Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ավազի կամ մոխրի հետ։ Ցանելուց հետո տախտակե տոփանիչներով տոփանում են, ցանքի վրա փտած գոմաղբ շաղ տալիս ու ջրում շատ դանդաղ և բարակ շիթով։ Սերմերը ծլում են 8-10 օրում, մինչև ծիլերի երևալը հողը պետք է պահել խոնավ վիճակում։ Ծլելուց հետո պետք է քաղհանել, փխրեցնել և նոսրացնել։ Առաջին բերքը հավաքում են բույսերի նոսրացման եղանակով, հետագա բերքահավաքները՝ բույսերի ճյուղավորությունները կտրելով։ Սերմնաբուծական ցանքերը կատարում են լայնաշար՝ 40 սմ միջշարային և 20 սմ միջբուսային հեռավորությամբ։ Սերմացու բույսերը հավաքում են, երբ նրանց ներքևի սերմնատուփիկները սկսում են գորշանալ։ Հավաքված բույսերը կապում են խրձերով և փռում չորանալու։

ՀԻՐԻԿ, զամբեղ, հիրիկազգիների ընտանիքի կոճղարմատավոր կամ սոխուկավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է շուրջ 250 տեսակ։ ՀՀ լեռնային գոտիներում, մարգագետիններում, անտառային և ճահճոտ վայրերում աճում է Հ-ի 14 տեսակ (կովկասյան սրաշաքիլ, նրբագեղ, տարօրինակ, ցանցավոր և այլն), որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Մշակության մեջ բաց գրունտում աճեցվում են Հ-ի բազմաթիվ տեսակներ ու սորտեր։ Հ. օգտագործում են եզրաշերտերի, ծաղկաթմբերի, ծաղկօջախների ձևավորումների համար, ալպյան բլրակներում, կտրած ծաղիկներ ունենալու նպատակով, ձմռանն աճեցնում են ջերմոցներում։

Առավել հայտնի են մորուքավոր Հ-ների սորտերն ու պարտեզային ձևերը, որոնք իրենց անվանումն ստացել են ծաղկապատի արտաքին տերևների վրա գունավոր մազիկներից առաջացած «մորուքի» պատճառով։ Բույսերն ունեն հաստ կոճղարմատ, արմատամերձ տափակ, թրաձև տերևներ։ Ծաղիկներն սպիտակ են, վարդագույն, դեղին, դարչնագույն, նարնջագույն, կարմիր, մանուշակագույն։ Ըստ ծաղկացողունի բարձրության մորուքավոր Հ-ները բաժանվում են 3 խմբի. ցածրաճ (25-37 սմ), միջաաճ (37-70 սմ), բարձրաճ (70 սմ և ավելի)։ Այդ խմբերի սահմաններում սորտերը դասակարգում են ըստ ծաղկի գունավորման՝ միագույն, երկգույն, երկերանգ, եզրազարդված, երփներանգ, ըստ ծաղկման ժամկետների՝ վաղահաս, միջահաս և ուշահաս։

Սիբիրական Հ-ները տարբերվում են ցրտադիմացկունությամբ և մշակության մեջ պահանջկոտ չեն։

Ճապոնական Հ-ներն ընդգրկում են Կեմփերիի կամ թրաձև Հ-ի սորտերը (երբեմն կոչվում են Կեմփերիի սորտեր)։ Բույսերը տարբերվում են ծաղկի մեծությամբ (մանր, միջին, խոշոր և շատ խոշոր), ծաղկի ձևով (պարզ, կրկնակի, լիաթերթ), ծաղկացողունի բարձրությամբ (շատ կարճ, կարճ, միջին, բարձր) և ծաղկման ժամկետով (շատ վաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս, շատ ուշահաս)։ Տարբերվում են ցածր ցրտադիմացկունությամբ, միջին գոտիներում ձմռանը պետք է լավ ծածկել։ Աճում են թույլ թթվային հողերում, ծաղկման շրջանում անհրաժեշտ է առատ ջրել։ Որպես գեղազարդիչ բազմամյա բույս լայնորեն օգտագործվում է Կեմփերիի Հ., որը հեշտությամբ կարելի է աճեցնել սերմերից։

Տեղի ընտրությունը. Հ. պետք է տնկել սառը և ուժեղ քամիներից պաշտպանված, բաց, արևոտ վայրերում (առանձնապես բարձր, մորուքավոր Հ֊ները)։ Որոշ տեսակներ և դրանց սորտերը (սիբիրական, ճահճային) կարող են աճել քիչ ստվերոտ վայրերում։

Հողը. Հ-ների համար պիտանի են ոռոգվող, բերրի, բավական թեթև (ավազակավային), չեզոքին մոտ կամ թույլ թթվային ռեակցիայով լավ ցամաքուրդված հողերը։ Բույսերը չեն դիմանում ջրի կանգին, հաճախ փտում են գարնանային վարարումների ժամանակ, ուստի գարնանը պետք է փորել կողմնատար առվակներ։ Հողի ավելցուկային խոնավությունը մասամբ թույլատրելի է սիբիրական և ճապոնական Հ-ների համար։ Տնկելուց առաջ հողը պետք է վերափորել, խնամքով առանձնացնել բազմամյա մոլախոտերի արմատներն ու կոճղարմատները։ Որպես հիմնական պարարտանյութ օգտագործել սուպերֆոսֆատ. 1 մ²–ին՝ 80-100 գ։

Տնկումը. Հ-ները վերատնկում են վաղ գարնանը և ամռան վերջին, ծաղկման ավարտից 2-3 շաբաթ հետո, երբ սկսվում է արմատների ակտիվ աճը։ Միևնույն տեղում լավ աճում են 4-5 տարի, այնուհետև պետք է վերատնկել։ Տնկելուց առաջ արմատները կտրել՝ թողնելով 8-10 սմ։ Յուրաքանչյուր բաժանված մաս պետք է ունենա կոճղարմատի