Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փտում: Տերևները ծռմռվում են, ունենում են թեթևակի լայնական կնճռոտվածություն, ծաղկակիրները խիստ կարճանում են։ Ախտահարված սոխուկները փափկում են, ուժեղ ախտահարվածները՝ փտում։ Նեմատոդները կուտակվում են սոխուկների տակ և վզիկում՝ գոյացնելով մոխրասպիտակավուն փառ։ Հիվանդ բույսերը թոշնում են, վատ են ծաղկում, լավ չեն աճում, ուժեղ ախտահարվելիս՝ ոչնչանում։

Պայքարի միջոցները. հիվանդ սոխուկները հեռացնել։ Բույսերի հաջորդափոխում՝ թավշածաղիկ աճեցնելով։ Հողից հանելուց 3 շաբաթ անց սոխուկները 2-4 ժամ շոգեհարել տաք ջրում (43-45 °C)։ Հողը մշակել կարբաթիոնով։

Վնասատուները. արմատային սոխային տիզը կրծոտում է սոխուկի տակը, թափանցում ներս և հյութը ծծում։ Վնասված սոխուկները չորանում են։

Նարգեսային մեծ ճանճի թրթուրները սնվում են սոխուկների հյութով և վնասում դրանց։

Պայքարի միջոցները. տնկելուց առաջ սոխուկների ախտահանում կելտանով (0,2 %), ռոգորով (1 %), ագրոտեխնիկական միջոցառումներ, ճիշտ ցանքաշրջանառություն։

ՆԵԽՈՒՐ (աճեցումը), տարբերում են արմատապտղային, տերևակոթային և տերևային Ն.։ ՀՀ-ում (ամենուրեք) մշակում են հիմնականում տերևային Ն.։ Ն. երկամյա բույս է, համեմատաբար ցրտադիմացկուն։ Հասուն բույսերը դիմանում են մինչև –5 °C ցրտին, մատղաշ բույսերն զգայուն են սառնամանիքների նկատմամբ։ Լավ է աճում բերրի, խոնավ, չեզոք ռեակցիա ունեցող հողերում։ Արդյունավետ է հանքային և օրգանական պարարտանյութերով համատեղ սնուցումը. 1 մ²–ին՝ 4-6 կգ գոմաղբ կամ 2-3 կգ կոմպոստ աշնանային կրկնափորի ժամանակ, 15-20 գ միզանյութ, 30-40 գ սուպերֆոսֆատ, 10-15 գ կալիումի քլորիդ՝ գարնանը փոցխման ժամանակ։

Ն-ի սածիլը պետք է աճեցնել տաքացվող (պաշտպանված) գրունտում։ Սերմը դանդաղ է ծլում, դրա համար ցանքից առաջ այն պետք է 24 ժամ թողնել 20-30 °C ջերմաստիճանի ջրում, որից հետո խառնել չոր ավազի հետ և ցանել։ Ջերմոցներում ցանքը կատարում են հունվար-փետրվար ամիսներին, այն հաշվով, որ սածիլները դաշտ փոխադրվեն ապրիլի վերջին։ Ցանքից մինչև սածիլների տնկելը տևում է 85-95 օր։

Ջերմոցային մեկ շրջանակում շաղացան եղանակով ցանում են 3-4 գ սերմ, տոփանում և ջրում են շատ մանր անցքեր ունեցող ցնցուղներով։ Ծլելուց հետո քաղհանում և նոսրացնում են՝ թողնելով 3-5 սմ միջբուսային հեռավորություն։ Սածիլները դաշտ են տեղափոխում հողագնդով և տնկում արմատավզիկի խորությամբ, լայնաշարք՝ 40-50 սմ միջշարային և 25-30 սմ միջբուսային հեռավորությամբ։ Սածիլը տնկելուց հետո անմիջապես ջրում են։ Հետագայում դաշտը քաղհանում են 3-4 անգամ և պարբերաբար ջրում։ Արմատապտղային Ն. հավաքում են հոկտեմբեր ամսին։

Հայաստանում տերևային Ն. մշակում են սերմերը դաշտում ցանելու եղանակով։ Հողամասը վարում են աշնանը՝ նախօրոք յուրաքանչյուր հա-ին տալով 60-80 կգ փտած գոմաղբ: Ցանքը կատարում են վաղ գարնանը, երբ տեղումներն առատ են։ Մինչև ծիլերի երևալը հողը միշտ պետք է խոնավ լինի։ Տերևային Ն. ցանում են նեղշար՝ 15 սմ միջշարային և 5-6 սմ միջբուսային հեռավորությամբ, կամ 7 գծանի ժապավեններով՝ թողնելով 15 սմ միջգծային, 50 սմ միջժապավենային և 5 սմ միջբուսային հեռավորություն։

Ծլելուց հետո պետք է 1-2 անգամ նոսրացնել, 3-4 անգամ քաղհանել, փխրեցնել, 1-2 անգամ սնուցել և պահպանել խոնավության միապաղաղ, հավասար ռեժիմ։ Բերքը հավաքում են սեպտեմբերից մինչև նոյեմբեր։

ՇԱՂԳԱՄ (աճեցումը), ՀՀ-ում (Լոռու, Շիրակի, Արագածոտնի և այլ մարզերում) շրջանացված սորտերից են Միլանյան սպիտակը, Պետրովյանը, Մայիսյանը։ Երկամյա բանջարաբույս է, օգտագործվում է սննդի մեջ թարմ, խաշած, խորոված վիճակում։ Շ. լավ է աճում խոնավ, ավազակավային և կավավազային բերրի հողերում։ Սերմերը ծլում են 2-3 °C-ում։ Շ. ցանում են երկգծանի ժապավեններով, 30 սմ միջժապավենային հեռավորությամբ։ 1-2 զույգ տերևների երևալուն պես կատարում են փխրեցում և նոսրացում` թողնելով 6-8 սմ միջբուսային հեռավորություն։ Ցանքերը սնուցում են ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերով (1 մ²-ին` 1-1,5 գ ազդող նյութ)։

ՇԱՆԲԵՐԱՆ, առյուծաբերան, խլածաղկագգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս, որը գեղազարդիչ պարտեզագործության մեջ աճեցվում է որպես միամյա։ Հայտնի է մոտ 800 սորտ, որոնք ընդգրկված են 15 պարտեզային խմբերում։ Ըստ բարձրության տարբերում են. հսկա (90-130 սմ), բարձր (60-90 սմ), միջին (40-60 սմ), ցածր (25-40 սմ), թզուկ (մինչև 25 սմ) բույսեր։ Հսկա և բարձր սորտերն աչքի են ընկնում գլխավոր ցողունով, որը բարձրանում է 1-ին կարգի ցողուններից վեր։ Միջին սորտերը բնութագրվում են բույսի ուժեղ ճյուղավորվածությամբ և ծաղկման տարբեր ժամկետներով։ Ցածրները գնդաձև են, 1-ին և 2-րդ կարգի բազմաթիվ ցողուններով, ծաղիկներն ավելի մանր են, քան բարձր սորտերինը։ Ըստ տնտեսական օգտագործման տարբերում են կտրովի (հսկա և բարձր սորտեր, որոնք ունեն խոշոր ծաղիկներով երկար ծաղկակոթուններ), շուրջեզրային (ցածրաճ և թզուկ սորտեր, ունեն գեղեցիկ ձև, առատ և երկարատև են ծաղկում), համապիտանի (միջահաս սորտեր, ունեն հավաք թուփ և խոշոր ծաղիկներով երկար ծաղկաբույլեր) բույսեր։ Ծաղիկները սպիտակ են, դեղին, վարդագույն, կարմիր, մուգ կարմիր՝ բազմաթիվ անցումային երանգներով, երկ- և եռագույն։ Ծաղիկները խմբված են ողկուզաձև ծաղկաբույլերում։ Մեկ ծաղկի ծաղկման տևողությունը 12 օր է, ամբողջ բույսինը՝ 3-3,5 ամիս։ Կտրած վիճակում երկար է պահպանվում ջրի մեջ։ Շ. օգտագործվում է կտրած ծաղիկներ ունենալու համար,