Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ, հողամասի նախապատրաստում. նախապես հավասարեցնում (հարթում) են թմբերը, հողով լցնում փոսերը, նշում ապագա ծաղկանոցների եզրագծերը, 1-1,5 բահախորությամբ կրկնափորում հողը, քաղհանում մոլախոտերը, հոգ տանում հողի կազմվածքի ու բերրիության բարելավման համար։

Լավագույն հողեր են ավազակավայինը և կավավազայինը։ Կավահողերը, ավազահողերը, աղուտ-ալկալի հողերը պետք է արմատապես բարելավել։ Կավահողերը բարելավելու համար հող են ներմուծում տորֆ, ավազ, ծղոտախառը գոմաղբ, ավազահողերը՝ կավ, տորֆ, գոմաղբ, տիղմ։ Աղուտ-ալկալի հողերը բարելավում են հանքայնացված գետնաջրերի մակարդակի իջեցմամբ, լվացմամբ հողի ակտիվ շերտից աղի հեռացմամբ։

Հողի բերրիությունը բարձրացնելու համար օգտագործում են օրգանական և հանքային պարարտանյութեր։ Լավագույն պարարտանյութ է գոմաղբը, որը պարունակում է բույսի աճի և զարգացման համար բոլոր անհրաժեշտ տարրերը։ 1 մ² հողին տրվում է 1-2 դույլ։ Կարելի է օգտագործել նաև տորֆ, ճիմ, տիղմ, կոմպոստ (օրգանական պարարտանյութ) ևն։ Միաժամանակ օգտագործում են նաև հանքային պարարտանյութեր, սուպերֆոսֆատ՝ 60-100 գ, մոխիր՝ 250–500 գ։ Թթու հողերը կրայնացնում են 250-500 գ չհանգած կամ աղացած (մանրած) կրով, կավահողերի համար չափաքանակը ավելացվում է մինչև 800 գ, իսկ ավազահողերին՝ պակասեցվում մինչև 200 գ։ Հողերը կրայնացնում են աշնանը։ Ավազակավային և կավավազային հողերը պարարտացնում են աշնանը կամ վաղ գարնանը՝ գոմաղբով, կոմպոստով, հումուսով, տորֆով (1 մ²–ին 1 դույլ), իսկ բույսերը տնկելուց անմիջապես առաջ՝ սուպերֆոսֆատով (60-80 գ)։

Կանաչապատելիս կատարվում է բույսերի նպատակային ընտրություն։

Հողամասի եզրագծերով դալար ցանկապատ ստեղծում են սզնի, դեղին ակացիա, ծորենի, եղրևանի, մասրենի, հասմիկ, եղևնի և այլ ծառեր ու թփեր միաշարք կամ երկշարք տնկելով։ Դրանք առաջացնում են խիտ մացառուտներ։ Որպեսզի դալար ցանկապատը խիտ լինի, ունենա գեղեցիկ ձև, որոշակի բարձրության թփուտները պարբերաբար էտում են։ Ցանկապատերն ստեղծում են միատեսակ բույսերից։ Միջբուսային հեռավորությունը շարքում. ալոճենի՝ 20-25 սմ, մասրենի՝ 30-35 սմ, եղևնի՝ 35-40 սմ, միջշարային հեռավորությունը՝ 40-50 սմ։

Դալար ցանկապատերի համար կարելի է օգտագործել բարձրաճ միամյա և բազմամյա բույսեր՝ աստղածաղիկ, սողաբույս, զարդենի, օշինդր, ոսկեշիվ,