Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միլդյու. բույսերի կեղծ ալրացողային հիվանդություն։ Հարուցիչը մակաբույծ սունկն է, որի սպորները ձմեռում են հիմնականում վարակված, թափված տերևների մեջ։ Գարնանն այդ տերևները փտում են, սպորները ծլում և քամու միջոցով տարածվում են տերևների վրա, որտեղ խոնավ պայմաններում ծլում են և թափանցում տերևների մեջ։ Հիվանդ տերևների հյուսվածքները մահանում են, առաջանում են դեղնավուն բծեր։ Վնասում են Խ. վ-ի բոլոր կանաչ օրգանները (տերև, ծաղկաբույլ, պտուղ, բեղիկ ևն)։ Վնասված հյուսվածքները 10-15 օր հետո գորշանում և չորանում են։ Միլդյուն Արարատյան դաշտում այգեգործներն անվանում են «չոռ», հյուսիս-արևելյան շրջաններում՝ «կարմրուկ», Մեղրիում, Գորիսում՝ «խորշակ»։

Պայքարի միջոցները. միլդյուադիմացկուն սորտերի ներդրումը, վազի ժամանակին ծերատումն ու բճատումը, թափված տերևների ոչնչացումը, վեգետացիայի ընթացքում միջշարքերի փխրեցումը և այգիների սրսկումը (4-5 անգամ) բորդոյան հեղուկի 1%-անոց կամ ցինկի 0,5%-անոց, կուպրոզանի 0,4%-անոց լուծույթներով։

Օիդիում. Խ. վ-ի ալրացող։ Հարուցիչն ալրացողային սունկ է։ Վարակվում են տերևները, ծաղկաբույլերը, ողկույզները։ Բույսի հիվանդ օրգանները պատվում են սպիտակամոխրագույն փոշենման փառով։

Պայքարի միջոցները. աղացած ծծմբով փոշոտումը (վեգետացիայի ընթացքում կատարում են 4 փոշոտում)։ Սովորական ծծմբի փոխարեն կարելի է օգտագործել ծծմբի 1%-անոց կախույթ և ծծումբ պարունակող թրջվող փոշիներ։

Խաղողի ողկույզակեր. վտանգավոր վնասատու թիթեռ է։ Թրթուրները մետաքսե, ոստայնով պատում են ծաղկաբույլերը, ուտում ծաղկակոկոնները, հատապտուղները։ Վնասված պտուղները գորշանում, չորանում և թափվում են։

Պայքարի միջոցները. լարային այգիների հիմնումը, փայտե սյուների փոխարինումը բետոնե սյուներով, այգիների սրսկումը միջատասպան թունաքիմիկատներով, ագրոտեխնիկական միջոցառումները։

ԽՆՁՈՐԵՆԻ (աճեցումը), հնդավոր պտղատու ցեղերի մեջ Խ. ամենատարածվածն է։ Դա պայմանավորված է տեսակային և սորտային լայն կազմով. տարբեր հողակլիմայական պայմաններին հարմարվելով, բարձր ձմեռադիմացկունությամբ (առավել ձմեռադիմացկուն սորտերը դիմանում են -14 °C–ից մինչև -35 °C)։ Խ. կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ, երկարակյաց է, բարձր բերքատու, պտուղները հասունանում են ամենատարբեր ժամկետներում, փոխադրունակ են։ Խ. ՀՀ-ում հատկապես լավ է աճում Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, հվ-արլ., ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։ Տարածված տեղական սորտերից են. Շաքարկենին, Կարմրկենին, Զանգեզուրին, Սյունիքախնձորը (Զանգեզուրի գոտի), Չխչխկանը, Պապականը (Տավուշի, Լոռու մարզեր), մարգախնձորը, Ակսկան, Փարվանան (Արարատյան գոգհովիտ), Վայքի մարզի տեղական ձևերը։ Արդյունաբերական այգիներում շրջանացված են եվրոպական ու ամերիկյան (Բանան ձմեռային, Բելֆլոր դեղին, Չելինի, Պարմեն ոսկե ձմեռային, Պեպին Լոնդոնի, Պեպին Պարկերի, Շաֆրան, Ռենետ Լանդսբերգի, Ռենետ Սիմերենկոյի) և այլ ներմուծված սորտեր։ 1976-ից ՀՀ են ներմուծվել նաև ամերիկյան Գոլդեն դելիշես, Ստարկրիմոն, Այդորեդ, Ջոնաթան, Ստարկինգ, Վելսպուռ և այլ սորտեր։ Խ-ու սորտերն ինքնափոշոտվող չեն, ուստի այգում պետք է լինի մի քանի փոխադարձ փոշոտվող ծառեր։ Խ-ու սորտերը բազմացնում են աչքապատվաստով և պատվաստով սերմնաբույսերի կամ կլոնային պատվաստակալների վրա։ Միջին և թույլ աճ ունեցող ծառերն աճեցնելու համար Խ-ու սորտերը պատվաստում են դուսենի և պարադիզկայի վրա։ Ուժեղ աճ ունեցող պատվաստակալների վրա պատվաստված բույսերի տնկման տեղաբաշխման սխեման 6x5/4/ մ է, թզուկ պատվաստակալների օգտագործման դեպքում՝ 4x3/2/ մ։ Խ-ու այգու աշխատանքներն են. հողի խնամքը, բույսերի և բերքի պաշտպանությունը վնասատուներից, հիվանդություններից և եղանակի աննպաստ պայմաններից, էտը (այդ մասին տես Այգի հոդվածում)։

ԾԱՂԿԱՆՈՑ, ծաղկային ձևավորման յուրաքանչյուր տիպ ունի իր կառուցման առանձնահատկությունները։ Ծաղկաթումբը լինում է կլոր, ուղղանկյուն, ձվաձև, քառակուսի, բազմանկյուն։ Ծաղկաթմբի ստեղծման համար գծում են դրա սահմանները, բահով հողը փորում և ավելացնում բերրի հող, որի նստելուց հետո տնկում են բույսերը։ Ծաղկաթմբի եզրին սարքում են սիզամարգի ոչ մեծ եզրագիծ (10-20 սմ) կամ ցածրաճ բույսերի եզրազարդ։ Բույսերն ընտրելիս հաշվի են առնում ծաղկային ներդաշնակ զուգակցումների պահանջները, առանձին բույսերի աճի բնույթը և բարձրությունը (բարձրաճ բույսն աճեցնում են կենտրոնական մասում)։ Ծաղկաթմբի կենտրոնում բույսերը տնկում են նոսր, իսկ եզրերին՝ խիտ։ Պետք է խուսափել երփներանգի մանրատվածությունից և բարդությունից, մեծ ծաղկաթմբերից։

Եզրածուն ուղղանկյունաձև երկարավուն ծաղկանոց-մարգ է։ Տեղադրվում է արահետի մեկ կամ երկու կողմերում կամ կենտրոնում։ Եզրածուի չափերը պայմանավորված են ծաղկանոցի բնույթից և տեղամասի չափերից։ Այն ստեղծվում է մի քանի տեսակի բույսերից՝ ծաղկման հերթափոխման սկզբունքով։