Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենից լավ է Հ. տեղադրել 0,7-1,0 մ բարձրության հատուկ հենարանի (պատվանդանի) վրա։ Հ-ի էկրանը պետք է գտնվի մոտավորապես նստած հեռուստադիտողների աչքերի մակարդակի բարձրությամբ։ Հ. չպետք է դնել վառարանների, ջեռուցիչ սարքերի, խոնավ պատերի, ինչպես նաև լուսամուտների մոտ։ Խորհուրդ չի տրվում Հ. դնել լուսամատի կամ լուսավորության պայծառ աղբյուրների դիմաց։

Գունավոր Հ. չպետք է մոտիկ լինի արտաքին մագնիսական դաշտերի աղբյուրների (ջեռուցման մարտկոցներ, շենքերի մետաղական կառուցատարրեր, էլեկտրամագնիսական համակարգերով կայանքներ), որովհետև այդ դաշտերը կարող են խախտել գույնի մաքրությունը։

Ցանցի լարման փոխարկիչը և Հ-ի ապահովիչները պետք է դնել ցանցի լարմանը համապատասխան։ Հ. կանոնավոր է աշխատում, երբ ցանցի լարումն անվանական արժեքից տարբերվում է ոչ ավելի, քան +5 % և -10 %: Եթե ցանցի լարման տատանումները դուրս են գալիս այդ սահմաններից, հարկավոր է օգտագործել լարման կայունարար (տես Կայունարար լարման) կամ կարգավորիչ։ Ցանցում լարման կտրուկ փոփոխությունների և հաճախության աննշան տատանումների դեպքում (ինչը տեղի ունի կենտրոնացված էներգիական համակարգերին միացված ցանցերում) գերադասելի է լարման ավտոմատ կայունարարը։

Ընդունման լավ որակ ապահովելու համար մեծ նշանակություն ունի Հ-ի անտենան: Ամենալավ արդյունք ստացվում է արտաքին անտենաներով, որոնք թույլ են տալիս տեղակայման բավարար բարձրության դեպքում ընդունել հզոր կայանների ազդանշանները 70-80 կմ հեռավորությունից։

Կայանից 15-20 կմ հեռավորության և Հ-ի 50-200 մկՎ զգայունության դեպքում կարելի է օգտագործել սենյակի անտենա։ Այն Հ-ի մուտքի բնին միացնում են բարձրհաճախային համառանցք կաբելից պատրաստված միացնող ֆիդերով, որն ապահովում է պատկերի լավ որակ և նվազեցնում տարբեր խանգարումների մակարդակը։ Առավել արդյունավետ են 750 մ ալիքային դիմադրությամբ և ազդանշանի փոքր տեսակարար մարումով (դԲ/մ) համառանցք կաբելները։ Անտենան ֆիդերին միացվում է հատուկ սարքվածքների օգնությամբ, որոնց նկարագրությունը տրված է Հ-ի շահագործման բացատրագրում, ինչպես նաև հեռուստադիտողների համար թողարկվող գրքերում և բրոշյուրներում։

Հեռուստացույցի համալարքը։ Հ-ից օգտվելու կանոնները և միացման ու անջատման կարգը հարկավոր է ուսումնասիրել Հ-ի հետ տրվող բացատրագրով։ Խորհուրդ է տրվում Հ. համալարել հեռուստատեսային փորձաղյուսակով, որը հաղորդվում է հեռուստատեսային բոլոր կայաններով, հաղորդումներն սկսվելուց 15 րոպե առաջ և ցերեկվա ժամերին ըստ հատուկ ժամացուցակի։ Աղյուսակով Հ-ի կարգավորման եղանակը շարադրված է բացատրագրում։

Գունավոր հեռուստատեսային պատկերի համալարումն ու որակի գնահատումը կատարում են համապիտանի էլեկտրական փորձաղյուսակով, որը հաղորդվում է գունավոր պատկերների ռադիոազդանշաններ ճառագայթող ռադիոկայաններով։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պատկերի ոչ ամեն մի աղավաղում կարելի է որոշել փորձաղյուսակով ու վերացնել Հ-ի համալարքի արտաքին հանգույցներով։ Աղավաղումների որոշ տեսակներ առաջանում են անտենայի անսարքության կամ սխալ տեղակայման, ցանցի լարման զգալի փոփոխությունների պատճառով, ինչպես նաև Հ-ի կինեսկոպի, կիսահաղորդչային սարքերի և սխեմայի այլ տարրերի անսարքությունների դեպքում։

Խանգարումներ հեռուստատեսային հաղորդումների ընդունման ժամանակ։ Խանգարումները նվազեցնելու եղանակները։ Հեռուստատեսային պատկերի ընդունման որակը կախված է ոչ միայն ազդանշանի մեծությունից, այլև խանգարող ազդանշանների (խանգարումների) առկայությունից, որոնք Հ. են թափանցում ընդունող անտենայից օգտակար ազդանշանի հետ։ Խանգարումների պատճառով պատկերը կարող է ժամանակ առ ժամանակ անհետանալ, մթագնել, ծածկվել «ցանցով» և վազող կամ անշարժ գծիկներով, «ճապաղվել», «երկվանալ» ևն։ Խանգարումների աղբյուր կարող են լինել գործող ռադիոկայանները, արդյունաբերական բարձրահաճախային կայանքները, էլեկտրաեռակցման ապարատները, կենցաղային էլեկտրասարքերը (զանգ, փոշեծուծ), էլեկտրատրանսպորտը, ավտոտրանսպորտային միջոցների վառոցքի համակարգերը։

Կայծը և վառոցքը խանգարումներ են առաջացնում սովորաբար ոչ մեծ հեռավորությունից։ Դրանք վերացնելու համար բավական է անտենան հեռացնել խանգարումների աղբյուրից կամ կիրառել համառանցք կաբել։ Աշխատող ռադիո- կամ էլեկտրակայանքներից առաջացող կանոնավոր խանգարումները վերացնում են կիրառելով ուղղորդված անտենա կամ տեղադրելով հատուկ խանգարումներ ճնշող զտիչներ (դրանք պետք է ընտրի մասնագետը)։ Բազմաուրվագծության տիպի խանգարումները (ամենից հաճախ պատկերի «երկվացում» կամ «ճապաղում») սովորաբար ծագում են անտենայի անհաջող տեղակայման հետևանքով (անտենան այդ դեպքում ընդունում է ոչ միայն հեռուստակենտրոնից եկող ուղիղ, այլև մոտակայքում գտնվող բարձր շենքերից, գործարանների խողովակներից, էստակադներից, կամուրջներից անդրադարձող ազդանշանները) կամ չէկրանավորված ֆիդերի և Հ-ի մուտքի վատ համաձայնեցման դեպքում։ Սենյակի անտենա օգտագործելիս նման աղավաղումներ ավելի հաճախ են դիտվում։ Դրանք նվազեցնելու համար հարկավոր է անտենան պտտել ուղղաձիգ առանցքի շուրջը կամ դիրքը փոխել։

Չէկրանավորված ֆիդերի կիրառման պատճառով առաջացող «երկվացումը» վերացնում են սովորական հաղորդալարը փոխարինելով համառանցք կաբելով, իսկ ֆիդերի անհամաձանեցվածությունը անտենայի բնի մոտ ֆիդերին միացվող օղակով, որը բաղկացած է մոտավորապես 1-2 մ երկարությամբ երկջիղ հաղորդալարից, վերջինիս երկու ծայրերը միացվում են համապատասխանաբար ֆիդերի ջիղին