հեռացնում ավելորդ ճյուղերը։ Ուղղահայաց կանաչապատման համար նպատակահարմար են վայրի խաղողի տարբեր տեսակները, ցախակեռասը, գայլուկը, վիրգինյան կանեփը։
Պատշգամբներ և արտաքին լուսամուտագոգեր կանաչապատելիս նպատակահարմար են հնդկոտեմը, հոտավետ ոլոռը, թավշածաղիկը, շանբերանը, եռագույն մանուշակը, շահպրակը, հափրուկը, զինածաղիկը, բեգոնիան, գաճաճ գեորգենին։ Բույսերը տնկում են հատուկ արկղերում (լայնությունը՝ 22–25 սմ, բարձրությունը՝ 25 սմ, երկարությունը՝ ըստ ցանկության), որտեղ լցնում են հողի խառնուրդ (կոմպոստ կամ տորֆ, այգու հող, գետի ավազ 1:2:1 հարաբերությամբ), վրան ավելացնում հանքային պարարտանյութեր։
Կանաչապատման համար ծառերն ու թփուտներն ընտրում են ըստ իրենց ծաղկման ժամկետների։ Ապրիլին ծաղկում է բալենին, վաղ ծաղկող եղրևանին, մայիսին՝ սզնին, ասպիրակը, շագանակենին, արոսին, թխենին, ցախակեռասը, թանթրվենին, սովորական եղրևանու տարբեր տեսակները, հունիսին՝ դեղին և սպիտակ ակացիաները, հասմիկը, հոնին, մասրենին, վարդը, հուլիսին՝ մասրենին, դեղին ակացիան, ուռենին, օգոստոսին՝ ասպիրակը։
Հողամասում ծառերը և թփերը տնկում են խմբերով կամ մեկական, իսկ հասմիկը, եղրևանին, վարդը օգտագործում են նաև ծաղկանոցներում։ Զարդարիկ ծառերը (կախված տեսակից) տնկում են 1-2 մ տրամագծով և 0,5-0,8 մ խորության փոսերում՝ միմյանցից 1,5–6 մ հեռավորությամբ։ Հեռավորությունը ցածրաճ թփուտների միջև պետք է լինի 0,8 մ, բարձրաճների միջև՝ մինչև 2 մ, փոսի տրամագիծը՝ մինչև 1 մ, խորությանը՝ 0,5-0,8 մ։
Ծաղկաբույսերը նույնպես ընտրում են ըստ ծաղկման ժամկետի։ Այս դեպքում նախընտրում են բազմամյա բույսերը, որոնք ծաղկաշատ են և առաջացնում են առատ կանաչ զանգված, առանց տեղափոխման նույն տեղում մի քանի տարի լավ աճում են (ոջլախոտ, հիրիկ, շուշան, նարգես, գնարբուկ, քաջվարդ, բոցածաղիկ)։
Բազմամյա բույսերն ունեն զարգացած արմատային հզոր համակարգ, երաշտադիմացկուն են և սակավապահանջ քան միամյաները։ Վերջիններս նպատակահարմար է օգտագործել հողամասի յուրացման սկզբնական շրջանում։ Բազմամյա բույսերն արագ և հեշտությամբ բազմանում են ցողունային և արմատային տնկաշիվերով, թփի կամ կոճղարմատի բաժանմամբ, պալարներով, կոճղեզներով։
Միամյա և բազմամյա բույսերի սերմերը ցանում են ձմռան նախաշեմին կամ գարնանը։ Ցանքից առաջ սերմերը պահում են խոնավ կտորի մեջ, որն արագացնում է դրանց ծլումը։ Մանր սերմերը թրջելուց հետո թեթևակի չորացնում են, որպեսզի դրանք իրար չկպչեն, և տնկում ավազի խառնուրդում։ Մանր սերմերը ցանում են 1-2 սմ, միջինները՝ 2-3 սմ, իսկ խոշորները՝ 4-8 սմ խորությամբ։ Նպատակահարմար է սերմերը ծածկել մաղած հողի խառնուրդով (ճիմ, կոմպոստ կամ տերևահող և գետի ավազ հավասարապես) և ջրել ցնցուղով։ Բույսերի բազմացման համար ցանկալի է ունենալ սենյակային փոքրիկ ջերմոց, որը տեղադրում են սենյակի ամենալուսավոր մասում։ Ցանքը կատարում են հողի և ավազի (2:1 հարաբերությամբ) խառնուրդում։ Ջերմոցը տաքացնում են 25 Վտ հզորության լամպով։
Ծաղկային ձևավորումներում օգտագործում են հսկա կանեփ, զարդարիկ կաղամբ, օշինդր, եգիպտացորեն, տզկանեփ, թանթռնիկ, հոտավետ ծաղիկներ՝ շահպրակ, հոտավետ ոլոռ, հափրուկ, գիշերային մանուշակ, ծխախոտ, վառվռուկ, շուշան, վարդ, եղրևանի, հասմիկ։
Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարում են կանխարգելիչ, ագրոտեխնիկական, կենսաբանական, մեխանիկական, քիմիական և այլ միջոցառումներով։ Ագրոտեխնիկական միջոցառումներից են բույսերի խնամքը, սնուցումը, հողի փխրեցումը, միամյա բույսերի մնացորդների և մոլախոտերի քաղհանումը, հիվանդ բույսերի այրումը ևն։ Վնասատուների (ուտիճ, պղնձաբզեզ, վահանամիջատ և այլ միջատներ) ձմեռման փուլում անհրաժեշտ է աշնանը հողը խոր վերափորել և գարնանը (մինչև բողբոջելը) ծառերն ու թփերը սրսկել կանաչ օճառի (300-500 գ՝ 10 լ ջրին) կամ կարբոֆոսի էմուլսիայի (0,3 %-անոց) լուծույթով; Բացի այդ, բույսերը հիվանդություններից պաշտպանելու համար, մինչև բողբոջելը սրսկում են երկաթարջասպի (3 %-անոց) լուծույթով։
Գարնանը և ամռանը պարբերաբար զննում են բույսերը վնասվածքներ և հիվանդություններ հայտնաբերելու համար։ Վարակված բույսերը մշակում են (սրսկում, փոշեհարում) թունաքիմիկատներով։ Մշակում են առավոտյան կամ երեկոյան, խաղաղ, անհողմ և չոր եղանակին։ Թունաքիմիկատով մշակում են տերևի երկու կողմերը։ Սրսկում են հատուկ սարքերով՝ սրսկիչներով, իսկ փոշեհարում են փոշեհարիչով կամ երկշերտ թանզիֆից կտրած և 1 մ բարձրության ձողից կախված պարկից: Թունաքիմիկատներով աշխատելիս անհրաժեշտ է պահպանել նախազգուշական միջոցառումները՝ հագնել խալաթ, քիթն ու բերանը կապել երկշերտ թանզիֆով, չուտել և չծխել, աշխատանքը չվստահել երեխաներին։ Աշխատանքից հետո երեսն ու ձեռքերը պետք է լվանալ օճառով և բերանը ողողել ջրով։
Վնասատուների բնական թշնամիներն են թռչունները, որոնց գրավելու համար հողամասում տեղադրում են բներ (3-4 բույն ամբողջ հողամասում), ինչպես նաև պատրաստում «ճաշարան» թռչուններին կերակրելու համար (2-3 մ բարձրության վրա ամրացված 50x50 սմ չափի տախտակ խմոցով)։
Վնասատուների դեմ պայքարում են նաև մեխանիկական եղանակով. դրանք հավաքում են, լուսաթակարդներով որսում, այրում և այլն։
ԿԱՐՏՈՖԻԼ (աճեցումը), ըստ հասունացման ժամկետի լինում են վաղահաս (բերքահավաքը կատարվում է 60–80-րդ օրը), միջահաս (90-120-րդ օրը), ուշահաս (120-150-րդ օրը)։ ՀՀ-ում շրջանացված են վաղահաս սորտերից Պրիեկուլյանը (Լոռու մարզում և Արարատյան դաշտում), միջահասներից՝ Լորխը (Կ. մշակող բոլոր շրջաններում, բացի Արարատյան դաշտից), Ստոլովիյ (Սեղանի) 19-ը (Լոռու, Գեղարքանիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում), միջաուշահասներից՝ Ստեփանավանյանը (շրջանացված է Լոռու մարզում)։
Վաղահաս բերք ստանալու համար, վաղահաս Կ-ի սերմացուն (60-80 գ