Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հուլիսին։ Մեծ թուփը ինքն է հեշտությամբ բաժանվում մի քանի մասերի։ Երիտասարդացած մասերն արագ արմատակալում են և շարունակում ծաղկել։ Բաժանված թփիկներն ավելի պակաս ցրտադիմացկուն են, և ձմռանը պետք է բույսերը պարտադիր ծածկել։ Կտրոնավորումը կատարել մայիս-հունիսին։ Երկամյա բույսերի մանր, կողմնային ընձյուղները մի քանի տերևներով պետք է առանձնացնել և տնկել ստվերոտ մարգերում։ Կտրոններն արմատակալում են երկու շաբաթվա ընթացքում։ Աշնանն արդեն դրանք պիտանի են ծաղկանոցներում տնկելու համար, իսկ հաջորդ տարվա գարնանն առատ ծաղկում են։

Հիվանդություններն ու վնասատուները. Մ. հիվանդությունների քիչ է ենթակա։ Երբեմն ախտահարվում է բոտրիտիոզով, սեպտորիոզով, սկլերոտինոզով (կարծրացումով) և այլն։ Վնասատուներից վտանգավոր են բվիկները։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։

ՄԵԽԱԿ, մեխակազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 270 բազմամյա, երկամյա և միամյա խոտաբույսեր։ ՀՀ Շիրակի, Ապարանի, Զանգեզուրի, Լոռիի, Իջևանի քարքարոտ լեռնալանջերում, նոսր անտառներում, ալպյան և մերձալպյան մարգագետիններում աճում է Մ-ի 18 տեսակ (գեղագլուխ, խավավոր, ալեհեր, ծոպապսակաթերթավոր, անհրապույր և այլն)։

ՀՀ-ում մշակվում է Մ-ի «Սիմ» խմբի 30 սորտ, որոնք աչքի են ընկնում արագ աճով և առատ ծաղկմամբ։ Դրանցից են Վիլյամ Սիմ, Սկանիա, Դոն Դիաբլո և այլն (ունեն կարմիր ծաղիկներ), Լինդա, Լեդի, Կիֆարս Սիմ և այլն (վարդագույն), Ուայթ Սիմ, Ուայթ Սկանիա (սպիտակ), Տանգերինե՝ նարնջագույն, ՍԷր Արթուր Սիմ՝ կարմրաբծավոր, Աննե Մարի՝ կարմրասպիտակավուն. Օր կիդ-Սիմ՝ մանուշակագույն և այլն։ Ջերմոցներում մշակվում են նաև տաջիկական, շաբո, թուրքական, չինական և այլ Մ-ները։ Մշակության մեջ լայն կիրառություն ունի նաև չինական Մ-ի Հեդևիգա այլատեսակը ամենատարբեր գունավորմամբ, պսակաթերթիկների բազմազան նախշերով։ Մշակվում է որպես միամյա, չնայած կարող է ձմեռել և հաջորդ տարի ծաղկել։

Մշակության մեջ լայնորեն օգտագործվում են.

Գրենադին Մ. բազմամյա բույս է, մշակվում է որպես երկամյա, պարտեզային Մ-ի տարատեսակ է։ Բարձրությունը՝ 40-60 սմ, տերևները՝ նեղ, թխակապույտ փառով։ Ծաղիկները ոչ լիաթերթ են, կիսալիաթերթ ու լիաթերթ, հոտավետ, սպիտակ, վարդագույն, դեղին, կարմիր։ Օգտագործում են ծաղկային ձևավորումների և կտրած ծաղիկներ ունենալու համար։

Մ. գերադասում է բաց, արևոտ վայրեր, թեթև, կավավազային, նախորդ տարին օրգանական պարարտանյութերով պարարտացված հողեր։ Խոնավ վայրերում ախտահարվում է հիվանդություններով։ Մշակության մեջ պահանջկոտ չէ, ցրտադիմացկուն է և չորադիմացկուն։ Զգայուն է պարարտանյութերի նկատմամբ, սեզոնի ընթացքում 1-2 անգամ կարելի է սնուցել հանքային պարարտանյութերով։

Բազմացնում են սերմերով, որոնք խորհուրդ է տրվում ցանել մայիսի կեսերին կամ վերջերին, մարգերում կամ սառը ջերմոցում։ Ծիլերը դուրս են գալիս 7-10 օր հետո։ Ցանելու տարում ձևավորվում է տերևավարդակը։ Ձմռանը երիտասարդ բույսերը պետք է ծածկել չոր ճյուղերի ու տերևների փուխր շերտով, մկներից պաշտպանելու համար տեղադրել թակարդներ, բույսերի մոտ ձյունը տրորել։ Սածիլները ծաղկանոցում տնկել հաջորդ տարվա մայիս-հունիսին։ Սերմերի լավ վարսանդառաջացման համար խորհուրդ է տրվում կատարել արհեստական փոշոտում։ Սերմերը հասունանում են հուլիսի վերջերին-օգոստոսին։ Դրանք պետք է հավաքել տուփիկների հասունացմանը զուգընթաց։

Չինական Մ. բազմամյա է, բայց օգտագործվում է որպես միամյա։ Մշակության մեջ առավել տարածված է պարտեզային տարատեսակը՝ Հեդևիգա Մ.։ Բարձրությունը՝ 30 սմ, ծաղիկները՝ պարզ կամ լիաթերթ, միագույն կամ խայտաբղետ, բազմազան գունավորմամբ։ Օգտագործում են ծաղկանոցների, պատշգամբների ձևավորումների, կտրած ծաղիկներ ունենալու համար։

Ջերմա-, լուսասեր բույս է, լավ է աճում արևոտ, սառը քամիներից պաշտպանված տեղերում։ Գերադասելի են թեթև և կավավազային, բերրի, ցամաքուրդված, կրացված հողերը։ Խորհուրդ է տրվում աճեցնել սածիլման եղանակով։ Սերմերը ցանում են մարտի սկզբներին, շարքերով։ Ծիլերը հայտնվում են 5-8-րդ օրը։ Մայիսի կեսերին սածիլները կարելի է տնկել հիմնական տեղում՝ 20-30 սմ հեռավորությամբ։ Ծաղկում է հուլիսից մինչև աշուն։ Սերմերը կարելի է ցանել նաև բաց գրունտում (մայիսի սկզբներին), բայց այդ դեպքում ծաղկումը հապաղում է և առատ չի լինում։ Բույսերի խնամքը սովորական է։ Սերմերը հասունանում են ծաղկաթափից 30 օր հետո, և երբ տուփիկները դառնում են դարչնագույն, դրանք պետք է կտրել։

Փետրաձև Մ. բազմամյա է, հավաք, ճմապատ թուփ է, բարձրությունը՝ 15-25 սմ։ Տերևները նեղ գծային են, բազմաթիվ, ցողունները պառկած կամ ուղղաձիգ, ծաղիկները՝ կիսալիաթերթ և լիաթերթ, սպիտակ, բաց վարդագույն, ծիրանագույն, կարմիր (3-4 սմ տրամագծով)։ Բույսն օգտագործում են ծաղկանոցներում՝ եզրաշերտերի համար, ալպիական բլրակներում և այլուր։

Լավ է աճում արևոտ տեղերում, կավավազային, լավ պարարտացված, կրացված հողերում։ Ավելորդ խոնավությունից նեխում է։ Միևնույն տեղում կարող է աճել 4-5 տարի։ Հատուկ խնամք չի պահանջում։ Կարելի է բազմացնել թփի բաժանմամբ, կտրոնավորմամբ, սերմերով։ Հասուն թփերը պետք է բաժանել վաղ գարնանը (մինչև ընձյուղների աճելը) կամ սեպտեմբերին։ Կանաչ կտրոններով բազմացնելիս ստորին կտրվածքը պետք է անել հանգույցի տակ, որը նպաստում է կտրոնների լավ արմատակալմանը։ Սերմերով բազմացնելիս