Եզրածուն լինում է միակողմանի (ծաղիկները տնկում են երկու կամ երեք շարքով, բարծրաճերը տեղադրում հետին պլանում) և երկկողմանի (ընտրում են միևնույն բարձրության բույսեր կամ կենտրոնում տնկում են ավելի բարձրաճները, եզրերին՝ ցածրերը)։ Արտաքին եզրը ստեղծում են եզրազարդ առավել ցածրաճ բույսերից։ Նման եզրածուն դիտվում է երկու կողմերից, այն կարող է ընդհատվել անցումներով։ Դրա արտաքին եզրերը սահմանափակում են սիզամարգով, մանր սալիկով, տափակ քարով, մանրացրած աղյուսով և այլ նյութերով։
Եզրազարդն օգտագործում են ծաղկաթմբերի, եզրածուների, ծաղկախմբերի եզրապատման, արահետների և սիզամարգի զարդարման համար։ Եզրազարդը գույնով պետք է տարբերվի ծաղկային հորինվածքների հիմնական տոնից, քանի որ դրա նպատակը այս կամ այն ծաղկային ձևավորման ավարտունությունն ընդգծելն է, ուստի այն չպետք է առանձնանա կամ պաճուճազարդ լինի։ Այս նպատակով օգտագործում են ցածրաճ, հավասար աճող, արտաքին միջավայրի աննպաստ պայմանների նկատմամբ կայուն բույսեր (քարբեկ, մարգարտածաղիկ, եռագույն մանուշակ և այլն)։
Խառը ածուներ կամ խառը եզրազարդ ստեղծում են բազմամյա, երկամյա և միամյա բույսերից։ Այս տիպի ծաղկանոցներում անհրաժեշտ է տնկել տարբեր ժամանակներում ծաղկող բույսեր։ Այսպիսի ծաղկանոցներ տեղադրում են լուսամուտների տակ, պատերի և արահետների երկայնքով, սիզամարգում, ջրամբարների մոտ։ Արտաքին եզրը շրջափակում են սիզամարգով, խճով, ավազով, եզրագծի ձևով մանր սալիկներով։
Մոդուլային ծաղկանոցը ծաղկային ձևավորման ձև է։ Ծաղկանոցի տարածքը բաժանում են մոդուլային ցանցի, որի հիմքը կազմում է որոշակի գծագրական պատկեր (քառակուսի, ուղղանկյուն, շրջան, բազմանկյուն և այլն), որտեղ տնկում են ծաղիկներ, դնում սալիկ, լցնում խիճ, կոպիճ, աղյուս և այլն, ցանում սիզամարգը։ Մոդուլային ծաղկանոցի համար օգտագործում են ցածրաճ կամ միջին աճ ունեցող միամյա և բազմամյա, ինչպես նաև զարդարիկ-սաղարթավոր բազմամյա բույսեր։ Ծաղկանոցի շուրջը ուրվագծում են նույնպիսի սալիկներով, խիճով, կոպիճով կամ աղյուսով։
Շարքային տնկումներն ստեղծում են արահետների երկայնքով, զարդարիկ բազմամյա, երկամյա և միամյա