Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու հյուսապատվածքին, իսկ մյուս երկու ծայրերը իրար (կարճ միացում)։ Կարճ միացման տեղն ընտրվում է Հ-ի աշխատանքի ժամանակ փորձնական ճանապարհով, ածելու սայրի օգնությամբ, որով կտրում են հաղորդալարի մեկուսապատվածքը տարբեր տեղերում և կարճ միացնում ջղերը, կամ երկու գնդասեղ խրելով հաղորդիչի մեջ, հպում են դրանք միմյանց։

Մուգ հորիզոնական շերտերի տեսքով խանգարումները, որոնք երևան են գալիս հաղորդման ձայնի բարձրության փոփոխությանը համատակտ, պետք է վերացնեն միայն հեռուստատեսային արհեստանոցի մասնագետները։

Հեռուստացույցի նորոգումը։ Հ-ում հավաքակցված են տասնյակ էլեկտրոնային լամպեր և կիսահաղորդչային սարքեր, հարյուրավոր դիմադրատարրեր, կոնդենսատորներ, հաղորդաշղթաներ, տրանսֆորմատորներ, փոխարկիչներ, վահաններ և այլ մանրամասներ։ Ուստի միայն որակյալ մասնագետը կարող է հայտնաբերել առաջ եկած անսարքությունն ու նորոգել Հ.։ Սակայն պարզագույն անսարքությունները, որոնց պատճառը գլխավորապես առանձին էլեկտրոնային լամպերի, ապահովիչների կամ մի քանի այլ մանրամասների շարքից դուրս գալն է, կարող է վերացնել Հ-ի տերը։

Հեռուստացույցի օգտագործումը։ Խորհուրդ չի տրվում թողնել առանց հսկողության ցանցին միացված Հ., որովհետև դա հանգեցնում է լամպերի, կինեսկոպի և այլ մանրամասների չարդարացված մաշմանը և ժամանակին չնկատված անսարքության պատճառով կարող է լուրջ վնասվածք առաջ բերել։ Չի կարելի օգտվել ինքնաշեն ապահովիչներից և միացնել Հ. այն ցանցին, որի լարումը գերազանցում է անվանական լարումը 5 %-ից ավելի։ Նման դեպքերում կվնասվեն մանրամասների էլեկտրական մեկուսապատվածքը, արագ շարքից դուրս կգան կինեսկոպը և այլ բաղադրիչներ։

Հ-ի ներսի փոշին չի կարելի սրբել թաց շորով՝ դա կարող է հանգեցնել էլեկտրական մեկուսացման խախտմանը և մանրամասների վնասմանը։ Փոշին պետք է հեռացնել տարին 1-2 անգամ փոշեծուծով և փափուկ խոզանակով, փետրավելով կամ բենզինի մեջ թեթևակի, թրջած փափուկ շորով։

Պետք չէ մեծ ճիգ գործադրել համալարքի բռնակները պտտելիս, սարքին բռնակները պտտվում են թեթև ու սահուն։ Չի կարելի պտտել կոճերի միջուկներն ու կարգաբերման պտուտակները, որովհետև դա խախտում է համալարքը և շարքից հանում Հ.։

Խորհուրդ չի տրվում Հ-ից օգտվել ամպրոպի ժամանակ, արտաքին անտենան ամպրոպի ժամանակ անհրաժեշտ է հողակցել։ Հաղորդումները դիտելուց հետո հարկավոր է անջատել ոչ միայն Հ., այլև լարման կայունարարը կամ կարգավորիչը (եթե դրանք կիրառվում են)։

Հեռուստատեսային հաղորդումներն իրենց յուրօրինակ առանձնահատկությունների (ինֆորմացիայի բազմազանություն և ակներևություն, ցանկացած հեռավորության ու սահմանների «հաղթահարում», գործողության դինամիկություն և հատկապես «ներկայության» զգացում) շնորհիվ կարող են հուզական և հոգեբանական մեծ ազդեցություն ունենալ, հատկապես երեխաների ու դեռահասների վրա, որոնց օրգանիզմն ու անհատականությունը դեռևս չեն ձևավորվել։ Եթե հեռուստատեսային հաղորդումները դիտում են առանց անհրաժեշտ ընտրության կամ պարզապես մեկը մյուսի հետևից (ինչը հաճախ է լինում), առանց հաշվի առնելու ընտանիքի անդամների կազմը, նրանց տարիքը, զարգացման մակարդակը, առողջական վիճակը, ինչպես նաև ընտանիքի բնակարանային պայմանները, ապա օգուտի փոխարեն Հ. կարող է վնաս պատճառել խանգարելով մեծահասակների և երեխաների ուսմանն ու ինքնուրույն ընթերցանությանը, կրճատելով սպորտով զբաղվելու և մաքուր օդում լինելու ժամանակը, սահմանափակելով հանգիստը, ծանրաբեռնելով նյարդային համակարգը։ Հատկապես խիստ պետք է սահմանել երեխաների «հեռուստատեսային ռեժիմը»։ Բժիշկների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ հեռուստատեսային հաղորդումների ամենօրյա դիտման թույլատրելի տևողությունը նախադպրոցականների (3-6 տարեկան) համար 40 րոպե է, ցածր դպրոցական տարիքի (7-10 տարեկան) համար՝ 1 ժամ, միջին դպրոցական տարիքի (11-14 տարեկան) համար՝ 1,5 ժամ, բարձր դպրոցական տարիքի (15-16 տարեկան) համար՝ 2 ժամ, մեծահասակների համար՝ 3-3,5 ժամ։ Հ. հարկավոր է դիտել խելամտորեն՝ չխախտելով աշխատանքի ու հանգստի ճիշտ ռեժիմը և նախօրոք ընտրելով այն հաղորդումները, որոնք համապատասխանում են ընտանիքի անդամների ցանկություններին ու ճաշակին և օգտակար են նրանց։

Հեռուստահաղորդումներ դիտելիս աչքերի գերհոգնածությունը կանխելու համար հարկավոր է մշտապես հետևել, որ Հ. սարքին լինի և ճիշտ համալարված։ Հեռուստահաղորդումները հարկավոր է դիտել աթոռին կամ հարմարավետ բազկաթոռին ազատ նստած, բայց ոչ պառկած։ Էկրանի միջնամասը պետք է լինի նստած հեռուստադիտողի աչքերի մակարդակի բարձրությամբ։ Խորհուրդ է տրվում Հ-ի էկրանի առջև նստել դրանից մոտավորապես էկրանի անկյունագծի քառակի չափի հեռավորությամբ։ Հեռուստահաղորդումները հարկավոր է դիտել կիսախավարի մեջ, որովհետև լրիվ մթության դեպքում, պայծառ էկրանի և մութ ֆոնի խիստ հակադրության պատճառով աչքերն ավելի շուտ են հոգնում, իսկ պայծառ լույսի դեպքում նվազում է տեսանելի ցայտունությունը և աչքերը գերլարվում են։

ՀԵՐՁԱԲՈՒՅՍ, շքանարգիզների ընտանիքի սոխուկավոր բույս։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Ունի մուգ կանաչ, կաշեկերպ տերևներ, կարճ կոճղարմատ, մսալի արմատներ։ Ոչ բարձր ծաղկակիրը