Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աճեցվում է ճանապարհների եզրերին, ծաղկաթմբերում, զարդերիզներում, պատշգամբների ձևավորումների և այլ նպատակների համար։

Տեղի ընտրությունը և հողը. Շ. լուսասեր, ցրտադիմացկուն բույս է, դիմանում է գարնանային և աշնանային ցրտահարություններին (մինչև –5°C), բայց վեգետացիայի ընթացքում ջերմության անբավարարությունից սերմերի հասունացումն ուշանում է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ է զարգանում թեթև, բերրի, ցամաքուրդված հողերում։

Պարարտանյութերը. աշնանը հողը պետք է պարարտացնել տորֆակոմպոստով (1 մ²–ին՝ 1-2 դույլ) և սուպերֆոսֆատով (60-80 գ)։ Դրական ազդեցություն է ունենում վեգետացիայի շրջանում պարարտացնելը։ 1-ին սնուցումը կատարել բույսերի կոկոնակալման փուլում, 2-րդը՝ ծաղկման սկզբում՝ տալով ազոտ-ֆոսֆոր-կալիում (1:2:2), 1 մ²–ին՝ 50-60 գ կամ փտած գոմաղբի (1:10), թռչնաղբի (1:30) թուրմ, 8–10–ական բույսին՝ 1 դույլ։ Սածիլներ աճեցնելիս կարելի է սնուցել հանքային պարարտանյութերով (25 գ ազոտական, 10 գ ֆոսֆորական, 10 գ կալիումական), 1 մ²–ին՝ 10 լ։

Սերմերի ցանքը և տնկումը. Շ. աճեցնում են սածիլման կամ առանց սածիլման եղանակներով։ Վաղ ծաղկման համար անհրաժեշտ է աճեցնել սածիլներից։ Սերմերը պետք է ցանել մարտի առաջին կեսերին՝ նախապես ախտահանելով կալիումի պերմանգանատի վառ մոռեգույն լուծույթով և խառնելով չոր ավազ։ Սերմերի ծլման ջերմաստիճանը` 15-18 °C։ Ծիլերի առաջացումից 8-10 օր հետո վերասածիլել (2x2 սմ), մեկ ամիս հետո՝ 2-րդ անգամ սածիլել (9 սմ տրամագծով թաղարներում, յուրաքանչյուրում՝ 3-ական սերմնաբույս)։ Սածիլները գրունտում կարելի է տնկել մայիսի կեսերին։ Հսկա սորտերի սնուցման մակերեսը 15x15 սմ է, բարձր և միջինինը՝ 25x25 սմ, ցածր և թզուկ սորտերինը՝ 20x20 սմ։ Սածիլները գրունտում տնկելուց առաջ լավ ջրել։

Գրունտում ցանելու համար պետք է ընտրել խոշոր սերմեր։ Խորհուրդ է տրվում ցանել բնային եղանակով, յուրաքանչյուրում՝ 20-30 սերմ, բների հեռավորությունը՝ 20-40 սմ (կախված սորտից)։ Ծիլերն առաջանում են 2 շաբաթից հետո։ Աճմանը զուգահեռ դրանք 23 անգամ նոսրացնել՝ բնում թողնելով 25 բույս։ Կարելի է ցանել վաղ գարնանը կամ ձմեռնամուտին։

Խնամքը. հողը ժամանակին փխրեցնել, կանոնավոր կերպով մոլախոտերը քաղհանել, ջրել և պաշտպանել վնասատուներից ու հիվանդություններից։ Չոր, շոգ ամռանը առատ ջրել։ Գեղեցիկ թփի ձևավորման համար պետք է գլխավոր և 1-ին ու 2-րդ կարգի ցողունների գագաթները ժամանակին ծերատել։ Խորհուրդ է տրվում ծաղկաթափ եղած ծաղկաբույլերը հեռացնել՝ ծաղկման տևողությունը երկարացնելու համար։

Բազմացումը. Շ. կարելի է բազմացնել նաև վեգետատիվ եղանակով (կտրոններով)՝ օգտագործելով փակ շինությունում ձմեռած մայրական բույսերը։ Գարնանը դրանք աճեցնել, այնուհետև կտրել երիտասարդ կտրոնները և տեղավորել ավազի մեջ (ստվերոտ տեղում)՝ արմատակալելու։

Հիվանդությունները. Շ. ախտահարվում է սնկային հիվանդություններով՝ ֆուզարիոզով, ժանգով, սեպտորիոզով (մոխրագույն բծավորություն)։ Պայքարի միջոցները նույն են, ինչ մյուս բույսերինը։ Գալային նեմատոդը արմատների վրա գոյացնում է ուռուցքներ, առաջացնում ընդհանուր ընկճվածություն։ Բույսերը վատ են աճում, գրեթե չեն ծաղկում։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։

Վնասատուները. բույսը վնասում են բվիկների տարբեր տեսակներ, որոնց թրթուրները կրծոտում են տերևները, բողբոջները, ծաղիկները։ Թիթեռները ձվադրում են մոլախոտերի վրա, որտեղից թրթուրները սողում են դեպի մշակովի բույսերը։ Ականաճանճիկի թրթուրները տերևի վերին մակերեսի վրա ծածկող հյուսվածքի տակ ոլորուն սպիտակ անցքեր են բացում՝ վնասելով բույսին։

Պայքարի միջոցները. մոլախոտերի այրում և ոչնչացում, վնասված տերևների, ծաղիկների հեռացում։ Օգտագործել նույն պատրաստուկները, ինչ մյուս բույսերի դեպքում։ ՀՀ-ում (ջերմոցներում, տնամերձ և ծաղկաբուծական տնտեսություններում) մշակվում են խոշոր և կարճահասակ Շ-ները, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում, կտրած ծաղիկներ ունենալու համար։

ՈԼՈՌ (աճեցումը), տարբերում են Ո-ի երկու խումբ՝ կճպվող և շաքարային։ Կճպվող սորտերի ունդերը նուրբ են, քաղցր, բայց պետք է կճպել, որովհետև պտղափեղկերն ունեն կաշեկերպ (պերգամենտի) շերտ։ Շաքարային սորտերի ունդերը մսալի են, հյութալի, նուրբ և կանաչ վիճակում օգտագործվում են ուտելու համար։ Հասուն հատիկը լինում է հարթ և կնճռոտ։ ՀՀ-ում Ո. մշակում են կենտրոնական, Լոռի-Փամբակի, Շիրակի, հյուսիս-արևելյան, Զանգեզուրի, Ապարան-Հրազդանի գոտիներում, ինչպես սերմ, այնպես էլ կանաչ զանգված և ունդեր ստանալու համար։ Սերմ ստանալու համար մշակում են Վիկտորիա Մանդորֆյան, կանաչ զանգվածի համար՝ Չեռնիգովի 190 (Սևանի ավազան) սորտերը։

Ո-ի աճեցման համար ընտրում են բաց արևոտ հողամաս։ Հողի ռեակցիան պետք է լինի չեզոք։ Լավ բերք է ստացվում հողը օրգանական (0,5 դույլ՝ 1 մ²-ին) և հանքային (30-40 գ սուպերֆոսֆատ և 20-30 գ կալիումի քլորիդ) պարարտանյութերով աշնանը պարարտացնելիս։

Գարնանը ցանքից առաջ պետք է տալ ազոտական պարարտանյութեր (15-20 գ միզանյութ կամ 20-30 գ ամոնիակային բորակ՝ 1 մ²–ին)։ Ցանում են վաղ գարնանը՝ 7,5 կամ 15 սմ միջշարային տարածությամբ և 6-8 սմ խորությամբ։ Ո-ի ցողունները կառչող են, ուստի շարքերի երկարությամբ դրսի կողմից, պետք է դնել թեք հենակներ։ Ցածրաճ սորտերի համար հենակների երկարությունը 50-70 սմ, իսկ բարձրաճների համար 1,5-2 մ է։ Ունդերը միաժամանակ չեն հասունանում, ուստի հավաքում են ըստ հասունացման։ Ունդերի համար աճեցվող Ո. պահանջում է հաճախակի ջրում։ Բերքի հասունացման ժամկետը երկարացնելու համար ամռանը (հատկապես չոր եղանակին) ջրում են մի քանի անգամ։

ՈՋԼԱԽՈՏ, դլփնակ, անիծած հարս, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա և միամյա բույսերի ցեղ։ Ընդգրկում է 400 տեսակ։ ՀՀ միջին և վերին լեռնային գոտիների (Իջևան, Սևան, Լոռի, Զանգեզուր) ալպյան և մերձալպյան մարգագետիններում, քարքարոտ լեռնալանջերում աճում է Ո-ի 14 տեսակ (դեղին, պարսկական, արևելյան, Շովիցի ևն):