զոոհիգիենային բարենպաստ պայմաններ։ Այդ նպատակով տնտեսական բլոկում անհրաժեշտ է ունենալ առանձին թռչնանոց։ Մատղաշը պահվում է սովորաբար հատակի վրա։ 1 մ2 հատակի վրա պահում են 16-20 ձվատու կամ 10-14 մսատու հավի և բադի, 8-10 հնդկահավի և սագի ճտեր։ Տոհմային աճեցման դեպքում ավելորդ աքաղաղներին 2 ամսից հետո մորթում են։ Հնդկահավերի և սագերի արուներն աճեցվում են ավելի երկարատև, դրա համար 45-60 օրականում դրանց տեղափոխում են՝ խտությունը նվազեցնելով 2-3 անգամ։
Ճտերը աճեցնում են ցանցավոր հատակ ունեցող վանդակներում։ Հատուկ ուշադրություն են դարձնում ջերմային ռեժիմի ապահովմանը։ Առանց թխսերի աճեցման ճտանոցներում տաքացուցիչներով ստեղծում են պահանջվող ջերմաստիճան։ Առավել բարձր այն պետք է լինի մատղաշի աճեցման առաջին 5 օրը։ Ճտերի աճին զուգընթաց (45-60 օրում) ջերմաստիճանը նվազեցնում են մինչև 18-16 °C։ Թխսի հետ ճտերի աճեցման ժամանակ հետևում են միայն շենքի ընդհանուր ջերմաստիճանին։ Առանց թխսի աճեցնելիս առաջին շաբաթում լուսային օրվա տևողությունն անհրաժեշտ է հասցնել 20, հաջորդ օրերին մինչև 18 ժամի, այնուհետև սահմանափակվել լուսային օրվա բնական տևողությամբ։
Թխսով մատղաշն աճեցնելիս (որպեսզի նրանք հանգստանան) առաջին օրերին լուսավորության տևողությունը 16 ժամից չպետք է անցնի։ 4-5-րդ օրը, տաք և արևոտ եղանակին ճտերը կարճ ժամանակով (հատկապես թխսի հետ) դուրս են բերում զբոսաբակ։ Բադերի և սագերի ճտերը 3-4-րդ, հավի և հնդկահավի ճտերը 7-8-րդ շաբաթվանից զբոսաբակում թողնում են ամբողջ օրը։
Մատղաշի կերակրման համար չպետք է օգտագործել փտած, թթված, բորբոսնած, և սկզբնական շրջանում դժվարամարս կերեր՝ գարի, վարսակ, կորեկ (թաղանթով) և ամբողջական խոշոր հատիկ։
Հավի ճտերին կերակրում են անմիջապես տնտեսություն բերելուց կամ թխսի տակից հանելուց 10-12 ժամ հետո։ Կյանքի առաջին օրերին լավ կեր է պինդ եփած թարմ ձուն, կաթնաշոռը, կորեկաձավարը, մանր աղացած դեղին եգիպտացորենը, ցորենը, վարսակի ձավարը։ Ձուն անցկացնում են մսաղացով, վրան ավելացնում կորեկաձավար կամ աղացած հատիկ։ Մինչև 10 օրական մատղաշին կերակրում են 5-6, մեկ ամսականին՝ 3 անգամ։
Ճտերի համար լավագույն սպիտակուցային կերեր են կաթնամթերքները և մնացուկները՝ անյուղ, թարմ կաթնաշոռը, շիճուկը, թանը։ Մատղաշի աճի և զարգացման համար կարևոր է հանքային կերը։ Ձվերը տալիս են մանրած կճեպի հետ, իսկ 5-րդ օրվանից առանձին կերամաններով տալիս են ծեծած կավիճ, խեցի, լվացած խոշոր ավազ։ Կերակրի աղը խառնակերին ավելացնում են լուծույթի ձևով։ Կախված հասակից և տեսակից ճտերի աճեցման ժամանակ հանձնարարվում են որոշակի կերային նորմաներ։ Այդպիսի նորմավորում կատարվում է սովորաբար մինչև 2 ամսական ճտերի համար, երբ կերակրման ռեժիմի պահպանումը առանձնապես կարևոր է։
Ավելի մեծ տարիքի մատղաշին, հատկապես բադերին և սագերին, կարելի է կերակրել կարտոֆիլով, արմատապտուղներով, կանաչեղենով, լավորակ սննդային թափոններով։
Աճի ամբողջ շրջանում մատղաշը պետք է ստանա մաքուր, լավորակ, բայց ոչ շատ սառը ջուր։
Հասուն թռչնի խնամքը և կերակրումը։ Հասուն ընտանի թռչունը պահում են ոչ մեծ թռչնանոցներում, որոնք ունեն լուսամուտ, օդանցք, տաք հատակ, էլեկտրական լուսավորություն։ 1 մ2 հատակի վրա պահում են 4 ձվատու կամ 3 մսաձվատու և մսատու ցեղի հավ, 2 բադ, 1-1,5 սագ կամ հնդկահավ (ըստ զանգվածի)։
Թռչնանոցում տեղադրում են բներ, կերամաններ, խմոցներ, թառեր, մոխրաավազային տաշտակներ (վերնամաշկային մակաբույծների դեմ պայքարելու համար)։
Հավաբունը. 5 ածան հավի հաշվով, կառուցում են 20-30 սմ լայնությամբ,