Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10 սմ խորությամբ) օրգանական (10 կգ բուսահող կամ կոմպոստ) և հանքային (1 մ²–ին՝ 30-50 գ ֆոսֆորական և 30 գ կալիումական, ըստ ազդող նյութի) պարարտանյութերով։ Ազոտական պարարտանյութեր կիրառել պետք չէ, քանի որ արմատապալարներում գտնվող բակտերիաներով բույսը կարող է յուրացնել մթնոլորտային օդի ազոտը և դրանով հարստացնել հողը։ Չ. պտղաբերում է տնկումից 3-4 տարի անց։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ ՀՀ ստորին և միջին լեռնային գոտիներում, 1600-1900 մ բարձրություններում (Իջևան, Ապարան, Վանաձոր, Զանգեզուր, Մեղրի), գետերի, ջրամբարների ափերին, կիրճերի լանջերին կան դժնիկանման Չ-ի բուսուտներ։ Չ. աճեցվում է ավազուտների ամրացման, էրոզացված հողերի յուրացման, կանաչ ցանկապատերի համար։ Սևանա լճի ազատված հողերում (Մարտունի, Կամո, Վարդենիս) ստեղծվել են Չ-ի խոշոր տնկարկներ, կազմակերպվել է Չ-ի հյութի և յուղի արտադրություն։

ՊԱՊԼՈՐ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա, մանրասոխուկավոր, վաղ գարնանային բույսերի ցեղ։ Որոշ տեսակներ օգտագործվում են կանաչապատման մեջ (ալպյան բլրակներում, եզրազարդերում, սիզամարգերում)։ Ողկուզանման Պ. մինչև 20 սմ բարձրության բույս է։ Ծաղիկները մանր են, փոքր ատամիկներով, տակառիկաձև, խմբված են կլորավուն, վերևում թեթևակի նեղացած ողկույզ ծաղկաբույլերում։ Վերին ծաղիկները վառ կապույտ են, ստորինները՝ կապտամանուշակագույն։ Ծաղկում է մայիսին։

Թաթանման Պ. նախորդից բարձր է, վերին ծաղիկները մուգ մանուշակագույն են, ստորինները՝ գրեթե սև։

Պ. լավ է աճում պարտեզային հողերում, արևոտ և ստվերոտ վայրերում։ Առանձնակի խնամք չի պահանջում։ Վեգետացիայի շրջանում հողը պետք է փխրեցնել, մոլախոտերը քաղհանել, ծածկել բուսահողով կամ տորֆակոմպոստով, գարնանը պարարտացնել հանքային պարարտանյութերով։

Սոխուկները կարելի է տնկել օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Խոշոր սոխուկների սնուցման մակերեսը 10x10 սմ է, տնկման խորությունը՝ 7-8 սմ։ Տնկելուց հետո հողը ծածկել բուսահողով կամ տորֆակոմպոստով։

Պ. բազմանում է սոխուկ-սոխիկներով և սերմերով։ Աճեցրած սոխիկները մեկ տարի հետո կարելի է տնկել ծաղկանոցում։ Սերմերը հավաքելուց անմիջապես հետո պետք է ցանել մարգերում։ Սերմնաբույսերը ծաղկում են 3-րդ տարում։ Բույսերը հեշտորեն բազմանում են նաև ինքնացանքով։ Միևնույն տեղում առանց վերատնկելու, Պ. աճում է 4-5 տարի։ Սոխուկները հողից պետք է հանել տերևների թառամումից հետո, չորացնել և մինչև տնկելը պահել 15-18 ջերմաստիճանում։ Պ. ախտահարվում է ժանգով, սկլերոտինոգով (կարծրացումով), խայտաբղետությունով, պենիցիսոզով, ցողունային նեմատոդով և այլ հիվանդություններով։ Վնասում են արմատային սոխային տզերը։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։

ՊԱՏՎԱՍՏ, տես Այգի հոդվածում։

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, այգեբանջարանոցային բույսերը շատ պահանջկոտ են հողի բերրիության նկատմամբ, քանի որ բերքի հետ նրանք հողից կորզում են շատ սննդանյութեր։ Դրանց պակասը լրացվում է հողը պարբերաբար հարստացնելով օրգանական և հանքային Պ-ով։

Օրգանական պարարտանյութերից են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը, կոմպոստները և այլն։

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) հիմնական օրգանական պարարտանյութն է։ Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր։ Բացի այդ, գոմաղբը զգալիորեն բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա- և ջրաթափանց։ Գոմաղբը պահում են սառը եղանակով խիտ դարսակույտերով։ Գոմաղբը փռում են 2 մ լայնության, 1,5 մ բարձրության ցանկացած երկարության դարսակույտով և լավ տոփանում։ Դարսակույտը ծածկում են տորֆի կամ հողի 20 սմ-անոց շերտով։ Գոմաղբը հասցնում են կիսափտած վիճակի և դրանով պարարտացնում այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը։ Դա արվում է աշնանը կամ գարնանը (1 մ²–ին՝ 4-6 կգ)։

Բուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ ևն) քայքայումից։ Բուսահողը մյուս Պ-ից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ (1 մ²–ին՝ 2-3 կգ)։

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Դրանում ազոտը և կալիումը լուծված վիճակում են և բույսերի համար դյուրամատչելի։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1:5 հարաբերությամբ նոսրացած գոմաղբահեղուկ։ Այն կիրառվում է նաև տորֆագոմաղբահեղուկային