միջոցով Հ-ի ողողման և տարման կանխարգելիչ, ինչպես նաև սորուն ավազի, փլուզումների, հեղեղատների առաջացման դեմ պայքարի միջոցառումներով։ Էրոզացված Հ. բարելավելու նպատակով կրճատում են մակերեսային հոսքերի քանակն ու արագությունը, մեծացնում հողի դիմադրողականությունը, ստեղծում խոչընդոտներ ջրի ու քամու ազդեցության դեմ։ Հողատարումը կանխարգելող աշխատանքներում կարևոր են անտառաբարելավման և մարգագետնաբարելավման միջոցառումները։
ՁՄԵՐՈՒԿ (աճեցումը), պահանջկոտ է ջերմության, օդի չորության և լույսի նկատմամբ։ Սերմերը ծլում են 12-13°C-ում, 0,5-1 °C-ում՝ ոչնչանում։ Լավ է աճում խամ ու խոպան ավազախառը բերրի հողերում։ ՀՀ-ում շրջանացված են հետևյալ սորտերը. Մելիտոպոլյան 142. միջահաս լավագույն սորտ է, շատ քաղցր, հյութալի, խոշոր պտուղներով, Կրիմսկի պոբեդիտել. միջահաս է, պտուղը՝ գնդաձև, փոխադրունակությունը՝ լավ, պահունակությունը՝ միջակ, Չիթ. ուշահաս տեղական լավագույն սորտերից է, տարածված Արարատի և Արմավիրի մարզերում։ Պտուղը խոշոր է, գնդաձև, բերքատվությունը, փոխադրունակությունը և պահունակությունը՝ բարձր։ Տարածված է նաև Արարատի վաղահաս սորտը։ Ձ-ի համար լավ նախորդ է բազմամյա խոտաբույսերի ճմաշերտը և շուռ տված ճմաշերտը, որի դեպքում հողը չեն պարարտացնում։ Այլ նախորդների դեպքում հողը պարարտացնում են. մեկ փոսիկի մեջ լցնում մեկ դույլ (6-8 կգ) փտած գոմաղբ, 8-10 գ ամոնիակային բորակ, 40-60 գ սուպերֆոսֆատ, 10 գ կալիումի քլորիդ կամ 60-70 գ բանջարանոցային խառնուրդ։ Միջշարային հեռավորությունը 1,5-2,0 մ է, միջբուսայինը՝ 0,75-1,0 մ։ Արարատյան դաշտում Ձ-ի սերմերը ցանում են ապրիլի վերջին տասնօրյակից մինչև մայիսի առաջին կեսը։ Ցանքը կատարում են չոր կամ թրջած սերմերով, յուրաքանչյուր բնում՝ 3-4 սերմ։ Ցանքից 5-6 օր հետո սերմերը ծլում են։ Առաջին իսկական տերևներն առաջանալիս պետք է կատարել առաջին նոսրացումը՝ թողնելով բների մեջ երկուական բույս, հետագայում խոր բուկլիցի ժամանակ՝ վերջին նոսրացումը՝ թողնելով յուրաքանչյուր բնում մեկ բույս։ Հետագա խնամքը քաղհանն է, փխրեցումը, սնուցումը և ջրային ռեժիմի պահպանումը։ Մինչև ծաղկելը Ձ. հաճախակի չպետք է ջրել։ Ջրում են ըստ անհրաժեշտության, առավոտյան հով ժամերին։ Քաղհանում են 2-3, իսկ բուկլիցը՝ մեկ անգամ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս-օգոստոս ամիսներին։ Բերքը հավաքում են պարբերաբար։
ՁՆԾԱՂԻԿ, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր վաղ-գարնանային բույսերի ցեղ։ Ընդգրկում է 18 տեսակ։ Ձ. կարելի է օգտագործել ճանապարհների եզրերի, ալպյան բլրակների ձևավորման, սիզամարգերում ծաղկային նախշերի ստեղծման համար և այլն։
Ձյունային Ձ., 9-12 սմ բարձրության, փոքր սոխուկով բույս է, տերևները գծային են։ Ծաղիկները մեկական են, խոնարհված, սպիտակ, ծաղկապատի տերևների ծայրերում կանաչ բծերով։ Ծաղկում է գարնան կեսերին, ցուրտ եղանակին՝ մեկ ամսվա ընթացքում։ Հայտնի է 50 տարատեսակ (նաև լիաթերթ ծաղիկներով)։
Ծալքավոր Ձ., ունի ավելի խոշոր սոխուկ և բարձր ծաղկակիր (12-16 սմ)։ Ծաղիկները սպիտակ են, ծաղկապատի թերթիկների գագաթներում կանաչ բծերով։ Ծաղկում է մարտին։ Հայտնի է 10 տարատեսակ։
Ձ. լավ է աճում կիսաստվերում, սակայն կարող է աճել նաև բաց տեղերում։ Լավ զարգանում է թեթև, սննդարար հողերում։ Ցրտադիմացկուն է։ Վերատնկել կարելի է ծաղկումից հետո կամ վեգետացիայի վերջում։ Հեշտորեն բազմանում է ինքնացանքսով (թափվող սերմերով)։ Սերմնաբույսերը ծաղկում են 3-4-րդ տարում։ Բույսը կարելի է բազմացնել սոխուկ-սոխիկներով։ Խոշոր սոխուկները տնկում են 8-10 սմ խորությամբ. սնուցման մակերեսը՝ 5x10 սմ։ Միևնույն վայրում Ձ-ները կարող են աճել 5-6 տարի։ Հատուկ խնամք չեն պահանջում։
Ձ. ախտահարում են ժանգը, մոխրագույն և սպիտակ փտումը։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերի դեպքում։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ (ալպիական և անդրկովկասյան), որոնք էնդեմիկ են, աճում են Իջևանում, Զանգեզուրում և Նոյեմբերյանում։ Գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
ՀՀ-ում սովորաբար Ձ. են անվանում շուշանազգիների ընտանիքի ներկայացուցիչներին, որոնց սոխուկը ձվաձև է, տերևները՝ նշտարաձև։ Ծաղիկները 1-4 հատ են, վարդագույն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում են փետրվար-ապրիլին։ Հայտնի է 5 տեսակ՝ տարածված նախալեռնային, լեռնային և ալպյան գոտիներում։ Բոլոր տեսակներն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
ՃԱԳԱՐՆԵՐ (բուծումը), աչքի են ընկնում բազմապտղաբերությամբ, վաղահասությամբ. նրանց խնամքը չի պահանջում նյութական և ֆիզիկական մեծ ծախսեր։ Ճիշտ խնամքի դեպքում մեկ մայր ճագարից տարվա ընթացքում կարելի է ստանալ 20-30 ձագ (նույնքան մորթի) և 70-75 կգ միս։ Աղվամազատու ցեղի 1 ճագարի տարեկան միջին մազատվությունը 350-400 գ է։ Միսն արժեքավոր