լ ջուր, խառնել, կարելի է օգտագործել հաջորդ օրը), խատուտիկի տերևների (10 գ-ի վրա լցնել 1 լ 60-70°C ջուր, թողնել մեկ օր), կարտոֆիլի փրերի (10–12 գ, 1 լ ջուր, թողնել 2-3 ժամ) թուրմերը։ ՀՀ-ում Ե. մ. մշակվում է ջերմոցներում և տնամերձ տնտեսություններում։