Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընձյուղները։ Կտրոնները լավ են արմատակալում ստվերոտ վայրերում և ծաղկում են առաջին տարվա աշնանը։

Խնամքը. մշակության մեջ Լ. պահանջկոտ չէ։ Խնամքը սովորական է։ Թփերն ամեն տարի վերականգնվում են նախորդ ընձյուղի հիմքի վրա առաջացող փոխարինող բողբոջներից, բազմամյա հատվածն աճում է վեր և աստիճանանբար մերկանում, ուստի անհրաժեշտ է թփերի մոտ մշտապես սննդարար հող շաղ տալ։

Հիվանդությունները. Լ. ախտահարում են սնկային հիվանդությունները՝ ալրացողը, ժանգը, գորշ բծավորությունը (տերևների, ունդերի և սերմերի վրա առաջանում են գորշակարմրավուն կամ գորշ բծեր), սպիտակ փտումը (փտում է ցողունի հիմքը, բույսը թառամում է), վնասում են նեմատոդի տարբեր տեսակները։

Պայքարի միջոցները. բույսերի հաջորդափոխում, հողի կրացում, աշնանային խոր կրկնավար, ախտահարված բույսերի հեռացում, թույլ չտալ տնկաբույսերի խտացումը, հիվանդացած բույսերի մշակումը համապատասխան պատրաստուկներով։

Լ-ի վրա մակաբուծում են ուտիճները, բվիկները, ոստայնատիզերը, լորձնախխունջները։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ այլ բույսերինը։

ԽԱՂՈՂԻ ՎԱԶ (աճեցումը), Արարատյան դաշտի, նախալեռնային, Վայքի, հյուսիս-արևելյան, Զանգեզուրի գոտիների շրջաններում տարածված են Խ-ի Սպիտակ Արաքսենի և Սաթենի, Դեղին և Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի, Մուսկատ, Սափերավի, Ռքածիթելի և այլ սորտեր։

Խ. վ. լուսասեր և ջերմասեր բույս է։ Արմատային համակարգը հզոր է, բունը՝ լիան։ Բազմամյա մատերը հաստ են, միամյաները՝ բարակ, երկար (2-5 մ), հոդավոր կառուցվածքով։ Մատի յուրաքանչյուր հանգույցում զարգանում են տերևներ, իսկ նրանց ծոցում՝ բճաշվային և ձմեռող աչքեր։ Թփերի ստորին և միջին մասի հանգույցներից առաջանում են ծաղկաբույլեր, վերջիններից՝ բեղիկներ, որոնց օգնությամբ բույսը փաթաթվում է հենակին։

Խաղողի սորտերի մեծ մասը ձմռանը դիմանում է մինչև -18 °C (առանձին սորտեր -23 °C) ցրտին։ Գարնանային ցրտահարությունը (-2...-3 °C) բողբոջման փուլում մահացու է։ Մշակովի խաղողի վեգետացիան սկսվում է, երբ օդի ջերմաստիճանը 8-10 °C է։ Վազի զարգացման համար ամենաբարենպաստ ջերմաստիճանը գարնանը 15-20 °C է, իսկ ամռանը և աշնանը՝ 20-30 °C։ Օդի ջերմաստիճանը մինչև 8-10 °C իջնելիս վազի զարգացումն ու աճը կանգ են առնում։ 35-40 °C և ավելի բարձր ջերմաստիճաններում տերևների, պտուղների և մատերի վրա այրվածքներ են առաջանում։ Խաղողը լավ է աճում թեթև հողերում (կավավազային, ավազային), որոնք պարունակում են ավելի շատ խիճ և խճաքար։ Խ. վ. բազմացվում է վեգետատիվ ճանապարհով երկու կամ մեկ տարեկան արմատակալներով, կանաչ կտրոններով, անդալիսով, պատվաստով։ Խաղողի այգին պետք է լինի հարթ, հարավային կողմնադրությամբ։ 10°–ից ավելի թեքությունները դարավանդում են։ Տնկելուց առաջ հողը հիմնաշրջում են 60-80 սմ խորությամբ, միաժամանակ պարարտացնում գոմաղբով (40-60 տ/հա) և սուպերֆոսֆատով (1 տ/հա)։ Ըստ հողակլիմայական պայմանների և վազերի ձևավորման համակարգի միջշարային տարածությունը պետք է լինի 1,5-3,0 մ, միջվազայինը՝ 1,0-3,0 մ։ Տնկում կատարում են արմատակալներով կամ մատերով, 50-60 սմ խորությամբ, նպաստավոր ժամկետը վաղ գարունն է, բողբոջումից առաջ։ Տնկումից հետո հողը պետք է փուխր պահել։ Մայիսի վերջին կատարում են առաջին շվատումը, հունիսին՝ 2-րդ, ամռան երկրորդ կեսին՝ ծերատումը։ Չոր եղանակին տնկարկները ոռոգում են (Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում ոռոգումը պարտադիր է)։ Թաղովի խաղողագործության շրջաններում մինչև ձմռան սառնամանիքները վազերը ծածկում են հողով (այգեթաղ), իսկ գարնանը՝ բացում (այգեբաց)։ Գարնանը էտում են (տես Այգի) վազերը։ Տնկման հաջորդ տարում հիմնադրում են հենակները։ Ամենատարածվածն ուղղաձիգ լարային համակարգն է՝ 3-5 հարկանի լարերով։ Ամեն տարի միջշարային տարածություններն աշնանը և գարնանը վարում (փորում) են, խորը փխրեցնում, իսկ միջվազային տարածությունները՝ փխրեցնում և քաղհանում։ 2-3 տարին մեկ այգին պարարտացնում են հանքային պարարտանյութերով (հիմնականում՝ ամոնիումային բորակ, սուպերֆոսֆատ, կալիումական աղ)։ Ոռոգելի պայմաններում տնկարկները վեգետացիայի ընթացքում ջրում են 3-5, իսկ կիսաանապատային կլիմայի պայմաններում՝ 8-10 անգամ, երբեմն ավելի։ Նոսրացած այգիների դատարկ տարածությունները լրացնում են արմատակալներով կամ անդալիսով։ Ցրտից շատ վնասված վազերի վերականգնման համար դրանք բնատում են (ունդ անել) հողի մակերեսին հավասար կամ 8-10 սմ բարձր։

Խ. վ-ի հիմնական վնասատուներն են ֆիլոքսերան, մարմարյա բզեզը, ոստայնատիզը, խաղողի ողկույզակերը, խաղողի ալյուրավոր որդանը։

Հիվանդությունները։ Հիմնական հիվանդություններն են միլդյուն, օիդիումը, մոխրագույն փտումը, բակտերիալ քաղցկեղը, անտրաքնոզը։