միջին և ուշ շահագործման Ջ-ներ։ Վաղ Ջ-ները շահագործում են փետրվարի վերջից մարտի սկիզբը, միջինը՝ մարտի կեսից, ուշը՝ ապրիլի սկզբից։
Ամենապարզը միաթեք, գետնափոր, կենսաբանական ջեռուցմամբ Ջ. է (տես նկ.)։ Այն կարող է պատրաստել յուրաքանչյուր ոք։ Այդպիսի Ջ. համապատասխան շրջանակով ծածկված փոսորակ է։ Շրջանակը կիպ և կայուն տեղադրելու համար այն շրջափակում են փայտով։ Ջ-ի համար ընտրում են չոր, լավ լուսավորված, դեպի հարավ-արևելք ոչ մեծ թեքությամբ և ստորգետնյա ջրերի ցածր մակարդակով տեղ։ Կառուցվող բոլոր Ջ–ները պետք է պաշտպանված լինեն քամուց։ Ջրի համար նպատակահարմար է գործածել շրջվող, հարթ, սպիտակ ներկված լուսանդրադարձիչ էկրաններ, որոնք հնարավորություն են տալիս առավելագույն չափով օգտագործել արևի էներգիան։ Անդրադարձված լույսը բարելավում է գրունտի լուսավորությունը և բարձրացնում է մարգերի ջերմաստիճանը 1...3 °C–ով։
Ջ-ի շրջակապի համար (ըստ նրա պարագծի) ընտրում են 10-14 սմ տրամագծով, կեղևը հանված չորս գերան։ Շրջակապի հյուսիսային կողմը պետք է հարավայինից բարձր լինի (10-12 սմ)։
Հարավային կողմում նրա վրա ակոսներ են հանում շրջանակների հենման համար։ Անհրաժեշտ է որպեսզի շրջակապի վերին մասը լինի հարթ և շրջանակը կիպ նստի նրա վրա (առանց ճեղքերի)։ Փորվող փոսորակի լայնությունը վերևում պետք է լինի 150, ներքևում՝ 120 սմ։ Խորությունը նպատակահարմար է սահմանել ըստ շրջանի և բերքի ստացման սպասվող ժամանակաշրջանի (տաք շրջաններում բանջարեղենի հավաքման միջին ժամանակաշրջան ունեցող Ջ-ի համար բավարար է 50 սմ խորության փոսորակը, իսկ ավելի ցուրտ շրջաններում՝ 70 սմ)։ Ամուր գրունտներում փոսորակի պատերը կարելի է չամրացնել, իսկ փուխր և ողողափլվող գրունտներում անհրաժեշտ է ամրակալել (օրինակ, տախտակներով)։ Ջ. անձրևաջրերից պաշտպանելու համար, շուրջը ջրատար առուներ են փորում։ Ջ-ի համար ամենահարմարը 160x105 սմ չափերով շրջանակներն են. որոնք պատրաստում են 6x6 սմ չափերով չորսուներից։ Ամրությունն ապահովելու համար դրանք միացնում են փայտե գամասեղներով, այնուհետև ներկում մթնոլորտակայուն լաքով։ Ջ-ի շրջանակի ներսում սովորաբար պատրաստում են երեք միջնորմ (կամ ապակեպատման համար չորս բացվածք)։ Ջ. որպես կանոն, ապակեպատում են 2-2,5 մմ հաստության լուսամուտի ապակիով, որն ամրացնում են մածկանով կամ ճեղքակալով։ Ապակու փոխարեն կարելի է օգտագործել նաև արհեստական թաղանթ։ Անձրևաջրերի հոսքի համար ներքևի ապակեկալների վրա փոքրիկ ակոսիկներ են սղոցահանում։
Ջ-ներում որպես կենսավառելանյութ օգտագործում են ձիու կամ կովի գոմաղբը։ Նախընտրելի է ձիու գոմաղբը, քանի որ այն ավելի շատ ջերմություն է տալիս։ Գոմաղբը պետք է նախապատրաստել աշնանը։ Այն կուտակում են դարսակույտերով, չսառչելու համար բոլոր կողմերից խնամքով ծածկում ծղոտով, թեփով, տորֆով։ Գարնանը, գոմաղբը Ջ. լցնելուց առաջ տեղափոխում են ավելի փուխր դարսակույտ և տաքացնում։ Դրա համար գոմաղբի կույտի մեջ մի քանի փոսիկ են փորում և յուրաքանչյուրի մեջ լցնում մի քանի դույլ եռման ջուր, որից հետո դարսակույտը ծածկում են պարկի կտորով կամ խսիրով։ Երկու օր հետո, երբ գոմաղբը տաքանում է մինչև 50-60 °C, այն լցնում են Ջ.։ Հատակին լցնում են սառը, իսկ վերևից և կողքերից ավելի տաք գոմաղբ, որի լավ նստելուց հետո ավելացնում են գոմաղբի նոր բաժին։ Տոփանում են միայն պատերի մոտի գոմաղբը։ Տաքացված գոմաղբի վրա վերևից լցնում են բանջարանոցի կամ ճմային հող, թռչնաղբ կամ տորֆ։ Ջ. կենսավառելանյութով և հողով լցնելիս պետք է հողի և շրջանակի միջև թողնել 20 սմ-ից ոչ պակաս տարածություն։ Մեկ շրջանակի համար անհրաժեշտ է միջին հաշվով 0,2 մ3 հող։ Խորհուրդ է տրվում չգերազանցել այդ քանակաչափը, որովհետև հողի ծանրությունից գոմաղբը տոփանվում է, դժվարանում օդի հոսքը և դադարում գոմաղբի այրումը։ Նույն պատճառով հարկ չկա չափից ավելի խոնավացնել հողը։ Ջ. լցնելուց հետո հարկավոր է ծածկել շրջանակներով, իսկ դրանք՝ խսիրե կամ ծղոտե ներքնակներով։ Ջ. տաքացնելու համար կարելի է օգտագործել նաև մի քանի շերտ