բույսեր տնկելով։ Նման արահետները գարնանից մինչև ուշ աշուն գեղեցիկ տեսք են ունենում։ Այսպիսի ծաղկային ձևավորման համար հարմար են քաջվարդը, գեորգենին, վարդակակաչը, նարգեսը, աստղածաղիկը, թավշածաղիկը, շուշանը և այլն։ Սիզամարգում բույսերը տնկում են մեկական (քաջվարդ) կամ խմբերով (շուշան, վարդակակաչ, աստղածաղիկ և այլն)։
ԾԵՐԱՏՈՒՄ, բույսերի ընձյուղների ծայրամասերի կամ վերին ընձյուղների կտրում՝ գլխավոր ցողունի և կողային ճյուղերի հետագա աճը դադարեցնելու, պտղակազմավորումը բարելավելու և հասունացումն արագացնելու նպատակով։ Կատարում են սովորական Ծ. (կտրում են միայն բույսի աճման կոնը) և խոր Ծ. (կտրում են գլխավոր ցողունի և ճյուղավորությունների ոչ բերքատու մասերը)։ Ծ. կատարում են ձեռքով կամ հատուկ մեքենայով։
ԾԻՐԱՆԵՆԻ (աճեցումը), ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու ծառատեսակ է։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր տարածության այգիներ կան նաև Սյունիքի, Լոռվա, Տավուշի և այլ մարզերում։ ՀՀ–ում մշակվում է 50 սորտ։
Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Կանաչենի, Դեղնանուշ, Կարմրենի, Օրդուբադի, Համբան, Ղևոնդի սորտերը։ Ծ. լավ է աճում (լուսավոր, լավ օդափոխությամբ) թեթև կավավազային, ավազակավային հողերում։ Ծ. բազմացնում են պատվաստով։ Որպես պատվաստակալ օգտագործվում են սերմնաբույսերը։ Այգիներում միջշարային հեռավորությունը 8 մ է, միջբուսայինը՝ 6։ Հետագայում էտի միջոցով ձևավորում են պսակը (կարճացում, նոսրացում), յուրաքանչյուր 3-4 տարին մեկ պարարտացնում են օրգանական և հանքային պարարտանյութերով, վեգետացիայի ընթացքում ոռոգում են 6-8 անգամ, պայքարում հիվանդությունների և վնասատուների դեմ։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։ Ծ-ու հայրենիքը Հայաստանն է։
Գառնիի և Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ծ-ու կորիզներ, որոնք ունեն մոտ 6000 տարվա հնություն։ Մ.թ.ա. IV-II հազարամյակներում ասորեստանցիները, արամեացիները, բաբելոնացիները, Ծ-ուն անվանել են «արմենիակա»։ Հայաստանից Ծ. առաջին անգամ Եվրոպա է տարել հռոմեացի զորավար Լուկուլոսը մ.թ.ա. 68-ին, որն այնտեղ անվանել են «Հայկական խնձոր»։ Տես նաև Այգի։
ԾՆԵԲԵԿ, ծնեփակ (աճեցումը), առավել հաճախ օգտագործում են Արժանտեյլյան սորտը։ Ծ. բազմամյա բույս է։ Առաջին տարում աճեցնում են սածիլները, որի համար սերմերը նախապես թրջում են (3-4 օր) 23-25 °C ջերմաստիճանի ջրով, իսկ մայիսի վերջերին ցանում են 15-20 սմ հեռավորության շարքերով, միմյանցից 10 սմ-ի վրա։ Ծիլերը զգայուն են ցրտահարությունների նկատմամբ, ուստի առաջին շաբաթվա գիշերները դրանք պետք է ծածկել։ 3-3,5 ամիս հետո սածիլները կարելի է տնկել, սակայն սովորաբար հիմնական տեղում տնկում են հաջորդ տարվա գարնանը։ Տարբերում են Ծ-ի արական և իգական բույսեր։ Առաջիններն առաջացնում են շատ ընձյուղներ, որոնք ուտելու համար պիտանի չեն, իսկ իգականները սակավ բերքատու են, բայց հաստ են ու լավորակ։ Ծ-ի աճեցման համար նախատեսված հողամասը պետք է խոր վերափորել և լավ պարարտացնել (1 մ²–ի վրա 15-20 կգ գոմաղբ)։ Տնկելուց առաջ հողամասի կենտրոնում փորել 30-40 սմ լայնության ու խորության ակոս, որի հատակը փխրեցնել, լցնել փտած գոմաղբ (25 սմ շերտով), իսկ տնկելու տեղերում կույտով բուսահող։ Մեկ շարքով տնկելիս բույսերի հեռավորությունը պետք է լինի 30-35 սմ, երկշարի դեպքում միջշարայինը՝ 70 սմ, միջբուսայինը՝ 35-40 սմ։ Սածիլները տնկելիս արմատներն ուղղել և վրան լցնել բուսահողով խառնված հող։ Գագաթային բողբոջները պետք է լինեն հողի մակերևույթից 20 սմ ցածր։ Բույսերի խնամքի համար մոլախոտերը քաղհանել, հողը փխրեցնել և ժամանակին ջրել։ Աշնանն ընձյուղները կտրել հողից 10 սմ բարձրությամբ և ակոսներում լցնել բուսահող։ Երրորդ տարում կարելի է սկսել առանձին ընձյուղների բերքահավաքը։ Մինչ այդ վաղ գարնանը բուկլից անել։ Երբ ընձյուղները հասնում են հողի մակերևույթին, այն բարձրացնում են և առաջացնում ճաքեր։ Այդ մասերում հողը պետք է զգուշորեն մի կողմ տալ և ընձյուղները կտրել հիմքին մոտ։ Հավաքման առաջին (տնկման երկրորդ) տարում մեկ բույսից հավաքում են 2-3 ընձյուղ, հաջորդ տարիներին՝ 20-25։ Վեգետացիայի շրջանում սովորաբար կարելի է 12-15 անգամ բերքահավաք կատարել։ Վերջին տարիներին Ծ. հավաքում են կանաչ վիճակում, երբ ընձյուղները հասնում են 20-25 սմ բարձրության։ Ընձյուղները հավաքելուց հետո բույսերը պետք է սնուցել հեղուկ հանքային պարարտանյութերով, հողի մակերևույթը հավասարեցնել և լրացուցիչ տալ բուսահող կամ կոմպոստ։ Ծ-ի բույսերը բերքատու են 10-12 տարի, որից հետո բերքատվությունը խիստ ընկնում է։ ՀՀ-ում տարածված է Ծ-ի 7 վայրի տեսակ, որոնք աճում են գրեթե բոլոր գոտիներում (բացի Սևանից և Շիրակից)։ Որոշ սորտեր (Արժանտեյլյան, Մերի Վաշինգտոն, հիբրիդային և այլն) մշակվում են Արարատի, Արմավիրի, Տավուշի և այլ մարզերի ջերմատներում և տնամերձ տնտեսություններում։
ԿԱՂԱՄԲ (աճեցումը), ամենատարածվածը սպիտակագլուխ կաղամբն է։ ՀՀ-ում