Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընձյուղների, ցողունների և տերևների վրա առաջանում են թաց, մուգ դարչնագույն բծեր, որոնք այնուհետև ամբողջովին պատվում են սնկամարմնով (միցելիումով)։ Բարձր խոնավության, ցածր ջերմաստիճանի և բույսերի խտացման դեպքում հիվանդությունը զարգանում է շատ արագ (ավելի ինտենսիվ է դառնում վեգետացիայի վերջում)՝ առաջացնելով բույսի մահացում։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ աստղածաղկի մոխրագույն փտման դեպքում։

Բակտերային բծավորությունը դրսևորվում է տերևների ջղերի երկարությամբ մուգ եզրաշերտերով, բաց դարչնագույն փոքր պտերի ձևով։ Ախտահարված տերևները չորանում են։ Հիվանդությունն ավելի ակտիվորեն է զարգանում խոնավ եղանակին։

Պայքարի միջոցները. աշնանը բույսերի մնացորդների ոչնչացում, գարնանը կանխարգելման նպատակով բույսերի սրսկում պղնձի քլորօքսիդի (0,5 %-անոց) լուծույթով, ուժեղ ախտահարված բույսերը հարկավոր է հանել և ոչնչացնել։

Արմատների և ցողունի հիմքի փտում առաջացնում են տարբեր տեսակի սնկերը։ Փտում են բույսի արմատներն ու արմատավզիկը, բույսը մահանում է։ Հիվանդության զարգացմանը նպաստում է բարձր խոնավությունը։

Պայքարի միջոցները. սերմերի նախացանքային վարակազերծում և նույնը, ինչ աստղածաղկի նույնանուն հիվանդության դեպքում։

Գալային նեմատոդն ախտահարված բույսի արմատների վրա առաջացնում է փքվածքներ (գալեր), բույսը հետ է մնում աճման մեջ և մահանում է։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ աստղածաղկի նույնանուն հիվանդության դեպքում։ ՀՀ-ում մշակության մեջ օգտագործում են ուղղաձիգ Թ., ինչպես նաև պատուլա, սիգնաթա և այլ տեսակները։

ԹԹԵՆԻ, տես Թութ:

ԹՈՆԻՐ, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում տարածված կավե գլանաձև վառարան։ Վերևում նեղ է, միջնամասում՝ ուռուցիկ, ներքևում՝ լայն։ Ամենատարածված տեսակը միջնամասում ունի 40-60 սմ տրամագիծ, 1,2-1,5 մ խորություն, օգտագործվում է հաց (լավաշ, բոքոն ևն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու համար։ Թաղվել է խորանաձև թոնդրափի կենտրոնում, երդիկի դիմաց՝ ծխի ելքը դյուրացնելու նպատակով։ Խոնավությունից զերծ պահելու համար Թ. երբեմն թաղում են հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ, շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու համար Թ. երբեմն պատում են 20-25 սմ հաստության աղի կամ ավազի շերտով։ Օդի հոսքն ապահովելու, կրակը բորբոքելու նպատակով Թ-ի ներքևի մասից խողովակներով կամ սալաքարերով պատրաստված 1,5-3 մ երկարության օդամուղը (ակ, սնվածք) թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերևույթ։ Թ. ծածկվում է կավե (նաև թիթեղե) կափարիչով։

ԹՐԱՇՈՒՇԱՆ, գլադիոլուս, հիրիկազգիների ընտանիքի պալարասոխուկավոր բազմամյա բույսերի ցեղ։ Ընդգրկում է շուրջ 200 տեսակ։ ՀՀ-ում աճում է Թ-ի 6 տեսակ (ագռավաթուր, մանուշակագույն, կղմինդրաձև, հերկային, աղասեր, Շովիցի)։ Պարտեզային Թ-ի սորտերը (մոտ 8 հազար) տարբերվում են ծաղկման ժամկետներով, բույսերի բարձրությամբ, ծաղկաբույլերի և ծաղիկների գունավորումով, ձևերով, չափերով և այլ հատկանիշներով։

Ըստ ծաղկման ժամկետների տարբերում են խիստ վաղահաս, վաղահաս, միջավաղահաս, միջահաս, միջուշահաս և ուշահաս Թ-ներ։ Սորտային Թ–ների ծաղիկների գունավորումն ընդգրկում է 10 դաս՝ սպիտակից մինչև մանուշակագույն և 3 դաս խառը՝ սև և կապտամոխրագույն երանգների հավելումով։

Ըստ ծաղկի ձևի առանձնացնում են պարզ, ծալքավոր, ծալվածքավոր, կտրտված, բազմաթերթ և վիշապանման (մակաճներով և թմբիկներով) Թ–ներ։ Առանձին խումբ են կազմում բուրավետ Թ-ները։

Ըստ ծաղկի մեծության տարբերում են նրբագեղ, մանրածաղիկ, միջին ծաղկավոր, խոշորածաղիկ և հսկա տեսակներ։

Ըստ առաջացման վայրի Թ-ի սորտերը բաժանում են եվրոպական և ամերիկյան էկոտիպերի։ Եվրոպական սորտերի ծաղիկը հավասար կամ թեթևակի ալիքավոր եզրերով է, ծաղկաբույլը խիտ է, բրգաձև՝ կազմված 15–17 ծաղիկներից, որոնցից միաժամանակ բացված են լինում 5-6-ը։ Ամերիկյան էկոտիպի սորտերի մեծ մասն ունի ծալքավոր կամ ծալվածքավոր միջին և խոշոր ծաղիկներ, ծաղկաբույլը կանոնավոր դասավորված ծաղիկներով է, որոնց մեջ կա 20-22 կոկոն, միաժամանակ բացվում է 8-10 ծաղիկ։

Տեղի ընտրությունը. Թ-ների բնականոն զարգացման համար անհրաժեշտ է լուսավոր, ուժեղ քամիներից պաշտպանված և լավ ցամաքուրդված վայր։ Այն պետք է լինի հարթ կամ մի փոքր թեքված հարավային ուղղությամբ։

Հողը. լավագույն են համարվում չեզոք կամ թույլ թթվային ռեակցիայով սևահողերը, թեթև կավավազային կամ ավազակավային հողերը։ Տնկման համար հողամասը պետք է նախապատրաստել աշնանը։ Հողը վերափորել 30–40 սմ խորությամբ և ավելացնել հիմնական պարարտանյութը։ Գարնանը տնկելուց անմիջապես առաջ հողը կրկին փորել (խոնավ հողերում նախապես)։

Պարարտանյութերը. խորհուրդ է տրվում աշնանն օգտագործել օրգանական պարարտանյութեր՝ կոմպոստ, բուսանող, գոմաղբ, թռչնաղբ, տորֆակոմպոստ, տորֆահանքային-ամոնիակային պարարտանյութեր (ՏՀԱՊ), հետևյալ հաշվով. 1 մ2–ին՝ 3-5 կգ բուսանող կամ գոմաղբ, 8-10 կգ կոմպոստ, 2 կգ ՏՀԱՊ, 0,3-0,5 կգ թռչնաղբ։ Հողի գարնանային մշակման դեպքում օգտագործել ֆոսֆորական պարարտանյութեր (օրինակ, սուպերֆոսֆատ) 1 մ2–ին՝ 50-70 գ։ Ազոտական պարարտանյութով սնուցել տնկելուց 3-4 և 6-8 շաբաթ հետո, 1 մ2–ին 20-30 գ հաշվով։ Ազոտով հարուստ հողամասերում ազոտական պարարտանյութերի նորման կարելի է կրճատել երկու անգամ։ Առաջին սնուցման դեպքում կարելի է կիրառել փտած գոմաղբի (1:10) կամ թռչնաղբի (1:20) թուրմ, երկրորդի դեպքում բացի ազոտականից