Մեծ Հ., բազմամյա բույս է, աճեցվում է որպես միամյա։ Ունի հյութալի, ճյուղավորված, հավաք (բարձրությունը մինչև 30 սմ) կամ փռված (երկարությունը մինչև 3 մ) ցողուններ։ Արմատային համակարգը առանցքային է, ոչ խոր։ Տերևները՝ վահանաձև, երկար կոթուններով։ Ծաղիկները՝ հոտավետ, պարզ կամ լիաթերթ, մեկական, երկար ծաղկակիրներով, դեղին, նարնջագույն, վառ կարմիր, դարչնավուն, թավշյա։
Մշակովի Հ. միավորում է 2-3 մ երկարության սողացող ցողուններով և 25–30 սմ բարձրության հավաք թփային սորտեր։ Ծաղիկները բաց դեղնավուն են, կարմիր, մուգ բալեգույն, ծիրանագույն։ Առավել զգայուն են ցրտի և խոնավության նկատմամբ, սակայն մի փոքր վաղ և առատ են ծաղկում։
Հ. լուսասեր և ջերմասեր բույս է (չի դիմանում նույնիսկ ամենաթեթև ցրտահարություններին), ուստի պետք է ընտրել բաց, արևոտ, սառը քամիներից պաշտպանված վայրեր։ Ավելի լավ է Հ. աճեցնել կավավազային և ավազային, ցամաքուրդված, ֆոսֆորով բավարար պարարտացված հողերում։ Բույսը վատ է ընդունում թարմ օրգանական պարարտանյութերը և կիրը, ինչպես նաև խոնավության և ազոտի ավելցուկը։
Սերմերը պետք է ցանել մոտավորապես մայիսի կեսերից մինչև վերջերը, որպեսզի ծիլերը չընկնեն ուշ ցրտահարությունների տակ։ Պետք է ցանել փոսիկներում, յուրաքանչյուրում 3–4–ական։ Սերմերը ծլում են 2 շաբաթից հետո, ծաղկումը սկսվում է ծիլերի առաջացումից 40-50 օր հետո և շարունակվում մինչև առաջին ցրտահարությունները։ Թփային սորտերը պետք է աճեցնել 25-30 սմ, փաթաթվողները՝ 35-40 սմ հեռավորության վրա։
Խնամքը. պահանջում է առատ ջրել, հողը փխրեցնել, բույսերի շուրջ եղած մոլախոտերը քաղհանել, սնուցել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով։
Հ. երբեմն ախտահարվում է խայտաբղետությամբ, օղակաձև բծավորությամբ, տարասպորակրությամբ։ Վնասում են լվիճները, ականաճանճիկները։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։ ՀՀ-ում (առավելապես հյուսիսարևելյան շրջաններում) բաց գրունտում և ջերմատներում մշակվում են մեծ Հ. և հիբրիդային Հ-ի շատ սորտեր։
ՀՈՂԵՐ, երկրի կեղևի մակերեսային շերտը, որ բերրիության շնորհիվ դառնում է աշխատանքի առարկա, նյութական բարիքների արտադրության աղբյուր։ Բաղկացած է պինդ, հեղուկ և գազանման մասերից։ Պինդ մասը կազմված է կավային մասնիկներից, փոշուց, ավազից և օրգանական նյութերից (գերակշռող մասը հումուսն է)։ Հեղուկ մասը պարունակում է իոններ, մոլեկուլներ, կոլոիդներ։ Գազանման մասը կամ օդը գտնվում է ջրից ազատ ծակոտիներում, որի կազմը (պարունակում է ազոտ, թթվածին, ածխաթթու գազ) հաստատուն չէ և որոշվում է դրա մեջ ընթացող կենսաքիմիական գործընթացների բնույթով։ Արտադրական արժեքի տեսակետից կարևոր են հողի ֆիզիկական հատկությունները՝ տեսակարար և ծավալային կշիռները, ծակոտկենությունը։
Գոտիական հողատիպերից ՀՀ-ում առավել զարգացած են հրաբխային բարձրավանդակի տարածքում՝ կիսաանապատային գորշ, շագանակագույն, սևահողային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր Կովկասի անտառային մարզում՝ անտառային, դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Գերխոնավացման և մարդու գործունեության հետևանքով զարգացել են նաև ոչ գոտիական մարգագետնային գորշ ոռոգելի, մարգագետասևահողային, գետահովտադարավանդային, աղուտ-ալկալի, պալեոհիդրոմորֆ ալկալի, լճամերձ թույլ Հ.։
ՀՀ-ում այգեգործական հողամասեր հատկացված են հիմնականում նախալեռնային, հարթավայրային և որոշ չափով լեռնային շրջաններում, որտեղ հիմնականում տարածված են կիսաանապատային, լեռնաշագանակագույն, լեռնակարբոնատային, լեռնատափաստանային, շագանակագույն, քարքարոտ, աղուտ-ալկալի, մարգագետնային, չոր տափաստանային Հ.։ Այդ հողատարածություններում կիրառվում են ագրոտեխնիկական և հողաբարելավման միջոցառումներ։ Գերխոնավացած Հ. բարելավում են չորացնելով (բաց ջրանցքների և ցամաքուրդների շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծում հողի ջրաջերմային ռեժիմի բարելավման ու օրգանական նյութերի քայքայմանը նպաստող աերոբ գործընթացների խթանման համար)։ Կլիմայական չոր պայմաններում (երբ գոլորշիացումը գերակշռում է տեղումների քանակին) հողի խոնավության պաշարները լրացվում են արհեստական ոռոգմամբ՝ բաց և փակ ոռոգման համակարգերով, ինչպես նաև ջրամբարների և մի շարք հիդրոտեխնիկական կառույցների օգնությամբ հավաքված գետերի և տեղումների ջրով։ Ագրոֆիզիկական և ֆիզիկաքիմիական աննպաստ հատկանիշներով Հ-ի համար կիրառվում է ագրոտեխնիկական և քիմիական մելիորացում։ Անապատատափաստանային գոտում զարգացող աղուտ-ալկալի Հ. բարելավում են լվացումներով և մի շարք քիմիական միացությունների (գիպս, կալցիումի քլորիդ, երկաթի սուլֆատ, ծծմբական թթու և այլն) օգտագործմամբ, որոնք նպաստում են հողից սոդայի հեռացմանը։ Թթու Հ-ի բերրիությունը բարձրացնում են կրացումով։ Ամրացած ենթավարելաշերտով Հ-ում ավելացնում են վարի խորությունը։ Էրոզիայի ենթակա Հ. բարելավում են մակերեսային ջրերի ու քամու