2 անգամ, սկզբում օրգանական, ապա հանքային պարարտանյութերով։ Անհրաժեշտության դեպքում պետք է ջրել (1 մ²–ին՝ 3-4 դույլ), քաղհանել և փխրեցնել հողը։ Գ-ի բերքը հավաքում են հոկտեմբերի կեսերին։
ԴԴՈՒՄ ԵՎ ԴԴՄԻԿ (աճեցումը), հողամասը պարարտացնում են օրգանական և հանքային պարարտանյութերով։ Ցանքը կատարում են ապրիլի կեսերից սկսած (դդմիկինը կարելի է կատարել վաղ գարնանը), Արարատյան դաշտում դդմիկը ցանում են նաև ամռանը և աշնանը, որի բերքն օգտագործվում է թթու դնելու համար։ Դդումի սերմերը խցում են 8-10 սմ, դդմիկինը՝ 4-6 սմ խորությամբ, ցանքը կատարում են շարքերով։ Դդումի միջշարային հեռավորությունը 150 սմ է, միջբուսայինը՝ 75-100 սմ, դդմիկինը՝ համապատասխանաբար 100 և 50։ Դդումը հասունանում է 120–150 օրում, դդմիկի առաջին ծիլերը երևում են ցանքից 60-80 օր հետո։ Ծիլերը դուրս գալուց հետո կատարում են նոսրացում, միջշարքերի փխրեցում (2-3 անգամ), քաղհան, պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։ Շատ կարևոր է ոռոգումը։ Բերքահավաքը սերմերի համար կատարում են կենսաբանական լրիվ հասունացման փուլում։ Պտղից սերմերը հանում են ձեռքով։ Սննդի մեջ օգտագործում են դդումի հասուն, իսկ դդմիկի՝ մատղաշ (7-10 օրական) առանց սերմերի պտուղները։
Մշակվում են Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում։
ԴԵՂՁԵՆԻ, ՀՀ-ում մշակվում է Արարատյան դաշտում, նախալեռնային, Զանգեզուրի, հս-արլ. շրջաններում, մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, Լոձ, Ճղովի, Ճուղոտի ևն) թավոտ են։
Դ. բազմացվում է պատվաստով։ Բարձր բերք ստանալու համար պետք է կատարել ծառերի էտ՝ նոսրացմամբ և կարճացումով, ոռոգում, պարարտացում, պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։ Տես Այգի հոդվածը։
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ ՇԱՔԱՐԱՅԻՆ (աճեցումը), արագ աճող միամյա, ջերմասեր, լուսասեր բույս է։ ՀՀ-ում մշակվող լավագույն սորտերն են Դնեպրովյան 115, Դնեպրովյան 614։ Ե. շ. մշակում են սառը քամիներից պաշտպանված, բերրի հողերում։ Պարարտացնում են բուսահողով կամ կոմպոստով (1 մ²–ին՝ 5-6 կգ), հանքային պարարտանյութերով (սովորական չափաքանակներով)։ Ցանքը պետք է կատարել, երբ 10 սմ խորության մեջ հողի ջերմաստիճանը 10-12 է։ Վաղ ցանքի դեպքում սերմերը չեն ծլում։ Արարատյան դաշտում ցանում են ապրիլի 15-25-ը, հյասիս-արևելյան գոտում՝ ապրիլի 25-ից մայիսի 10-ը, մնացած բոլոր գոտիներում՝ մայիսի 10-25–ը։ Սերմերը ցանում են շարային եղանակով՝ 60-70 սմ միջշարային և 30-35 սմ միջբուսային հեռավորությամբ։ Խնամքին վերաբերող կարևոր միջոցառումներից են մոլախոտերի ոչնչացումը, ջրումները, սնուցումները և ամռան ընթացքում 3-4 անգամ հողի փխրեցումը։ Կողրերը հավաքում են մոմային կամ կաթնամոմային հասունացման փուլում, երբ շաքարի պարունակությունը հասնում է մինչև 24 %-ի։
ԵԶՐԱԶԱՐԴ, տես Ծաղկանոցներ հոդվածում։
ԵԶՐԱԾՈՒ, տես Ծաղկանոցներ հոդվածում։
ԵԼԱԿ (աճեցումը), երկտուն բազմամյա խոտանման բույս է։ Շատ հաճախ սխալմամբ Ե. են անվանում այգու գետնաելակը։ Վայրի վիճակում Ե. հանդիպում է ամենուրեք։ Բնորոշ են խոշոր, բաց կանաչ, եռամաս ուժեղ կնճռոտված, խիտ թավոտ մազիկներով տերևները։ Ծաղկակիրներն (ի տարբերություն գետնաելակի) ուղիղ կանգուն են և, սովորաբար, տերևներից բարձր։ Հատապտուղները մանր են, երկարացված, վզիկով, մուգ կարմիր (արևահայաց կողմից մանուշակագույն, ստվերոտ կողմից՝ կանաչավուն), սուր յուրահատուկ մուսկատի բույրով։
Առավել տարածված սորտերից են Շպանկան (միասեռ ծաղիկներով) և Միլանյանը (երկսեռ ծաղիկներով)։ Շնորհիվ բարձր ձմեռադիմացկունության Ե. կարելի է աճեցնել ձյունոտ խիստ ձմեռ ունեցող շրջաններում։ Երկտուն սորտերի տնկման ժամանակ հանձնարարվում է յուրաքանչյուր 8-10 իգական բույսերից հետո տնկել 2 արական։ Մշակում են ինչպես գետնաելակը:
ԵՌԱԳՈՒՅՆ ՄԱՆՈՒՇԱԿ, անյուտայի աչիկներ, մանուշակազգիների ընտանիքի բազմամյա բույս, որն օգտագործվում է որպես երկամյա (հազվադեպ միամյա)։ Բազմաթիվ սորտերը մանուշակի տարբեր տեսակների հիբրիդներն են և լայնորեն օգտագործվում են ծաղկաբուծության մեջ՝ ծաղկաթմբերի, եզրաշերտերի, ծաղկեգորգերի, պատուհանների և պատշգամբների ձևավորումների համար։ Ե. մ. կարելի է խմբերով տնկել նաև ճանապարհամերձ սիզամարգերում։ Ժամանակակից տեսակակազմն ընդգրկում է 15 պարտեզային խումբ։ Առավել տարածված են խոշորածաղիկ Շվեյցարական (Ռոգլի), ձմեռային Խինալիս, վաղաժամկետ Էրֆուրտյան և առատ ծաղկող Տրիմարդո խմբերը։